Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔ

Փետրվար 27,2008 00:00

\"\"Սերժ Սարգսյանի ձիու քայլը

Նախագահական այս ընտրությունները երկրի պատմության մեջ հինգերորդն են՝ 91, 96, 98, 2003 եւ վերջապես՝ 2008: Հինգ ընտրություն, որոնցից միայն առաջինն է օրինական ճանաչվել, իսկ չորսը՝ անօրինական: Այսինքն՝ անկախության պատմության տասնյոթ տարիներից երկրում օրինական իշխանություն է եղել միայն առաջին հինգ տարիներին: Սա արդեն վիճակագրություն չէ, այլ՝ ախտանիշ: Մի ախտանիշ, որ չափազանց շատ է, որպեսզի արդարացվի եւ չափազանց քիչ, որ հավատ ընծայվի երկրի ապագայի հարցում:

Նախագահական վերջին ընտրություններից հետո լիովին պատային վիճակ է ստեղծվել. իշխանությունները գիտեն, որ նախագահի իրենց ներկայացուցիչը չի հաղթել, ընդդիմությունը գիտի, որ Լ. Տեր-Պետրոսյանը հաղթանակած թեկնածու է: Պատային վիճակ, որ ծանոթ է 1996-ից, ապա շատ ավելի խոշոր չափերով՝ 98-ից եւ 2003 թվականներից եւ հիմա:

Թվում է՝ իրավիճակների կրկնությունն ու նմանությունը պետք է, որ վերջին տասներկու տարիներին ինչ-որ լուծումներ պարտադրեր հայ քաղաքական մտքին եւ ընդդիմությանը, սակայն կարծես թե պայքարի այլ ձեւ չի գտնվում, քան հիմա է եւ այդպես էլ չգտնվեց նախորդ ընտրություններից հետո ընկած ժամանակաշրջանում: Վազգեն Մանուկյանը այլ բան չգտավ, քան Ազգային ժողովի գրոհումը, Կարեն Դեմիրճյանը կրավորական դիրք գրավեց ու մեկ տարի անց, միավորվելով Վազգեն Սարգսյանի հետ, մեծամասնություն կազմեց խորհրդարանում: Ստեփան Դեմիրճյանի պայքարը տեւեց շուրջ մեկ տարի եւ ավարտվեց ապրիլի 12-ին, ապա կատարյալ պարտություն կրեց անգամ երեք տարի անց խորհրդարանական ընտրություններում: Եվ հիմա ունենք պերմանենտ հաղթող ընդդիմություն, որ արդյունքում մշտապես պարտվում է, եւ պարբերաբար վերարտադրվող իշխանություն, որ իրականում պարտված լինելով՝ մշտապես ապօրինաբար տիրանում է իշխանությանը: Ստեղծված իրավիճակում ակամա առաջ է գալիս բոլոր հեղափոխություններից հայտնի հռչակավոր «ինչ անել» հարցը: Ընդ որում, հարցը հրատապ լուծում է պահանջում ինչպես իշխանություններից, այնպես էլ ընդդիմությունից, քանի որ դրա առկախումը կարող է կաթվածի հասցնել երկուսին էլ: Ի՞նչ ելքեր են հնարավոր ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:

Առաջին տարբերակ. երկու կողմերը (նկատի ունեմ Լ. Տեր-Պետրոսյանին եւ Սերժ Սարգսյանին եւ ոչ երբեք՝ Քոչարյանին) բանակցում են մի շարք հարցերի շուրջ եւ առաջին հերթին՝ քվեների վերահաշվարկման արդյունքում նրանք համաձայնում են կա՛մ կրկնական ընտրություններ անցկացնել, կա՛մ, որ ավելի ցանկալի է՝ երկրորդ փուլի ընտրությունները անխուսափելի են: Բանակցությունների անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով եւ առաջին հերթին այն պատճառաբանությամբ, որ ձգձգվող հակամարտությունը ձեռնտու չէ ոչ Սերժ Սարգսյանին, ոչ էլ ընդդիմությանը, այլ մի երրորդ կողմի՝ հանձին Քոչարյանի, որովհետեւ Սահմանադրությամբ վերապահված իրավունքով նա կարող է երկարաձգել իր նախագահությունը եւ պահպանել իշխանությունը այնքան ժամանակ, որքան հնարավոր է: Այս տարբերակը դեռ հնարավոր եմ համարում, քանի դեռ Քոչարյանը չի ստանձնել դատավորի դեր եւ խնդրի լուծումը իրեն ձեռնտու հունով չի տարել, եւ կողմերը դեռեւս իրար այնքան չեն վարկաբեկել, որ շահի երրորդը: Մոսկվայից գալուց հետո Քոչարյանը հաստատ այդպիսի ստրուկտաժ ստացել է: Դա են ցույց տալիս ուժային նախարարությունների ղեկավարության հետ նրա վերջին խորհրդակցությունները:

Երկրորդ տարբերակ. կողմերը համաձայնության չեն գալիս: Այս պարագայում բախումն անխուսափելի է դառնում, քանի որ այդպիսի իրավիճակը տեւական լինել չի կարող եւ մեկնումեկի ջղերը տեղի կտան, իսկ նման դեպքում սադրանքներ կազմակերպելը ընդամենը տեխնիկայի հարց է: Չմոռանանք նաեւ, որ այս տարբերակը Գեղամյանի մարգարեական բերանով նախապատրաստվում է դեռեւս անցյալ սեպտեմբերից, իսկ վայ այն պետությանն ու ժողովրդին, որի մարգարեն Գեղամյանն է: Եթե դա տեղի ունենա, դարձյալ կողմերից ոչ մեկը չի շահելու: Սերժ Սարգսյանը այն պատճառով, որ իր նախագահությամբ հավերժ պարտական է մնալու Քոչարյանին, այսինքն՝ մնալու է նրա պատանդը, իսկ ընդդիմությունը վերջնական արդյունքում չի շահելու, որովհետեւ չի հասնելու իր գերագույն նպատակին՝ թույլ տալով, որ իշխանությունը վերարտադրվի վատթարագույն տարբերակով, քանի որ ստվերային իշխանության ղեկը մնալու է Քոչարյանին: Այս տարբերակը ստեղծված իրավիճակում ամենահավանականն է, եթե կողմերը չփորձեն լեզու գտնել իրար հետ առանց երրորդ կողմի միջնորդության:

Երրորդ տարբերակ. առաջին հայացքից սա ամենաանհավանականն է թվում: Ես այն համարում եմ ձիու քայլ, որ այս իրավիճակում կարող է անել միմիայն Սերժ Սարգսյանը: Կողմերի համաձայնությամբ կրկնական կամ երկրորդ փուլ են անցկացնում, մի գերագույն պայմանով՝ դրանք պետք է լինեն իսկապես արդար եւ թափանցիկ: Նման պայմանավորվածությամբ, բնականաբար, հաղթում է Լ. Տեր-Պետրոսյանը, սակայն վերջինիս առաջարկությամբ Սերժ Սարգսյանը նոր կառավարություն է ձեւավորում, եւ Քոչարյանը այլեւս հանրապետությունում անելիք չի ունենա: Արդյունքում ունենալու ենք ուժեղ նախագահ եւ ուժեղ վարչապետ, ամենակարեւորը՝ օրինական իշխանություն, հետեւաբար՝ ուժեղ պետություն: Այսինքն՝ պայքարը իսկապես իմաստ է ձեռք բերում, որովհետեւ այն մղվում է հանուն պետության եւ ոչ հանուն իշխանության՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով. նախ՝ քաղաքական դաշտը վերջին իրադարձություններից հետո բավական զուլալվել է եւ լուսանցքում հայտնված կուսակցությունները նույնպես այսուհետեւ անելիք չեն ունենա կամ համախմբման դեպքում կարող են լուրջ ընդդիմություն դառնալ: Երկրորդ, եւ Լ. Տեր-Պետրոսյանը, եւ Սերժ Սարգսյանը պարտավորվածություն չեն ունենալու քաղաքական այն ուժերի առջեւ, որոնք մինչ այդ սատարել են նրանց, ուստի շատ ավելի ազատ կլինեն եւ կառավարություն ձեւավորելու, եւ արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմագրավելու խնդրում, երրորդ, ավգյան ախոռները իսկապես մաքրելու հնարավորություն կստանան, որպեսզի ետկոմունիստական ավանդական թրիքից ազատվելուց հետո, նորից այն չլցվի գուցե թե ոչ ավանդական, սակայն շատ ավելի վտանգավոր՝ պերմանենտ հեղաշրջումների թրիքով:

Երրորդ տարբերակը ավելի քան ռոմանտիկ է թվում, սակայն կարծում եմ, որ եւ Լ. Տեր-Պետրոսյանի, եւ Սերժ Սարգսյանի փորձով ամրապնդված քաղաքական իրատեսության որակները կբավարարեն, որպեսզի անհավանական թվացող այս համաձայնությունը իրագործելի լինի եւ երջանկահիշատակ Տիգրան Հայրապետյանի նման, Մուրացանի հանգույն ստիպված չլինենք իրադարձությունների անկանխատեսելի զարգացման դեպքում, բացականչել. «Բա՞ Չիբուխլուն, բա՞ Սեւանը…»: Մեկ անգամ փորձենք պետական մտածողություն եւ ողջախոհություն ցուցաբերել, որպեսզի չիրագործվեն այն սցենարները, որ այս պահին, չեմ կասկածում, թխվում են մեր բարեկամ ու թշնամի երկրների խոհանոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել