«Հայաստանի նախագահական ընտրությունները դրական քայլ են գործուն ժողովրդավարության ճանապարհին»: Այս մասին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ երեկ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվան:
Նրա խոսքերով, չնայած ընտրություններն այդքան էլ հարթ չեն ընթացել, դա դեռ չի նշանակում, թե այն վատ է կազմակերպվել: «Նույնիսկ եթե Հայաստանում կայացած ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին, շատ լավ է, որ Հայաստանի իշխանությունները թույլատրել են միջազգային կառույցներին մասնակցել եւ դիտարկել ընտրություններն ու ստանալ որոշ քննադատական գնահատականներ՝ դիտարկումը մերժելու փոխարեն: Ուրախ եմ, որ Հայաստանի իշխանություններն այդպես վարվեցին»,- ասաց Կաներվան: Նա նշեց, թե ինքը տեղյակ է, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից ապրիլի կեսերին հրապարակվելիք վերջնական զեկույցն այնքան էլ մաքուր չի լինելու, «բայց նույնիսկ եթե զեկույցը մաքուր չլինի, դա չի նշանակում, որ ամեն ինչ ձախողված է»: Իլլկա Կաներվայի կարծիքով, «այս ընտրությունները, ամեն դեպքում, դրական քայլ էին դեպի իրական ժողովրդավարություն»:
Անդրադառնալով ԼՂ խնդրին՝ ԵԱՀԿ գործող նախագահը նշեց. «Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակմանը: Ես միանգամայն վստահ եմ, որ խաղաղ գործընթացն առաջ կգնա: Որպես ԵԱՀԿ գործող նախագահ, համարում եմ, որ բանակցությունների առաջխաղացման եւ հաջողության հասնելու համար շատ կարեւոր է փոխադարձ համագործակցությունը»:
Նշենք, որ չնայած այս խնդրում Կաներվայի լավատեսությանը, երեկ հայտնի դարձավ Ադրբեջանի կողմից ԼՂ հարցի կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափից դուրս բերմանն ուղղված հերթական քայլի մասին: Պաշտոնական Բաքուն նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային է ներկայացրել «Ադրբեջանի օկուպացված տարածքների վիճակի մասին» բանաձեւի նոր նախագիծ: Դրանում, մասնավորապես, նշված է. «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում եւ դրա շուրջ զինված հակամարտությունը շարունակում է վտանգ ներկայացնել միջազգային խաղաղության եւ անվտանգության համար»: Ըստ ԻՏԱՌ֊ՏԱՍՍ-ի՝ փաստաթղթում շեշտվում է «Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, լիակատար եւ անվերապահ դուրսբերման» անհրաժեշտությունը: Նախագիծը հաստատում է նաեւ տեղահանված ադրբեջանցիների վերադարձի «անքակտելի իրավունքը»: «Գլխավոր ասամբլեան կրկին հայտարարում է, որ ոչ մի պետություն չպետք է օրինական ճանաչի տարածքների օկուպացման հետեւանքով ստեղծված իրադրությունը եւ չպետք է նպաստի այդ իրավիճակի պահպանմանը»,- նշված է Ադրբեջանի ներկայացրած նախագծում: