Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՇԻԿԱՑՆՈՒՄ Է ՄԹՆՈԼՈՐՏԸ

Փետրվար 26,2008 00:00

Նրան թվում է, թե այսպես կարող է վախեցնել ընդդիմությանը

\"\"Համաժողովրդական շարժումը համալրվում է \"\"

Փետրվարի 24-ին՝ կիրակի օրը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ էր հրավիրել՝ նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու համար: Զինված ոստիկաններով շրջապատված ԿԸՀ շենքի նիստերի դահլիճում հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը, ինչպես եւ ակնկալվում էր, ՀՀ նախագահ հռչակեց Սերժ Սարգսյանին: Հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը ստացել է թեկնածուներին կողմ քվեարկած քաղաքացիների 52.82 %-ի քվեն: Ըստ պաշտոնական տվյալների, երկրորդ տեղը զբաղեցնող Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել է ձայների 21.5 եւ Արթուր Բաղդասարյանը՝ 17.7 տոկոսը: Բայց անգամ ԿՀԸ կողմից վերջնական արդյունքի հրապարակումը չէր կոտրել ո՛չ Ազատության հրապարակում արդեն 6 օր պերմանենտ հանրահավաքներին, երթերին ու նստացույցին մասնակցող 100 հազարավոր մարդկանց, ո՛չ էլ, առավել եւս, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու նրա աջակիցներին: Երեկ Ազատության հրապարակում «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ժողովրդի անունից եւ նրա հավանությունը ստանալով՝ հայտարարեց. «Սերժիկ, հայտարարես, չհայտարարես, դու նախագահ չես»: Լ. Տեր-Պետրոսյանն էլ նկատեց, որ կապ չունի, թե ինչ է հայտարարում ԿԸՀ-ն, որովհետեւ ամբողջ ժողովուրդը գիտի, որ Սերժ Սարգսյանը նախագահ չի ընտրվել, ընտրվել է ժողովրդի թեկնածուն: Ասվեց նաեւ, որ Տեր-Պետրոսյանի շտաբը ընտրությունների արդյունքները վիճարկելու է ՍԴ-ում: Փետրվարի 19-ը, նաեւ դրան հաջորդած վերահաշվարկի ընթացքը, ՀՀ առաջին նախագահի ձեւակերպմամբ, «ընտրություն հասկացության հետ որեւէ կապ չունեն: Սա բարբարոսական, թաթար-մոնղոլական բռնություն է մեր ժողովրդի դեմ: Այսպիսի ընտրություններ Հայաստանում երբեւէ տեղի չեն ունեցել»: Նա նաեւ փաստեց, որ հակառակ իշխանության գործադրած ջանքերին, քաղաքական հետապնդումներին եւ ձերբակալություններին, ժողովրդի մոբիլիզացիան օր օրի աճում է, իսկ իշխանության համակարգի քայքայումը՝ օր օրի ավելանում: Իբրեւ ասվածի վկայություն՝ հարկ է, թերեւս, հիշեցնել, որ շաբաթ օրը Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների անընդունելի լինելու առնչությամբ համատեղ հայտարարությամբ հանդես էին եկել եւ համաժողովրդական շարժմանն էին միացել ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանը, Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Լեւոն Խաչատրյանը եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը: Մեկ օր անց նրանց միացան նաեւ ԱԳՆ վեց այլ պաշտոնյաներ՝ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ Վլադիմիր Կարապետյանը, միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը, սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը եւ Ամերիկայի վարչության Հարավային Ամերիկայի բաժնի երրորդ քարտուղար Էլեն Պետեյանը, նաեւ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Առեւտրի միջազգային կազմակերպության եւ Եվրամիության համակարգման վարչության պետ Վահագն Ղազարյանը, միջպետական եւ միջազգային հարաբերությունների համակարգման վարչության պետ Զոհրապ Հովհաննիսյանը եւ ակնագործության ու ոսկեգործության գործակալության մասնագետ Արման Սարուխանյանը:

Արդեն 4 օր շարունակ, թերեւս, Տեր-Պետրոսյանի աջակիցների աչքը վախեցնելու նպատակով լուրեր են շրջանառվում, թե ՀՀ իշխանություններն ուժայիններին հրահանգ են տվել բռնի ուժով ցրել Ազատության հրապարակում հավաքվածներին: Այդ լուրերը նկատի ունենալով էլ՝ ՀՀ առաջին նախագահը հայտարարեց. «Այս հրապարակի դեմ կատարված որեւէ ոտնձգություն ոտնձգություն է ՀՀ նախագահի թեկնածուի դեմ»:

Վերահաշվարկի

փոխարեն՝ քաշքշեցին լրագրողներին

Փետրվարի 23-ին ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձանց պահանջով թիվ 5 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում (ԸԸՀ) պետք է վերահաշվարկվեր թիվ 5/21 ընտրատեղամասի արդյունքները: Վերահաշվարկին ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգթոնը: Հիշեցնենք, որ սա Արաբկիրի Շիրվանզադեի անվան դպրոցում տեղակայված այն տեղամասն էր, որտեղ ընտրությունների օրը ծեծուջարդ էր եղել: Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձինք նկատել էին, որ քվեարկությունից առաջ չհրկիզվող պահարանը բացված է եղել, իսկ արդյունքների հաշվառման ժամանակ էլ Տեր-Պետրոսյանի քվեները դրվել են այլ թեկնածուին կողմ քվեարկած տրցակում: Կազմվել էր համապատասխան արձանագրություն, որը, սակայն, գրանցամատյան մուտք չէր արվել: Այս տեղամասի հաշվարկը սկսելուց առաջ, որին մասնակցելու համար ԸԸՀ էին եկել նաեւ ԿԸՀ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, ԱԺ ՕԵԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները, նախ՝ պարզվել էր, որ անհետացել է թիվ 5 ԸԸՀ-ի վարման մատյանը, հետո հանձնաժողովի նախագահն էր որոշել, որ վատ է զգում, գնացել էր բժշկի ու չէր վերադարձել: Վերահաշվարկը արդեն մի քանի ժամ ձգձգվել էր: Ի վերջո, այն պահին, երբ որոշվել էր բացել քվեարկության արդյունքների պարկը, հանձնաժողովի տարածք էին մտել շուրջ 10 հաղթանդամ տղամարդիկ, նաեւ ՀՀ ոստիկանության Մաշտոցի եւ Դավիթաշենի բաժինների բարձրաստիճան սպաներ, այդ թվում՝ քրեական-հետախուզության բաժնի պետ ոմն Մուշեղը, Դավիթաշենի քննչական բաժանմունքի պետ Վարուժան Շաշիկյանը, ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնի պետ Էդիկ Ավետիսյանը՝ պահանջելով դադարեցնել վերահաշվարկը մինչեւ դատախազության ներկայացուցչի ժամանելը: Բանն այն էր, որ ոստիկանությունը, իբր, անհայտ քաղաքացուց ահազանգ էր ստացել, թե ԸԸՀ-ում հանցագործություն է տեղի ունեցել: Այն պահին, երբ մենք հասանք թիվ 5 ԸԸՀ, «դեպքի վայր» ժամանեց նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»՝ իր սափրագլուխ թիկնապահներով, եւ առանց որեւէ խոչընդոտի ներս մտավ: Ներս մտան նաեւ լրագրողները: Այդ պահին ԸԸՀ-ի միջանցքում, որտեղ կային ավելի քան 30 տղամարդիկ՝ մեծ մասամբ ոստիկանության քաղաքացիական հագուստով աշխատակիցներ, ԱԺ ՕԵԿ եւ «Ժառանգության» պատգամավորներ, նաեւ ամրակազմ տղամարդիկ, նաեւ Սերժ Սարգսյանի օգնական եւ ՄԻԱԿ-ի նախկին ղեկավար Լեւոն Մարտիրոսյանը, տիրող մթնոլորտն արդեն լարված էր: Լ. Սարգսյանի թիկնապահները ոստիկանության աշխատակիցների թողտվությամբ հանձնաժողովի դուռը դրսից պինդ փակել ու դրան պահակ էին կանգնել, մինչեւ պատգամավորը ներսում հարցեր լուծեր: Ներսում բարձրաձայն վիճում էին: Նույն այդ ոստիկանները, թիկնապահներն ու նաեւ ՀՀ վարչապետի օգնականը ամեն կերպ խոչընդոտում էին լրագրողներին հանձնաժողովի սենյակ մտնել՝ վերահաշվարկին մասնակցելու եւ իրավիճակի մասին պարզաբանում ստանալու համար, լուսանկարել եւ տեսագրել միջանցքում տեղի ունեցողը, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների քաշքշուկը: Ի վերջո, մի երիտասարդ աղջիկ, ով ներկայացավ որպես դիտորդ, բայց ողջ այդ ընթացքում միջանցքում եւ հանձնաժողովի սենյակում կառավարում եւ հրահանգներ էր տալիս, մի պահ բացեց հանձնաժողովի սենյակի դուռը եւ մեզ Հ1-ի լրագրողների տեղը դնելով՝ ներս հրավիրեց՝ արձանագրելու, որ պատգամավոր Զ. Փոստանջյանը, իբր, հրամանատարություն է անում: Մտանք սենյակ, բայց հասկանալով, որ հրավիրել են ոչ այն լրագրողներին, մեզ կրկին փորձեցին արդեն ուժի կիրառմամբ դուրս հանել սենյակից: Սկսվեց ահավոր քաշքշուկ, որը հրահրեց «Ալրաղացի Լյովիկը»՝ սեղանին դրված պլաստմասսայե շիշը շպրտելով «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի ուղղությամբ՝ հայհոյելով եւ դժգոհելով, որ իրեն լուսանկարում է: Դա նրա հրոսակախմբի համար դարձավ գրոհի հրահանգ: Հանձնաժողովի սենյակը ոստիկանների ներկայությամբ տակնուվրա արվեց, փորձ արվեց խլել Գ. Շամշյանի ֆոտոխցիկը, ձեռքի հետ հանձնաժողովի սենյակից ուժով դուրս բերվեցին մյուս լրագրողները: Գ. Շամշյանի ֆոտոխցիկը մի վերջին անգամ փախցնելու անհաջող փորձ արեց արդեն «իրավապահ» համակարգի ներկայացուցիչ՝ Դավիթաշենի քննչական բաժանմունքի պետ Վարուժան Շաշիկյանը, որը բռնաբարության համար ժամանակին հեռացվել էր համակարգից: Նրան հաջողվեց միայն կոտրել ֆոտոխցիկը: Կոտրեցին նաեւ «Ա1+»-ի տեսախցիկը, գողացվեց տեսագրված տեսաերիզը: Լրագրողների հետ միասին ԸԸՀ-ն լքեցին նաեւ ԱԺ պատգամավորներն ու ԿԸՀ անդամ Զ. Թադեւոսյանը, նաեւ Տեր-Պետրոսյանի վստահված անձինք: Մեր հեռանալուց հետո ոստիկանները «դեպքի վայրում» զննություն կատարելուց հետո արձանագրություն էին կազմել, պարկը կապարակնքել եւ տեղափոխել էին քննչական բաժին: «Առավոտի» տեղեկություններով, նյութեր են նախապատրաստվում Զ. Թադեւոսյանի դեմ քրգործ հարուցելու համար, այն հիմքով, որ վերջինս քվեարկության պարկը բացելու իրավունք չուներ:

