Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԱ դիտարկումների արդյունքները

Փետրվար 26,2008 00:00

\"\"Հաճախականությունը՝ անձնական, քաղաքական նպատակներին հասնելու միջոց

Երեկ «Ուրբաթ» ակումբում Երեւանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրեց Հայաստանի հեռարձակվող 8 ԶԼՄ-ների երկփուլ (2007թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների եւ օրենքով՝ նախագահի թեկնածուների նախընտրական քարոզչության համար նախատեսված ժամանակաշրջանը՝ 2008թ. հունվարի 21-ից մինչեւ փետրվարի 17-ը) մոնիտորինգի ընդհանրացված արդյունքները: Դիտարկվել են «Հ1», «ԱԼՄ», «Արմենիա», «հ2», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «Շանթ» հեռուստաընկերություններն ու Հանրային ռադիոն:

Բ. Նավասարդյանը նշեց, որ նախընտրական քարոզչության 28-օրյա ժամանակահատվածը եթերաժամանակի բաշխման առումով հիմնականում աչքի է ընկել թեկնածուների ընտրարշավների համաչափ լուսաբանմամբ, թեկնածուները ոչ մի խոչընդոտի չեն հանդիպել հետազոտված ԶԼՄ-ների վճարովի եւ անվճար եթերից օգտվելիս: Նրա խոսքերով՝ նախընտրական քարոզչության շրջանում բնակչությունն ու ընտրողները հնարավորություն ունեցան ծանոթանալ թեկնածուների ասելիքին: ԵՄԱ նախագահը հայտնեց, որ հետազոտությունն իր հերթին վեր է հանել մի շարք խնդիրներ. «Օրինակ, այն, որ դեռ չի լուծվել ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում ԶԼՄ-ների գործունեության օրենսդրական կարգավորման խնդիրը, ինչն էլ պատճառ է դառնում թեկնածուների համար անհավասար պայմանների: Խնդիրներ կան նաեւ լրատվամիջոցների կարգավիճակի, արտոնագրերի պահանջների կատարման եւ այլնի հետ կապված»:

Պրն Նավասարդյանը նշեց, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը խախտել է «Հեռարձակման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումներում քաղաքական դիրքորոշման գերակշռությունն արգելվում է: ԵՄԱ նախագահի պնդմամբ՝ Հանրային հեռարձակողի մի շարք հաղորդումներում, օրինակ՝ «Հ1»-ի կիրակնօրյա լրատվական-վերլուծական «360 աստիճան» հաղորդման մեջ առկա է քաղաքական կողմնակալություն: Բանախոսի ձեւակերմամբ, 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ընդգծված է եղել հաղորդման հեղինակների բացասական վերաբերմունքը ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Ըստ հետազոտող խմբի՝ ընդունված միջազգային չափանիշների խախտում է նաեւ թեկնածուներից մեկի օգտին քարոզչության տարրերի առկայությունն այնպիսի հաղորդումներում, որոնք չէին վերաբերում ո՛չ նախընտրական քարոզչական նյութերի, ո՛չ էլ տեղեկատվական կամ քաղաքական ծրագրերի թվին: Խախտումներ են արձանագրվել «Հ1»-ով 2008 թ. հունվարի 28-ին Հայկական բանակի 16-ամյակին նվիրված համերգի հեռարձակման մեջ, «Արմենիա» TV-ով ցուցադրվող «Դժբախտ երջանկություն» եւ «Շանթ» TV-ով ցուցադրվող «Վերվարածները» հեռուստասերիալներում: Դիտարկողների համոզմամբ, Հայաստանում ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված անձանց պաշտոնական գործունեության լուսաբանումը բավարար չափով կարգավորված չէ, եւ սովորաբար իշխանությունը ներկայացնող թեկնածուները, որպես կանոն, առավելություն են ստանում:

Ակնհայտ է, որ 2007 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Ս. Սարգսյանը մյուսների նկատմամբ լուսաբանումների ծավալով ու բնույթով մեծ առավելություն ուներ: Դիտարկողները խնդիր են համարում նաեւ այն, որ հերթական անգամ հաստատվեց այնպիսի իրավիճակի անընդունելիությունը, երբ հեռարձակվող ալիքը պատկանում է այն՝ իր քաղաքական շահերին ծառայեցնող անձին: Ըստ դիտարկող խմբի, ցավոք, Հայաստանում հանրային ռեսուրսը՝ հաճախականությունը, դիտարկվում է իբրեւ անձնական, քաղաքական նպատակներին հասնելու միջոց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել