Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պիցցայի համար չեն գալիս

Փետրվար 26,2008 00:00

Ազատության հրապարակում նստացույց անողները հավաստիացնում են, որ իրենք ուրիշի հաշվին ուտել-խմելու համար չէ, որ գիշերները բաց երկնքի տակ են անցկացնում:

Արդեն 5-րդ օրն է, ինչ Ազատության հրապարակում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հազարավոր թիմակիցներ են գիշերում: Նրանցից շատերը ողջ գիշերն անցկացնում են բաց երկնքի տակ՝ խարույկների ու վառարանների շուրջ: Հանրահավաքի 10 մասնակից նույնիսկ սկսել է հացադուլ անել:

Մեզ հետ զրույցում նստացույց անողներից շատերը հավաստիացնում էին, որ գիշերն աննկատ ու անգամ չափազանց հաճելի է անցնում, քանի որ ողջ գիշեր զրուցում են Լ. Տեր-Պետրոսյանի հետ, պարում, երգում, ուտում-խմում եւ ուրախանում: Նրանց հավաստմամբ՝ հրապարակում տեղադրված վրանների կարիքն էլ առանձնապես չեն զգում, քանի որ եկել են ոչ թե քնելու, այլ՝ պայքարելու. «Ուտելիք ունենք՝ ինչքան ասեք: Գիշերը երկու անգամ սնվում ենք: Մեզ համար պիցցա են բերում, լահմաջո, պերաշկի, պոնչիկ, երշիկ, բուտերբրոդներ, հազար տեսակի սոկեր: Իսկ ցրտին դիմակայելու համար՝ ամեն գիշեր մուրաբայով ու խմորեղենով թեյ ենք խմում»:

Չնայած լուրեր են տարածվել, որ ոմանք գնում են հանրահավաքի՝ ձրի սնվելու եւ հատկապես պիցցա ուտելու համար, սակայն երեկ նստացույց անողները վստահեցնում էին, որ իրենց ոչ թե ուտելիքն է միավորում, այլ՝ գաղափարը:

Նախօրեին՝ առավոտյան ժամը 11-ից, պիցցայից ու մնացած ուտելիքներից հրաժարվել են հանրահավաքի մասնակիցներ Սամվել Գեւորգյանը, Դավիթ Համբարձումյանը, Դավիթ Աղայանը, Վահե Բարսեղյանը, Արմեն Մխիթարյանը, Ջոն Կարապետյանը, Արթուր Մարտիրոսյանը, Մանուկ Մարգարյանը, Գրիգոր Եղոյանը եւ սփյուռքահայ Սարգիս Հացպանյանը: Դավիթ Աղայանն ընդամենը 24 տարեկան է, ապրում է Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում: Նա կնոջ՝ Յուլյայի եւ իր 3-ամյա երեխայի հետ, արդեն քանի օր է՝ գիշերում է Ազատության հրապարակում: «Առավոտի» հետ զրույցում Դավիթը պատմում էր, որ չի վերադառնա տուն այնքան ժամանակ, քանի դեռ չեն տոնել իրենց թեկնածուի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը: Դավիթի խոսքերով՝ «Ուզում ենք աշխարհն իմանա, որ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում փետրվարի 19-ին, ոչ թե ընտրություն էր, այլ բռնաբարություն: Բացի այդ, էստեղ մեզ համար ամենաապահով տեղն է, քանի որ մեր դիրքորոշման համար մեզ հետապնդում ու հալածում են: Ոտքս քաշեմ գնամ տուն՝ ինձ կտանեն-կկորցնեն»: Դավիթը պատմում էր, որ իր ծնողները եւս սատարում են իրեն, չնայած դժվարությամբ են համակերպվել, որ իրենց տղան օրերով սոված-ծարավ է մնում:

Հացադուլավորներից մեկն էլ ազատամարտիկ Դավիթ Համբարձումյանն է կամ, ինչպես ընկերներն են ասում, «Մանգասարի Դավիթը»: Չնայած արդեն երկրորդ օրն է, որ նա ոչինչ չէր կերել, բայց չէր հուսահատվել՝ «Չնայած էս գիշեր շատ ցուրտ էր, մի կերպ եմ լուսացրել, բայց էստեղից վեր չեմ կենա ու ոչ մի քայլ չեմ անի, մինչեւ էս երկիրը երկիր չդառնա ու արդարություն չլինի: Մեր ժողովուրդը գնաց մի քանի հազար դրամի դիմաց իր ձայնը ծախեց, ես էլ հրապարակայնորեն հայտարարում եմ՝ ում որ փող ա պետք, ես կտամ, մենակ թող իրենց իրավունքին տեր կանգնեն»:

Մյուս հացադուլավորը՝ Մանուկ Մարգարյանը, եւս իր կնոջ՝ Վերոնիկայի եւ 5-ամյա որդու հետ արդեն 4 օր գիշերում է օպերայի բակում: Նա պատմում էր, որ փետրվարի 20-ին ինքնակամ դուրս է եկել աշխատանքից՝ «Արմեն-Արարատ» ՍՊԸ-ից, որտեղ աշխատում էր որպես ինժեներ. «Երբ իմացա, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իբրեւ թե չի անցել, էլ աչքիս ոչ մի բան չէր երեւում: Անժամկետ հացադուլ եմ հայտարարել ու չեմ դադարելու այնքան, մինչեւ ներկայիս իշխանությունների արած գործերը դուրս գան ջրի երես»:

Հացադուլավորներին միացել էր անգամ Ֆրանսիայի քաղաքացի, ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը, որը Հայաստանում չի բնակվում ու, բնականաբար, ընտրություններին չէր մասնակցել: Նրա խոսքերով՝ «Ես էստեղ անելիք չունեմ, կինս, երեխաներս եւ ես Ֆրանսիայի քաղաքացիներ ենք, բայց հացադուլ եմ արել, որ հայաստանցիներն ինձ տեսնեն ու ամաչեն, որ մի քանի կոպեկի համար իրենց երեխաների ապագան վաճառել են»:

Արարատ քաղաքի բնակիչ Մուրադ Սադոյանն էլ մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ եթե իրենց նպատակին չհասնեն ու Սերժ Սարգսյանը մնա նախագահի պաշտոնում, ապա ինքն իր ընտանիքով կհեռանա Հայաստանից:

Վերջին օրերին քաղաքապետարանն անընդհատ հայտարարություն է տարածում, թե մայրաքաղաքի սիրտը մարդիկ աղտոտում են, օպերայի տարածքը վերածել են աղբանոցի, թե տարածքում հակասանիտարանական վիճակ է: Սակայն երեկ կեսօրին, երբ մենք Ազատության հրապարակում էինք, տարածքում ոչ մի հակահիգիենիկ բան չտեսանք: Վրաններում գիշերողները վստահեցրին, որ «առավոտ շուտ մի մարդու նման տարածքը մաքրում-սրբում ենք: Մարդ որ մի տեղ ապրի՝ իր կողքերը ո՞նց փնթի կպահի»:

Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
2526272829