Ձերբակալում են

ՀՀ իշխանությունները փետրվարի 23-ից մարդաորս են սկսել: Նրանք բերման են ենթարկում, ձերբակալում, մեղադրանքներ են առաջադրում Լ. Տեր-Պետրոսյանի ամենաակտիվ աջակիցներին՝ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ եւ ռազմական ոստիկանության նախկին դատախազ Գագիկ Ջհանգիրյան, նրա եղբայր Վարդան Ջհանգիրյան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյան, ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյան, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյան, Գյումրիի շտաբի անդամ Աշոտ Զաքարյան: Ն. Փաշինյանը մասնավորապես Գ. Ջհանգիրյանի ձերբակալությանն արձագանքելով՝ ասաց, որ նա առեւանգված է իշխանությունների կողմից, քանի որ հայտնի է, թե նա ինչ ինֆորմացիայի է տիրապետում «27»-ի գործով, եւ հավելեց. «Ջհանգիրյանին առեւանգելը մեզ թույլ է տալիս հայտարարել, որ նրան առեւանգելը ավելի է խորացնում այն համոզմունքը, որ «Հոկտեմբերի 27-ը» կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը»:

Ընդ որում, Գ. Ջհանգիրյանի, Ս. Այվազյանի ձերբակալությունը նախ ցուցադրաբար ուղեկցվում եւ մատուցվում էր նրանց մեքենաներում զենքի հայտնաբերման «սոուսով»: Բայց քանի որ նրանց ապօրինի զենք-զինամթերք պահել-կրելու մեջ մեղադրելն անհեթեթություն կլիներ, որովհետեւ նրանցից առգրավված զենքերն օրինական են, ուստի՝ նրանց առաջադրվեցին այլ մեղադրանքներ: Ձերբակալված Գ. Ջհանգիրյանին մեղադրանք է առաջադրվել, թե ինչ մեղադրանքով՝ առայժմ անհայտ է: Ս. Այվազյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, Պ. Մակեյանին, որի տան խուզարկությամբ ոստիկանությանը հետաքրքրող ոչինչ չի հայտնաբերվել, մեղադրում են ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու մեջ, ՆԺԿ նախագահ Ա. Կարապետյանին մեղսագրվել է ՔՕ 333 հոդվածը՝ «սուտ մատնություն»: Նա «կասկածվում է հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու մեջ, որը զուգորդվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին եւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին առանձնապես ծանր հանցագործությունների՝ պետական դավաճանության եւ տեռորիստական ակտի կազմակերպման մեջ նրանց մեղադրելով»: Փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ խուզարկել են ՆԺԿ կենտրոնական գրասենյակը, ոչինչ չգտնելով՝ նրանք կնքել եւ իրենց հետ տարել են համակարգիչները: Դատախազության աշխատակիցները խուզարկել են նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի տունը: Ավելի վաղ ՀՀ ոստիկանություն էին տարվել ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամներն ու ավտոմեքենաները:

Երեկ, ուշ երեկոյան, Կենտրոնի ոստիկանություն բերման է ենթարկվել նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Ոստիկանները փորձել են զինաթափել նաեւ ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի թիկնազորի անդամներին, բայց վերջիններս հրաժարվել են հանձնել իրենց ամրակցված զենքերը՝ հայտարարելով, որ օրենքով, որպես առաջին նախագահի թիկնազորի անդամներ, իրենք զենք կրելու իրավունք ունեն: Երկու բարձրաստիճան ոստիկաններ նաեւ «ՀԺ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին են մոտեցել՝ ինչ-որ ծանուցագիր փոխանցելու համար, բայց Փաշինյանը հրաժարվել է այն վերցնել: Նույն օրը, ավելի վաղ, ոստիկաններն առանց դատարանի համապատասխան որոշումն ունենալու այցելել են Տեր-Պետրոսյանի՝ Եկմալյան փողոցում գտնվող նախընտրական շտաբ՝ այն կնքելու նպատակով, բայց ստիպված են եղել շտաբն առանց կնքելու հեռանալ, որովհետեւ նրանց հասկացրել են, որ դրա համար օրինական հիմքեր չունեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել