Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՍԿԱԾԵԼԸ ՄԻ ԲԱՆ Է, ԱՊԱՑՈՒՑԵԼԸ՝ ՄԵԿ ԱՅԼ

Փետրվար 27,2008 00:00

\"\"ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը պնդում է, որ իրենից ավելի շատ ձայներ ստացած 3 թեկնածուները բաժանել են ընտրակաշառք:

Երեկ ԱԺ-ում հրավիրված ասուլիսում պարզաբանելով, թե ինչու իրենք չվիճարկեցին նախագահական ընտրությունների արդյունքները՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը սա պայմանավորեց ընտրական համակարգի բացթողումներով. «Ընտրակեղծիքները կանխելը, լիարժեք վերահսկելը, այնուհետեւ նաեւ քվեների համապատասխանությունն ընտրողների կամքին ապահովելը՝ այս մասով քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հնարավորությունները խիստ սահմանափակ են: Որեւէ քաղաքական ուժ էլ չունի այդ հնարավորությունը»: Որպես դրա մի միջոց նշեց ընտրողների մատյանները ստուգելը: Իսկ նման հնարավորության բացակայության պայմաններում հրաժարվեց որեւէ կերպ գնահատել իրականացված խախտումների ծավալը՝ նշելով. «Կասկածելը մի բան է, ապացուցելը, որ ընտրությունները չեն կայացել, արդյունքների վրա եղած կեղծիքներն էապես են ազդել… այ, այստեղ է հարցը, որ պիտի կարողանաս չափուձեւն անելու հնարավոր միջոցներին տիրապետես, եւ գնահատականդ լինի իրավական առումով անխոցելի»:

Արմեն Ռուստամյանը պնդեց, թե կոալիցիայի հետ ՀՅԴ համաձայնագիրն այժմ գործում է եւ ավարտվելու է գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի լրանալուց հետո: Ըստ այդմ՝ համաձայնագիրը կարող է գործել մինչեւ ապրիլի 9-ը, եւ ՀՅԴ նախարարներն էլ մինչ այդ կարող էին շարունակել պաշտոնավարել: Սակայն ըստ պրն Ռուստամյանի՝ «Նախընտրական ընթացքում մեր հարաբերությունները կոալիցիոն գործընկերների հետ ավելի շատ եւ առավելապես կրել են մրցակցային, քան համագործակցության բնույթ: Բնականաբար, մենք շատ լուրջ խնդիրներ, նաեւ տարաձայնություններ ենք այդ ընթացքում ունեցել: Եվ քաղաքական էթիկան ինքնին պահանջում է, որ մենք այս քայլը կատարենք: Բնականաբար, մենք հիմա սպասելու ենք կոալիցիայի արձագանքին»:

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նշեց, թե որոշ վերլուծություններում իր ստացած ձայները պայմանավորել են նրանով, որ քիչ է քննադատել Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ այլ վերլուծություններում էլ, թե շատ է քննադատել: Սակայն ըստ նրա՝ այս ամենը ոչ մի նշանակություն չի ունեցել, եւ ընդհանրապես՝ ոչ մի տրամաբանական սխեմա չի գործում այնտեղ, որտեղ փողն է գործում: Վահան Հովհաննիսյանի պնդմամբ՝ ընտրակաշառք բաժանվել է համատարած. «Եվ բոլորն են աչքի ընկել դրանով՝ առնվազն 3 թեկնածուներ»: Հետո պարզաբանեց, թե նկատի ունի առաջին երեք տեղերում հայտնված թեկնածուներին: «Առավոտի» հարցին՝ հարկ եղած դեպքում կարո՞ղ է փաստերով հիմնավորել իր պնդումը, թե Սերժ Սարգսյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Արթուր Բաղդասարյանն իրոք ընտրակաշառք են բաժանել՝ Վահան Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ վերեւից տրվում է հրաման՝ հաղթել ամեն գնով, այլեւս վերեւից վերահսկել, թե ով այդ ամեն գնի տակ ի՞նչ հասկացավ՝ շատ դժվար է: Մենք մեր դիտարկումներից գիտենք ընտրակաշառքների մասին, գիտենք նաեւ ով՝ ում համար: Եղել են նաեւ շատ հետաքրքիր, խորամանկ առեւտրի դրվագներ: Մենք գիտենք, որ դրանք եղել են, բայց դատարանում ապացուցել չենք կարող: Քանի որ, որպես կանոն, ընտրակաշառք վերցնողն ինքն իր դեմ ցուցմունք չի տալիս»:

Վահան Հովհաննիսյանը նաեւ ասաց. «Ես հպարտանում եմ այն հարյուր հազար քաղաքացիներով, որ ինձ են ձայն տվել, որովհետեւ նրանք մի կողմից հարբած չեն պարում հրապարակներում՝ էդ տեսակը չեն, մյուս կողմից էլ՝ թեկնածուներից մեկի տան մոտ գերեզմանների ծաղկեպսակներ չեն տանում ու հիստերիա դնում: Չէ, իմոնք ինձ ակնհայտորեն դուր են գալիս՝ կարգին մարդիկ են»: Նա անգամ չհամաձայնեց, թե ինքը պարտվել է. «Նույնիսկ հնուց եկած՝ ասպետական կոդեքսների մեջ արձանագրված է, որ պարտություն կարող է տեղի ունենալ արդար մարտի մեջ: Անարդար մարտի մեջ պարտություն չկա՛, քանի որ հաղթանակ էլ չկա»:

Հ. Գ. ՀՅԴ ղեկավարները հայտնեցին, թե այս ընթացքում արդեն իսկ կարող էր արյուն թափված լինել, սակայն իրենք միջոցներ են ձեռնարկել՝ կանխելու: «Կգա օրը՝ կասենք»,- խոստացավ Արմեն Ռուստամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել