Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հետախուզվում է

Փետրվար 27,2008 00:00

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանը հետախուզման մեջ է՝ չնայած նա ոչ մի տեղ չի փախել

Նախորդ օրը դատախազության մի խումբ աշխատակիցներ խուզարկել էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, այժմ Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած Սամվել Գեւորգյանի բնակարանը: «Առավոտի» հետ զրույցում Սամվել Գեւորգյանն այդ ամենը «կապիկություն» որակեց. «Խուճապը նրանց մղում է ամենահիմար գործողությունների: Խուզարկության երկու ձեւ կա՝ վնաս տալու համար եւ իրական խուզարկություն: Իմ բնակարանը խուզարկել էին վնաս տալու համար եւ առգրավել էին համակարգիչը: Այդ բոլորը ծիծաղելի է»: Պարոն Գեւորգյանը պատմում է, որ իրեն նախագահական ընտրություններից մի քանի օր հետո տեղեկացրել են իր նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին: Նրան մեղադրել են խուլիգանության մեջ՝ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում տեղակայված տեղամասային հանձնաժողովի աշխատանքներին խանգարելու համար: Այնինչ, պարոն Գեւորգյանի պատմելով, տեղամասում գյուղի բնակիչների կողմից ծեծի է ենթարկվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձը: Գյուղապետը՝ Սիրականյան ազգանվամբ, կարողացել է մարդկանց ապակողմնորոշել եւ Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչների դեմ տրամադրել: «Տեղամասը մի փոքր սենյակ էր, լցված էր 30-ից ավելի մարդկանցով, եւ իրենց համար կերուխում էին կազմակերպել: Անհասկանալի էր՝ քվեարկո՞ւմ էին, քանի՞ հոգով… խրախճանքի տպավորություն թողեց, որովհետեւ մեծ մասը հարբած էր, սենյակում էլ արկղերով օղիներ էին դրված: Այդ ամբողջ բազմությունը հարձակվեց մեր վստահված անձանց վրա: Մեզ հետ չորս կանայք էին, գյուղի անունը այս պահին չեմ հիշում, բայց մտանք այդտեղ, որպեսզի մեր երկրորդ վստահված անձին ներկայացնենք եւ գնանք Մարտունի: Կանանցից մեկի ականջօղն էին պոկել եւ բոլորին էլ մի ինչ-որ վնասվածք հասցրել էին, մեքենաներն էին հրելով տեղաշարժել… Մեր ընկերներից մեկի ձեռքից տեսախցիկը գողացան. նա փորձել էր ծեծը նկարել: Ես անմիջապես զանգահարեցի մարզային ոստիկանության վարչության պետին՝ Վարդանյանին, տեղեկացրեցի, որ հանցագործություն եւ այլանդակություն է կատարվում, խնդրեցի մարդ ուղարկել: Գյուղից դուրս բավականին ժամանակ սպասեցինք՝ մարդ չուղարկեցին: Հետո ստիպված՝ այդ տեղամասում մնացած մեր վստահված անձին ետ կանչեցինք, որովհետեւ նրան բառիս բուն իմաստով բանտարկել էին՝ տարել էին ուրիշ սենյակում փակել՝ ոստիկանի հսկողության տակ: Գյուղապետը հայտարարեց՝ սա իմ գյուղն է, ես այստեղ ինչ ուզենամ, այն էլ կանեմ, ում ուզեմ՝ կընտրեմ, ոնց ուզեմ՝ կընտրեմ»,- պատմում է Սամվել Գեւորգյանը:

Հետաքրքիրն այն է, որ այս պատմությունից հետո Սամվել Գեւորգյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել, եւ, փաստորեն, այս ողջ ընթացքում նա հետախուզման մեջ էր: Իր բնակարանի խուզարկության օրն էլ, երբ նա Ազատության հրապարակում հացադուլի էր նստած՝ դատախազությունը նրան իր բնակարանում էր փնտրում:

Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների այս մասսայական ձերբակալությունների առիթով էլ մեր զրուցակիցն ասում է. «Դա լուրջ մարդկանց գործելակերպ չէ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել