Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարգադրիչն իրավունք չունի կրել հրազեն

Փետրվար 26,2008 00:00

Հարցազրույց ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի հետ:

Հունվարի 1-ից ՀՀ գործող դատարաններում աշխատում են դատական կարգադրիչներ: Նրանց թիվն այսօր հասնում է 799-ի: Նրանք ունեն կապույտ արտահագուստ, երբեմն այնքան խիստ են, որ դատավորից չեն տարբերվում: Դատական կարգադրիչների ինստիտուտի մասին մանրամասներ փորձեցինք ճշտել Արմեն Մովսիսյանից:

– Ինչո՞վ են զբաղվելու դատական կարգադրիչները:

– Դատական կարգադրիչների ծառայությունն ընդհանուր առմամբ կոչված է ապահովելու դատարանում դատավորի, դատավարության մասնակիցների եւ այլ անձանց կյանքի, առողջության եւ արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը հանցավոր եւ հակաիրավական ոտնձգություններից: Ծառայությունն իրականացնելու է նաեւ դատարանի տարածքում հասարակական կարգի պահպանում եւ անվտանգության ապահովում, դատական նիստերի դահլիճում ապահովելու է դատավորի անմիջական կատարման ենթակա կարգադրությունների կատարումը, ինչպես նաեւ իրականացնելու է դատարանի գույքի եւ դատարանի շենքի սպասարկման տարածքների պահպանությունը:

Դատական կարգադրիչն անձի իրավունքների եւ ազատությունների սահմանափակման յուրաքանչյուր դեպքում պարտավոր է նրան անմիջապես ներկայացնել սահմանափակման հիմքերը եւ բացատրել վերջինիս իր իրավունքներն ու պարտականությունները, իսկ արգելանքի վերցնելու դեպքում անհապաղ ապահովել նրա հանձնումը ոստիկանությանը: Փաստորեն, դատական կարգադրիչներն իրենց պարտականություններն իրականացնելիս համագործակցելու են հատուկ ծառայության մարմինների հետ:

– Բոլո՞ր դատարաններն ունեն կարգադրիչներ կամ, ինչպես կատակով ասում են՝ այլընտրանքային դատավորներ:

– ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը հաստատել է դատական կարգադրիչների ծառայության առանձնացված ստորաբաժանումների ցանկը եւ դատական կարգադրիչների քանակը: Յուրաքանչյուր դատարան ունի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանում: Կարգադրիչների ծառայությունը համակարգում է Դատական դեպարտամենտի ղեկավարը:

– Պրն Մովսիսյան, իսկ ինչպե՞ս են նշանակվում կարգադրիչները:

– Դատական կարգադրիչների նշանակման կարգը սահմանված է օրենքով, համաձայն որի՝ դատական կարգադրիչները նշանակվում են համապատասխան դատարանի աշխատակազմի ղեկավարի կողմից: Միեւնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ դեռեւս 2007 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Դատական դեպարտամենտը սկսեց համալրել այս ծառայությունը, որն իրականացրեց հետեւյալ ձեւով. նախապես այն անձանց համար, ովքեր ներկայացրել էին համապատասխան փաստաթղթեր՝ կազմակերպվեց ուսուցում, որն իր մեջ ներառում էր դատական կարգադրիչների պարտականությունների եւ իրավունքների, տարրական իրավական գիտելիքների, ինչպես նաեւ հատուկ միջոցների կիրառման կարգի ուսուցումը, որից հետո այն անձինք, ովքեր գնահատման արդյունքում համապատասխանում էին այդ ծառայությունն իրականացնելուն, նշանակվեցին համապատասխան պաշտոններում:

– Իրավաբանական կրթությունը պարտադի՞ր է:

– Ծառայության համապատասխան ստորաբաժանման պետը պետք է պարտադիր ունենա բարձրագույն կրթություն եւ իր հատկանիշներով ու ունակություններով կարողանա իրականացնել այդ ծառայությունը: Շարքային կարգադրիչի համար օրենքը նախատեսում է առնվազն միջնակարգ կրթության առկայություն, բացի այդ, ինչպես նշեցի, կարգադրիչը կոչված է ապահովելու անձի իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը, հետեւաբար՝ յուրաքանչյուր կարգադրիչ պարտավոր է իմանալ, թե ինչ է իրավունքը, դատարանը, այսինքն՝ խոսքս վերաբերում է տարրական իրավական գիտելիքների առկայությանը:

– Պրն Մովսիսյան, նրանք զենք կրելու իրավունք ունե՞ն:

– Դատական կարգադրիչն իրավունք չունի կրել հրազեն: Ծառայողը կարող է ունենալ միայն այնպիսի հատուկ միջոցներ, ինչպիսիք են ռետինե մահակները, էլեկտրական հարիչները, ձեռնաշղթաները, սակայն կրկնում եմ, որ կարգադրիչը հրազեն կրելու իրավունք չունի: Ավելացնեմ նաեւ, որ դատական կարգադրիչներն ունեն կառավարության կողմից հաստատված համազգեստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել