Լրահոս
Օրվա լրահոսը

Բանտարկվեց հանուն Լեւոնի՞

Փետրվար 26,2008 00:00

Փետրվարի 19-ի «քաղաքակիրթ» նախագահական ընտրություններից ՀՀՇ-ական Հարություն Ուռությանին բաժին հասավ Ախուրյանի բանտախուցը, իսկ ՀՀԿ-ին սատարող Սուրեն Ավետիսյանին՝ Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցը:

ՀՀՇ – ՀՀԿ բախումը տեղի էր ունեցել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ուր, ըստ պաշտոնական տեղեկատվության, նախագահական ընտրությունների օրը, ժամը 14.00-ին, թիվ 36/34 ընտրատեղամասի մոտ հավաքված բազմության ներկայությամբ, Լեւոն Տեր- Պետրոսյանի Անիի տարածքային նախընտրական շտաբի պետ Հարություն Ուռությանը ծեծել եւ մարմնական վնասվածքներ էր պատճառել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձ Սուրեն Ավետիսյանին եւ խոչընդոտել վերջինիս լիազորությունների իրականացմանը: Փաստի առիթով հարուցվել էր քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Ուռությանը ձերբակալվել էր: Սակայն Լեւոն Տեր- Պետրոսյանի համախոհների պնդելով, մեղադրանքը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը եւ սա պարզապես «իրենց վստահված անձանց աչքը վախեցնելու, նրանց վրա ճնշում գործադրելու ու գլխներին գործ սարքելու» հերթական փորձեր են: Ինչպես մեզ ներկայացրեց «Ժառանգության» կողմից նույն ընտրատեղամասում աշխատած հանձնաժողովի անդամ Արտյոմ Սիմոնյանը, տուժողը՝ Շիրակի մարզպետարանի աշխատակից Սուրեն Ավետիսյանը, իրենց ընտրատեղամաս ներկայացել է ոչ թե որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ, այլ լրացուցիչ ցուցակում ընդգրկված քվեարկող, որը եւ այդ պահին գտնվել է Մարալիկում քվեարկությանը մասնակցելու համար. «Մեր լրացուցիչ ցուցակների մեջ կար 27 գյումրեցի, որոնցից 9-ը եկել են միաժամանակ, խմբով ու այնպիսի մարդիկ, որոնք մինչ այդ պահը Մարալիկի տեղն անգամ չգիտեին քարտեզի վրա: Նրանց մեջ էին նաեւ մի քանի պճնված կանայք, չորսին ես տեսել եմ Շիրակի մարզպետարանում, այնտեղի աշխատողներ են: Ու թեեւ տեղամասային հանձնաժողովը պարտավոր էր նրանց ձեռքից տեղեկանքները վերցնել, այսինքն՝ դրանք թույլտվություն էին այն մասին, որ իրենք իրավունք ունեն Մարալիկում քվեարկելու, սակայն մեր հանձնաժողովի նախագահ Ավետիք Նազարյանը այդքան էլ կարեւորություն չտվեց՝ պատճառաբանելով, որ Արթիկից ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը զանգահարել է ու զգուշացրել, որ դրանք չվերցնեն: Կոնկրետ տուժողի անձնագիրը ես անձամբ ստուգել եմ, գյումրեցիներից վերջինը ինքն է քվեարկել ու դուրս եկել տեղամասից: Ու դրսում Ուռությանը փորձել է ստուգել՝ նրա անձնագիրը կնքվա՞ծ է, թե՝ ոչ, քանի որ էդ ժամանակ մեր հանձնաժողովում կնիքի վրա դարձյալ Հանրապետական կուսակցության անդամ էր նստած եւ սա կասկածի տեղիք էր տալիս: Ու էդպես վեճի են բռնվել երեւի, ես էդ պահին դրսում չեմ եղել, հազիվ ներսում էի հսկում»: Առաջին նախագահի այլ համախոհների ասելով էլ, քանի որ Գյումրիից Մարալիկ խմբերով մարդիկ էին «մատակարարում», Սուրեն Ավետիսյանի դեմքն էլ անծանոթ էր, սա կասկած է գցել Ուռությանի սիրտը, ով պարզապես փորձել է համոզվել, որ վերջինիս կնիքը խփվել է ու այլ տեղամասերում իրավունք չի ունենա կրկնակի քվեարկել: Ու քանի որ Սուրեն Ավետիսյանը Ուռությանի ցանկությունը տհաճությամբ է ընդունել, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ մարզպետարանի աշխատակիցը սայթաքել եւ ընկել է: Մեր զրուցակիցների վստահեցնելով, Հարություն Ուռությանը մի բան էլ փորձել է կանխել վիճաբանությունը:

Մարզպետարանի աշխատակից Սուրեն Ավետիսյանն էլ, ով այս պահին գանգուղեղային վնասվածքով պառկած է Գյումրիի Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում եւ բավականին ծանր վիճակում է, պատմեց, որ ինքը վաղ առավոտյան քաղաքացիական պարտքը կատարելով Գյումրիի 34/ 07 ընտրատեղամասում, իր մեքենայով մեկնել է Մարալիկ՝ որպես Սերժ Սարգսյանի վստահված անձ գրանցվելու, սակայն դեռ չէր հասցրել մտնել ընտրատեղամաս, երբ Լեւոն Տեր- Պետրոսյանի համախոհները վրա են տվել, հարցնելով՝ ի՞նչ գործ ունես այստեղ, Ուռությանն էլ ճակատով այնպես է հարվածել իրեն, որ կորցրել է գիտակցությունը. «Վստահեցնում եմ, որ ես Մարալիկում չեմ քվեարկել, որեւէ խմբի հետ այնտեղ չեմ ներկայացել եւ սա առաջին անգամ չէ, որ ես ընտրական գործընթացի մեջ եմ, չեմ էլ պատկերացնում, թե մարդը ինչպես կարող է իրեն թույլ տալ երկրորդ անգամ քվեարկել: Հարություն Ուռությանին էլ ես նոր չէ, որ պիտի ճանաչեի, որպես ծանոթ նրան տեսնելով Մարալիկի ընտրատեղամասի դիմաց կանգնած՝ մոտեցել եմ բարեւելու, ասեմ, որ նրա մասին երբեք բացասական կարծիք չեմ ունեցել»: Ի դեպ, շրջապատի կարծիքը դրական է ոչ միայն Հարություն Ուռությանի, այլեւ՝ Սուրեն Ավետիսյանի մասին, նրան ճանաչողները բնութագրում են որպես համեստ ու պարկեշտ անձնավորության: Այդուհանդերձ, սկանդալն ավարտվեց նրանով, որ ուրբաթ օրը ուշ երեկոյան Շիրակի մարզի ընդհանուր իրավասությունների դատարանում դատեցին Ուռությանին՝ նրա համար որպես խափանման միջոց ընտրելով երկամսյա կալանքը: Դատավոր Սուրեն Մնացյանը համառորեն մերժեց ամբաստանյալի շահերի պաշտպան Թամար Յայլոյանի՝ խափանման միջոցը գրավով փոխարինելու միջնորդությունը, պատճառաբանելով, որ նախաքննությունը նախնական փուլում է, եւ ամբաստանյալը մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել ընթացքը: Սա փաստաբանը համարելով անօրինական՝ պատրաստվում է այսօր բողոքարկել վերաքննիչ դատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել