Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ «ՍԱՏԱՐՈՒՄ»

Փետրվար 26,2008 00:00

Վերջին օրերին նորաձեւ են դարձել ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի «ինքնաբուխ» ցույցերը

«Եկեք՝ տեսեք, թե ինչպես են կինո նկարում»,- փետրվարի 23-ին հեռախոսով հրավիրեց Երեւանի «Լամբադա» կամրջի հարեւանությամբ բնակվող մի քաղաքացուհի: Այդ «կինոն» նույն օրը ցուցադրեցին Հ1, Հ2 եւ Հ3-ի վերածված՝ «Կենտրոն»-ի լրատվական ծրագրերում (գուցե նաեւ ցուցադրել են որեւէ Հ4, Հ5 կամ այլ ալիքով՝ չենք հետեւել): Նրանք բոլորը (բացառությամբ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության) կարծես վերածվել են վերահեռարձակողների, որոնք ցուցադրում են ինչ-որ մի կենտրոնում նկարահանած կադրեր: Ասենք, այդ օրը նրանք ցուցադրում էին Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ բողոքի ցույցը, եւ զարմանալին այն է, որ այդ տարբեր ալիքները հարցազրույցներ էին ցուցադրում ճիշտ նույն 3-4 ցուցարարների հետ: Ցուցադրում էին վերահաշվարկի վերաբերյալ սյուժեներ բացառապես նույն ընտրատեղամասերից, որտեղ վերահաշվարկի արդյունքում Սերժ Սարգսյանի ձայները դեռ ավելացել էին: Եվ անխտիր բոլոր հեռուստաալիքներն անգամ ծպտուն չհանեցին 13/10 ընտրատեղամասում վերահաշվարկի ժամանակ կատարվածի մասին, երբ Սերժ Սարգսյանի վստահված անձը ԵԱՀԿ դիտորդի աչքի առջեւ գողացավ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին տրված քվեաթերթիկների ծրարը: Փոխարենը ցուցադրում էին այն, ինչի նկարահանմանը մեզ դիտելու էին հրավիրել: Այն է, թե ինչպես են Արաբկիր համայնքի մի խումբ՝ գերազանցապես սեւազգեստ երիտասարդներ քայլում «Առաջ, Հայաստան» դրոշներով, եւ ոստիկանները հերոսաբար խոչընդոտում էին նրանց երթը՝ «չե՜նք թողնի» գոռալով: Հետաքրքիրն այն է, որ բոլոր վերոհիշյալ ալիքներով այս երթի մասին ցուցադրվում էին էլի բացառապես նույն ռակուրսով նկարված կադրեր:

Ճիշտ նման կադրեր ցուցադրել էին նաեւ փետրվարի 22-ին՝ ոստիկանները նույնքան անձնազոհաբար խոչընդոտում էին Կոտայքի եւ Արարատի մարզերից իբր ոտքով Երեւան եկող Սերժ Սարգսյանի կողմնակիցներին: Սակայն մեզ հայտնի դարձան ականատեսների վկայություններ, թե ինչպես են հանկարծ «ընդվզել» մասնավորապես Արտաշատի բնակիչները: Արարատի մարզպետարանի աշխատակից Գագիկն էր կազմակերպել ավտոբուսով նրանց տեղափոխումը մինչեւ Երեւանի մատույցներ: «Հասնենք տեղ՝ ինչ կասեմ, ընենց էլ կանեք»,- հրահանգել էր նա: Եվ թերեւս լավ չէր բացատրել, քանի որ կադրերում սատարողները գոռում էին. «Էթամ, Սերժին պաշտպանեմ»: Որպես վարչապետի պաշտպան հանդես էին եկել, մասնավորապես, տրակտորիստ Վիտյան կամ դուդուկ նվագող Արշավիրը: Վերջինս աշխատում է սգո ծառայությունում եւ հետո խոստովանել էր, թե իրեն զգուշացրել էին, թե այլապես կզրկվի աշխատանքից:

Երեկ «Առավոտի» էլեկտրոնային փոստով նամակ ստացանք, որ Արմավիրի մարզում Սերժ Սարգսյանին սատարողների հանրահավաքն էլ կազմակերպել են ուսուցիչներին պարտադրելով. «Սցենարի համաձայն՝ պետք է միտինգ գնացողներին ճանապարհին կանգնեցնի ոստիկանությունը»:

Որ այս ամենն իրականացնում են տեղական իշխանությունները՝ վկայում է փետրվարի 24-ին Վանաձորում Սերժ Սարգսյանի կողմնակիցների հանրահավաքը, որի կապակցությամբ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանն «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե դեռ փետրվարի 21-ից, երբ Երեւանի Ազատության հրապարակում սկսվեցին ընդդիմության հանրահավաքները, Վանաձորում մտածում էին այսպիսի նախաձեռնության մասին, եւ սա «ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին սատարող կազմակերպությունների, առանձին քաղաքացիների նախաձեռնության արդյունք է»: Վանաձորի իրավապաշտպան կազմակերպությունները վստահեցրել են, թե ահազանգեր ունեն, ըստ որոնց՝ դպրոցների ու մանկապարտեզների աշխատակիցներին հարկադրել են ներկա լինել հանրահավաքին:

Փետրվարի 24-ին Կապանում «Տեր կանգնենք մեր ձայնին» խորագրով հանրահավաքը կազմակերպել էր Կապանի քաղաքապետարանը եւ Սյունիքի մարզպետարանը: Հավաքվածներն էլի գերազանցապես բյուջետային հիմնարկների աշխատակիցներ, մանկապարտեզների, դպրոցների, գրադարանների աշխատակիցներ էին: Եվ ելույթ ունեցողներն էլ, մասնավորապես, Կապանի քաղաքապետ Արմեն Կարապետյանն ու Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Միրզոյանն էին, որոնց անունները չնշվեցին այդ հանրահավաքի մասին պատմող սյուժեներում՝ տպավորություն ստեղծելով, թե ընդվզողները շարքային քաղաքացիներ են:

Նույն օրը Գորիսում կայացած հանրահավաքում ելույթ ունեցավ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Գորիսից ստացած տեղեկություններով, այստեղ հավաքվածները նույնպես գերազանցապես համայնքային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներ էին:

Նույն կերպ են անցել երեկ էլ Արտաշատի քաղաքապետարանի կամ Գյումրիում կազմակերպված հանրահավաքները: Վերջինիս, «Ասպարեզ» ակումբի վկայությամբ, մասնակցում էին «համայնքապետարանի, մարզպետարանի աշխատակիցների, հանրային հիմնական կարիքները սպասարկող մի շարք հիմնարկների, ինչպես նաեւ համայնքային ու պետական ենթակայության մի շարք հիմնարկների» աշխատակիցները:

Այսօր էլ Երեւանի Հանրապետության հրապարակում է կայանալու նման սատարման հանրահավաք: Եվ «Առավոտն» արդեն իսկ ահազանգեր է ստացել, թե հիվանդանոցների, մանկապարտեզների ու դպրոցների աշխատակիցներին էլի պարտադրում են մասնակցել այդ հանրահավաքին: Ավելին՝ այս հանրահավաքին մասնակիցներ են բերվելու նաեւ մարզերից՝ անգամ Սյունիքից: «Իրավական նախաձեռնություն. Ընտրություններ-2008» նախաձեռնության գրասենյակը երեկ հաղորդագրություն տարածեց, թե ահազանգեր են ստանում ՀՀ տարբեր մարզերից՝ «մասնավորաբար Լոռու մարզի Ալավերդի եւ Վանաձոր քաղաքներից այն մասին, որ պետական եւ մասնավոր կազմակերպությունների եւ հաստատությունների աշխատակիցներն իրենց կամքին հակառակ, ստիպողաբար բերվում են Երեւան՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի հանրահավաքին»:

Եվ պետք չէ, որ այս հանրահավաքին այսօր ելույթ ունեցողներն իզուր գոռան, թե ովքեր պարտադրանքով են մասնակցում՝ կարող են հեռանալ: Ակամա սատարողներին իրենց հիմնարկ-ձեռնարկություններից նաեւ ներկա-բացակա են անում՝ բացակայության դեպքում սպառնալով հեռացնել աշխատանքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել