Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Փետրվար 27,2008 00:00

Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ փետրվարի 19-ին կայացած ազատ, մրցակցային եւ մասնակցային աննախադեպ ակտիվ նախագահական ընտրությունների կապակցությամբ, որտեղ ընտրողների ազատ կամարտահայտման արդյունքում ընտրությունների առաջին փուլում ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

ՄԻԱԿ-ը ողջունում է ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հարցում արձանագրված էական առաջընթացը, ինչի մասին վկայում է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների նախնական եզրակացությունը: Ընտրական համակարգի հետայսու բարելավումը համարելով առանցքային Հայաստանի հետագա ժողովրդավարացման գործընթացներում՝ ՄԻԱԿ-ը կիսում է արձանագրված բացերը շտկելուն ուղղված հետագա քայլերի անհրաժեշտությունը, ինչպես նաեւ՝ գրանցված խախտումների հեղինակներին օրենքի ողջ ուժով պատասխանատվության ենթարկելու քաղաքական կարեւորությունը:

Շնորհավորելով Սերժ Սարգսյանին ՀՀ բարձրագույն պետական պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ ՄԻԱԿ-ը համոզված է, որ հանրային լայն վստահությունը, լեգիտիմության բարձր աստիճանը եւ նկատելի քաղաքական կամքը բավարար նախապայման են Հայաստանը տանելու համարձակ բարեփոխումների ճանապարհով՝ արդյունավետորեն դիմագրավելու ներքին եւ արտաքին բոլոր մարտահրավերները՝ գործողությունների կենտրոնում ունենալով ՀՀ քաղաքացու բարեկեցությունը եւ նրա անվտանգությունը: Մենք ողջունում ենք իր աջակիցների հրավիրած հանրահավաքում ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի համագործակցության կոչը եւ պատրաստակամությունը՝ ներգրավելու բոլոր առողջ քաղաքական ուժերին ու հասարակական միավորումներին երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում՝ հանուն Հայաստանի առաջընթացի:

Ընտրություններում կրած պարտությունը ընդունելու քաղաքական կամքի բացակայությունը, հանդուրժողականության եւ այլակարծության մերժումը, քարոզվող ատելությունը եւ թշնամությունը, քաղաքական նեղ շահերից ելնելով հասարակությունը երկփեղկելու եւ երկրի կայունությունը խաթարելուն ուղղված արհեստական քայլերը իրական մարտահրավեր են հայաստանյան փխրուն ժողովրդավարությանը: Ժողովրդավարությունը Հայաստանում այլընտրանք չունի: ՄԻԱԿ-ը, որպես ապագայի քաղաքական ուժ, վստահ է, որ հասարակության եւ քաղաքական ուժերի ջանքերով պատվով կհաղթահարենք ժողովրդավարությանը նետված այս լուրջ մարտահրավերը, եւ կոչ է անում քաղաքական ու հասարակական բոլոր դերակատարներին, մեր քաղաքացիներին՝ առաջնորդվել հետընտրական բեւեռացումը կանխելու, ներքին լարվածությունը մեղմելու եւ հասարակական համերաշխությունը վերականգնելու հրամայականով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել