Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԼԻՆԻ

Փետրվար 26,2008 00:00

\"\"Այսպես է կարծում ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը

«1995 թվականից սկսած՝ բոլոր հանրաքվեները եւ ընտրությունները լկտիորեն կեղծվել են իշխանությունների կողմից: Այն, որ 2008 թ. նախագահական ընտրությունները պետք է անվավեր համարվեն եւ նշանակվեն նոր ընտրություններ, այլ կարծիք չի կարող լինել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը: Այս ամենում, սակայն, Սադոյանը մի լուսավոր գիծ տեսնում է՝ ի հեճուկս այն մարդկանց, ովքեր կարծում են, թե հայ ժողովուրդը պայքարող չէ իր իրավունքների եւ ազատությունների համար, թե 1988-ի բռնկումն էլ պատահական մի բան էր. «Այսօր ես տեսնում եմ եւ այդ տեսակետից պետք է դրական գնահատական տամ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրան սատարող ուժերին հաջողվեց քաղաքացիական ակտիվության ալիք բարձրացնել: Ինձ հատկապես ուրախացնում է երիտասարդների ակտիվությունը: Աչքներիս դեմը ջահելները ելել եւ պայքարում են իրենց քաղաքացիական իրավունքների համար: Տա Աստված, որ կարողանանք դա օգտագործել՝ քաղաքական դաշտում գրագետ սերնդափոխություն ապահովելու համար»: Միաժամանակ, մեր զրուցակիցը գտնում է, որ առաջին նախագահի եւ նրա թիմի առջեւ դրված խնդիրներն ուղղված չեն գերակտիվացման: «Հիմնական խնդիրը, որ նրանք դրել էին, առաջին հերթին՝ առանց խոստովանելու անցյալի մեղքերը՝ փորձել մաքրվել հասարակության առաջ, սպիտակ ֆրակով դուրս գալ փողոց եւ չվախենալ, որ անցորդները կվիրավորեն ու կնախատեն իրենց: Ոչ թե զանգվածային պայքարով հաղթել այս ընտրություններում, այլ Տեր-Պետրոսյանի համար մաքրել եւ ՀՀՇ-ի բազայով ստեղծել նոր մի քաղաքական ուժ, որը հավակնություններ կունենա 2012 թ. պառլամենտական ընտրություններում. եթե ոչ մեծամասնություն, ապա գոնե՝ լուրջ ընդդիմություն»,- կարծում է Սադոյանը եւ համոզված է, որ նպատակը մասամբ իրագործված է:

Դրանով է Սադոյանը բացատրում առաջին նախագահի՝ մյուս ընդդիմադիր ուժերին դավաճանների պիտակներ կպցնելու կեցվածքը. «Սեւացնել մյուսներին, որպեսզի իրենք սպիտակ ֆրակով հանդես գան՝ ի վնաս թավշյա հեղափոխության: Այդ տեսակետից կարծում եմ, որ հիմնական խնդիրը դրված էր, այսպես ասած, նվազագույն ծրագիրը՝ մաքրվել: Այլապես, մինչեւ ԿԸՀ-ի կողմից պաշտոնական արդյունքների հրապարակումը, պետք էր ավելի մեծ համարձակություն եւ հեղափոխական ալիքի բարձրացում, ինչը չարվեց: Ցավոք, առաջիկա գործընթացները, մասնավորապես ՍԴ դիմելը, ինչը գործընթացը երկարաձգելու միտում է, ապացուցում են, որ արագ, թավշյա հեղափոխություն անելու խնդիր դրված չէ»: Մեր զրուցակիցը առաջին նախագահին սատարող որոշ քաղաքական ուժերի եւ անձերի համար առաջիկայում խորը հիասթափություններ է կանխատեսում եւ ասում է. «Ուշադիր եղեք. կարող է ձեզ թվում է մի բան, բայց իրական նպատակն այլ է»: Նա ցավում է, որ գործը հասել է ձերբակալություններին եւ պահանջում է իշխանություններից՝ «ծրագրված բռնարարքներ չանել եւ ազատ արձակել ձերբակալվածներին»: Նա կոչ է անում հաշվեհարդարի դեմ էլ պայքար ծավալել եւ դիմում է իշխանությանը՝ «չհամարձակվեք քաղաքական ակտիվություն դրսեւորող երիտասարդների, մարդկանց նկատմամբ ուժ կիրառել՝ անկախ նրանց կողմնորոշումից, որովհետեւ դա պայթյունավտանգ է: Առավել եւս, որ նման քայլերի դիմեն մարդիկ, որ անընդհատ կայունությունից են խոսում»:

Խոսելով ընտրությունների մասին, Սադոյանը ցավում է, որ դեռ 2003-ին իր հնչեցրած եւ այս անգամ էլ բարձրաձայնած՝ «բիլակավորների խմբերի» ստեղծումը եւ ընտրությունների ընթացքի համատեղ վերահսկումն արձագանք չեն գտել եւ այս անգամ էլ՝ «ամենքն իր գլխի ճարն են տեսել», ինչը արդյունավետ չէ: Ինչեւէ, Սադոյանի համար անցած նախագահական ընտրություններից էլ կարեւոր է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորումը, ուստի գտնում է, որ ամեն կերպ պետք է նպաստել այս ակտիվության պահպանմանը: Ինքը՝ Սադոյանը, հարթակ դուրս չի գա, որովհետեւ նախ իրեն չեն հրավիրել, ապա՝ «Հարթակից ասել, որ Տեր-Պետրոսյանը իշխանափոխության նպատակ չունի, որ հարթակային գործունեությունը հեղափոխության շղարշ է… ես չեմ ուզում նպաստել… եթե բոլորը միասին գնան ու պարտվեն՝ կլինի հուսախաբության մի ահավոր ալիք, որից հետո քաղաքացիական ակտիվության մասին երկար ժամանակ ավելորդ կլինի խոսելը: Պետք է հիմա ասել, որ եթե նպատակներն ազնիվ չեն եւ ոչինչ չի ստացվի՝ մի հուսահատվեք, ապագան դեռ առջեւում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել