Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միայն քաղաքական մեթոդներով Կոչ է անում ՕԵԿ-ը

Փետրվար 26,2008 00:00

ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել, որում ԿԸՀ փետրվարի 24-ի արտահերթ նիստի մասին, որտեղ ամփոփվեցին ընտրությունների վերջնական արդյունքները, ասված է, թե այն կայացել է հապճեպ. «ԿԸՀ նիստը գումարվեց ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերջնաժամկետը լրանալուց անմիջապես հետո, ըստ էության, հնարավորություն չտալով թեկնածուներին նույնիսկ ծանոթանալ ընտրությունների բողոքարկման արդյունքների հետ եւ համեմատել ընտրական փաստաթղթերը՝ իրական պատկերը վեր հանելու համար:

Անընդունելի համարելով նման պարտադրողական գործելաոճը՝ մենք հայտարարում ենք, որ դրանով իսկ բողոքարկված բազմաթիվ տեղամասերում խեղաթյուրվում են ընտրությունների արդյունքները, հաշվի չառնելով մեր բողոքները»:

Փետրվարի 23-ին Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակը մեկ այլ հայտարարություն էր տարածել, որտեղ մասնավորապես նշել էր. «Բազմաթիվ ընտրատարածքային հանձնաժողովներում՝ թիվ 3, 8, 21, 23, 24, 38, մերժել են ընդունել Արթուր Բաղդասարյանի վստահված անձանց դիմումները քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջի մասին: Ընդունված դիմումներն արհեստականորեն խոչընդոտել են քննարկել թիվ 5, 12, 24, 34, 35 եւ այլ ընտրատարածքներում, իսկ բազմաթիվ դեպքերում վերահաշվարկի սկսված գործընթացը ձախողել են հանձնաժողովների մեծամասնության կողմից քվորում չապահովելու միջոցով»:

Իսկ փետրվարի 25-ի հայտարարության մեջ Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակն անընդունելի է համարել «Ազատության հրապարակում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից 65 տոկոս ձայներով իրեն նախագահ հռչակելու գործընթացը», բայց նաեւ դատապարտել է քաղաքական գործիչների ձերբակալությունները. «Հայտարարում ենք, որ իշխանության կողմից բիրտ եւ ուժային մեթոդների կիրառումը մեծացնելու է հասարակական անվստահությունը, խորացնելու է զանգվածային հասարակական առճակատումների իրական հնարավորությունը, լուրջ ստվեր է գցելու երկրի միջազգային հեղինակության վրա, կասկածի տակ է առնելու նախագահական ընտրությունների ողջ գործընթացը, այդպես էլ չհանգուցալուծելով ստեղծված իրավիճակը: Ավելին, նման գործելաոճի կիրառումը առաջիկայում առաջացնելու է բողոքի նորանոր զանգվածային դրսեւորումներ, այդպես էլ չնպաստելով հիմնախնդրի լուծմանը: Հավատարիմ մնալով այն շուրջ 300 հազար մարդկանց ձայներին, ովքեր քվեարկեցին Արթուր Բաղդասարյանի օգտին, գիտակցելով նաեւ Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած հարյուր-հազարավոր քաղաքացիների առջեւ մեր պատասխանատվությունը՝ հայտարարում ենք, որ անընդունելի եւ վտանգավոր ենք համարում ուժային միջամտության ցանկացած փորձ ու հանդես ենք գալիս ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակը բացառապես քաղաքական մեթոդներով հանգուցալուծելու դիրքերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել