Հացադուլավոր Սարգիս Ավետյանը բողոքի այս ձեւն ընտրեց
Չնայած երեկ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանը հացադուլավորներին կոչ արեց դադարեցնել հացադուլը, «Առավոտի» հետ զրույցում Հատուկ գնդի վետերանների միության անդամ, երեւանցի Գրիգոր Եղոյանն ասաց, որ ինքը հացադուլը կդադարեցնի մեկ դեպքում՝ «երբ ասեն՝ արի Լեւոնին մեր ձեռքերի վրա տանենք նախագահական նստավայր»: Մասիսցի Դավիթ Աղայանը վրդովված է՝ «Հանրային կոչվող «Հ1»-ի պահվածքից: Աշխարհը պիտի իմանա, որ Հայաստանում մարդիկ պատրաստ են սովից մեռնել՝ հանուն արդարության: Դա ընտրություն չի եղել»: Ի դեպ, մարդիկ հացադուլի են նստած արդեն մի քանի օր, սակայն ՀՀ առողջապահության նախարարությունից որեւէ պաշտոնյա չի այցելել նրանց, բժշկական հսկողություն էլ, բնականաբար, չի առաջարկվել: Կամավոր բժշկուհիները՝ Լաուրան, Անահիտ Հակոբյանը, Բժշկական համալսարանի կամավոր ուսանողների օգնությամբ, կազմակերպում են հացադուլավորների բժշկական հսկողությունը: Հացադուլավորների միակ ակնկալիքը՝ «Որ երկրում ազատություն լինի, որ իմ երեխաները ազատ մեծանան: Ովքեր քծնանքով են ամբողջ կյանքում մի բանի տեր դարձել, միայն նրանք կարող են այդպես մտածել: Մենք այդպիսին չենք. թող Տեր-Պետրոսյանը դառնա նախագահ՝ եկեք տեսեք, թե ով՝ որտեղ է աշխատում»,- ասում է Գրիգոր Եղոյանը:
75-ամյա Վարդումյան Կարպիսն էլ ասում է. «Անամոթ մարդիկ, որ խաբեությամբ իրենց գործն առաջ են տանում, պիտի հեռանան Հայաստանից»: Վանաձորցի Սարգիս Ավետյանը չնայած ասելիք շատ ուներ՝ հնարավորություն չուներ: Նա երեկ կարել էր բերանը: Ընկերները պատմում էին, որ բողոքի նման ձեւն ընդունված է գաղութներում՝ ընդդեմ դաժանությունների: Այս կերպ բերանը կապած հացադուլավորը համեմատականներ էր անցկացնում գաղութի եւ առօրյա կյանքում: Էջմիածինցի Արտյոմ Մարտիրոսյանը պահանջում է ազատ արձակել ձերբակալվածներին եւ հայ ժողովրդին կոչ է անում՝ «Հայլուր» չնայեք, եկեք այստեղ ու կիմանաք ճշմարտությունը: Եկեք եւ պաշտպանեք ձեր իրավունքները: Հանրային հեռուստատեսությունը մեր գրպանից է սնվում, բայց մեր շահի կողմը չէ: Ալեքսան Հարությունյանը մեր ժողովրդի ամենամեծ դավաճանն է: Ժողովուրդը պիտի հասկանա, որ այլեւս չի կարելի ճորտի պես ապրել: Ովքեր համարում են, որ իրենք տղամարդ են՝ թող գան Ազատության հրապարակ: Սա մեր երկիրն է, մենք պատրաստ ենք մեր երկրի համար մեռնելու՝ ի հիշատակ ղարաբաղյան կռվում նահատակված տղաների, ովքեր կյանքը դրեցին ազատության ու անկախության համար: Այսօր դա պիտի լիարժեք ապահովենք: Այս հրապարակից սկսվեց հանուն անկախության շարժումը, այստեղ էլ պիտի հաստատվի ազատությունը: Հայ ազգի ուժը միասնության մեջ է, միանանք եւ պայքարենք՝ մինչեւ վերջ»:
Հ. Գ. Երեկ, ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ հացադուլավորները, այնուամենայնիվ, ընդառաջ են գնացել առաջին նախագահի խնդրանքին եւ դադարեցրել են հացադուլը: