Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ տվել են՝ էն էլ բռնել ենք»

Փետրվար 27,2008 00:00

\"\"Սերժ Սարգսյանին սատարողների ցույցը մարզերի բնակիչների համար հիանալի առիթ էր՝ մայրաքաղաքից առեւտուր անելու:

Չբավարարվելով հանրապետության մարզերում կազմակերպված «մինի» ցույցերով՝ վարչապետ Սերժ Սարգսյանի թիմակիցները երեկ մայրաքաղաքի Հանրապետության հրապարակ էին եկել՝ «լեւոնականներին» ցույց տալու, որ իրենք էլ պակաս ակտիվ չեն: «Սերժական» ակտիվիստները ժամանակ առ ժամանակ գոռում էին, թե՝ «Լեւոնը եկել է մեր շեն երկիրն ավերելու, նա մասոն է, ղեկավարվում է իր հրեա կնոջ ցուցմունքներով, ադրբեջանցիների հետ էլ պայմանավորվել է, որ Հայաստանը մասնատի, քարուքանդ անի: Մենք եկել ենք մեր ձայնին տեր կանգնելու»:

Այն, որ հրապարակում կազմակերպ վածն իսկական շոու էր, պարզ դարձավ մի քանի հանգամանքից: Նախ, ցույցի մասնակիցներից շատերը, մասնավորապես՝ հեռավոր շրջաններից «բերման ենթարկվածները», ավտոբուսներից իջնելով, անգամ հրապարակ չէին մտնում, ուղիղ գնում էին Ֆիրդուսի ու «Ռոսիա» տոնավաճառները՝ առեւտուր անելու: Տիգրան Մեծի փողոցում տեղակայված մի քանի խանութների մոտ նույնիսկ հերթեր էին գոյացել, որովհետեւ շատերի համար ցույցը պատրվակ էր՝ մայրաքաղաք ձրի հայտնվելու եւ ձեռքի հետ էլ իրենց կարիքները հոգալու համար:

Բացի այդ, հրապարակում հավաքվածների ձեռքին անխտիր բոլոր մարզերի ներկայացուցիչների գոյության մասին վկայող պլակատներ կային: Սակայն, երբ մոտեցանք «Գեղարքունիք» պլակատի ներքո հավաքվածներին, պարզվեց՝ նրանք բոլորն էլ երեւանցիներ են: Թե ինչու էին նրանք գեղարքունիքցիների անվան տակ հանդես գալիս, իրենց մեկնաբանությամբ՝ «ինչ տվել են՝ էն էլ բռնել ենք»:

Տավուշի Վերին Կարմիր աղբյուր գյուղի ներկայացուցիչները եկել էին մայրաքաղաք՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին «խորհուրդ տալու», որ ընդունի իր պարտությունը: Նրանց խոսքերով՝ «արտագաղթի, մութ ու ցուրտ տարիների մեղավորը հենց Լեւոնն է: Մենք շալակով փայտ էինք բերում, որ մեր երեխեքին պահեինք: Շամշադինը նախկինում Շվեյցարիա էր, բայց Լեւոնը անապատ սարքեց: Էնքան փայտ կտրեցինք, որ էսօր սաղ Շամշադինում մի հատ ծառ չկա»: Մեր այն դիտարկմանը, որ վերջին տարիներին Սերժ Սարգսյանը հնարավորություն ուներ Շամշադինի՝ Շվեյցարիայի համբավը վերականգնելու, վերինկարմիրաղբյուրցիները վստահեցրին, որ Ս. Սարգսյանին դա համարյա հաջողվում էր ու եթե նրան հանգիստ թողնեն՝ շուտով Շամշադինը կծաղկի:

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի վարչապետության օրոք ծաղկել է նաեւ Վայոց ձորի մարզը: Չնայած այդ մարզի բնակիչներից միայն մեր խմբագրությունը գազի, ջրի եւ տարրական կենցաղային խնդիրների հետ կապված բազմաթիվ բողոքներ է ստանում, բայց երեկ այդ մարզի ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ իրենք ոչ մի բանի կարիք չունեն, «բոլոր պրոբլեմները Սերժը լուծել է»: Ի պատասխան մեր հարցին՝ ճի՞շտ է, որ ընտրություններից առաջ մարզում Սերժ Սարգսյանի օգտին 1 ձայնի համար 5000 դրամ են բաժանել՝ Վայոց ձորի ազատամարտիկների վետերանների միության անդամ Ալեքսան Ավագյանը պատասխանեց. «Մենք փողի մեջ լողում ենք, 5000 դրամի կարիք չունենք: Իսկ ցույցի եկել ենք՝ Լեւոնին ասելու, որ շատ չոգեւորվի, իր կատարած հանցանքների համար նա դեռ կպատժվի»:

Ըստ ազատամարտիկ Մանվել Հարությունյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը մեր երկիրը լաբորատորիա է սարքել. «Մարդկանց վրա փորձաքննություն է անցկացնում, արդյունք կստանա՝ լավ, եթե չէ՝ էլի մի 10 տարով կանհետանա: Եթե ինքն էդքան ազգասեր ա, խի՞ ա իրա տղեն Ամերիկայում: Որովհետեւ ինքը գիտի էս երկրի գլխին ինչ օյին ա բերելու, դրա համար էլ տղուն փախցրել ա Ամերիկա: Նրանք, ովքեր էսօր Լեւոնի կողքին են ու ազատամարտիկների անունից են խոսում, սուտ մարտիկներ են, Աստված գիտի, թե նրանք որտեղ են կռվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել