7 պատգամավորներից 4-ը հայտարարում են, որ իրենք Սերժ Սարգսյանի հետ են եղել եւ շարունակում են մնալ նրա կողքին:
Անցած ուրբաթ տեղի ունեցած հանրահավաքում ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը հայտարարել էր, որ ԱԺ 7 պատգամավորներ՝ ՀՀԿ խմբակցությունից Մանվել Ղազարյանը, Արմեն Մխիթարյանը, Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, ԲՀԿ-ից՝ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը եւ անկախ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանին: Երեկ վերը նշվածներից Սեյրան Սարոյանը, Մանվել Ղազարյանը եւ Ռուստամ Գասպարյանն այդպես էլ չեկան ԱԺ եւ զանգերին չէին պատասխանում: Փոխարենը նրանց մյուս գործընկերները պատասխանեցին «Առավոտի» հարցերին:
Արմեն Մխիթարյան (ՀՀԿ). «Մենք հայտարարել ենք, որ ժողովրդի հետ ենք եւ շարունակում ենք մնալ ժողովրդի հետ: Մեր խոսքին տարբեր մեկնաբանություններ են տալիս, բայց ոչ ոք իրավունք չունի մեր անունից կեղծ բաներ տարածելու: Մենք ուզում ենք, որ ամեն ինչ նորմալ անցնի, արյուն չթափվի»: Պարոն Մխիթարյանը երեկ վատառողջ էր, եւ զրույցը տեղի ունեցավ հեռախոսով:
Հրանտ Գրիգորյան (ՀՀԿ).
– Ճի՞շտ է, որ դուք միացել եք Լեւոն Տեր-Պետրոսյանին:
– Իհարկե, ճիշտ չէ: Ոչ ոք, առավել եւս Լեւոնը, առավել եւս Մյասնիկը իրավունք չունեն իմ անունից հայտարարություններ անել, որ ես իբր միացել եմ իրենց: Ես Հանրապետականից դուրս չեմ եկել եւ ընդհանրապես մտադրություն չունեմ դուրս գալու:
– Իսկ ինչո՞ւ ձեր անունը նշվեց դուրս եկածների ցուցակում, գուցե գեներալ Մանվել Գրիգորյանի՞ հետ կապված (գեներալը պատգամավորի հորեղբայրն է – խմբ.):
– Ոչ, գեներալն իր տեղում է, նրա հետ կապված էլ ոչ մի խնդիր չկա: Ընդամենը Մանվել Ղազարյանը մեր բոլորի անունից պետք է ժողովրդին կոչ աներ, ասեր. «Ժողովուրդ ջան, կոչ ենք անում հանգիստ մնացեք, ցրվեք ձեր տները, պետք է այս հարցը խաղաղ ճանապարհով լուծվի»: Ընդամենը պետք է սա ասվեր: Կրկնում եմ, ես իրավունք չեմ տվել ոչ Լեւոնին, ոչ Մյասնիկին իմ անունից հայտարարություններ անել, որ իբր միացել եմ իրենց: Իմ խոսքերի ապացույցն էլ այն է, որ փետրվարի 19-ին՝ ընտրությունների օրը, թիվ 20 ընտրատարածքում, որի պատասխանատուն ես էի, Սերժ Սարգսյանը հաղթել է, եւ չէր կարող ուրիշ կերպ լինել: Ոչ ոք այսօր իրավունք չունի կասկածել իմ ազնվությանը, առավել եւս իմ խմբակցության ընկերները, եթե ինչ-որ մեկը կասկածում է՝ թող իր ընտրատարածքի արդյունքներն էլ նայի, իմն էլ նայի:
– Կոնկրետ ո՞ւմ եք ակնարկում:
– Բոլորին, ում մտքով կանցնի, որ ես երկու խաղ եմ խաղացել կամ մտադրություն եմ ունեցել Լեւոնին պաշտպանելու, ես ամսի 19-ին իմ ընտրությունն արել եմ եւ իմ խոսքն ասել եմ: Մենք պաշտպանել ենք Սերժ Սարգսյանին, եւ հիմա, եթե տարածում են, որ պաշտպանել են Լեւոն Տեր-Պետրոսյանին, չե՞ն հասկանում, որ մենք, եթե իրոք նրան էինք պաշտպանում, դա պետք է անեինք փետրվարի 19-ին եւ ոչ թե 24-ին կամ 23-ին:
Կարո Կարապետյան (ԲՀԿ).
– Դուք կայիք այն մարդկանց ցուցակում, ովքեր միացել են Լեւոն Տեր-Պետրոսյանին:
– Ես չեմ հասկանում՝ այս տեղեկությունները ով է տալիս, Լեւոնը իրենից ինչեր է ասում, թե Մյասնիկն է ասում: Նման բան գոյություն չունի, ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մեջ եմ, ԲՀԿ անդամ եմ, պաշտպանել եմ Սերժ Սարգսյանին եւ այսօր էլ պաշտպանում եմ, եւ 78 տոկոս մեր գյուղով ձայն ենք տվել Սերժ Սարգսյանին՝ 2 հազար ձայն: Միայն մեկ բան կարող եմ ասել, որ Մանվելն ասաց՝ հայտարարենք, որ ժողովրդի կողմն ենք, թող ժողովուրդը ցրվի: Մենք էլ հայտարարել ենք, որ ժողովուրդ, ձեր կողմնակիցներն ենք, գնացեք ձեր տները, խաղաղ ճանապարհով այդ հարցը կլուծվի: Թե Լեւոն Տեր-Պետրոսյանը իրենից ինչեր է ասել, ես չեմ կարող ասել: Հիշեցնեմ, որ ընտրություններից առաջ մեր խմբակցությունը նիստ է արել, մեր կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը բացահայտ հայտարարեց, որ պաշտպանում ենք Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանին էլ պաշտպանել ենք: Այսօր եթե Լեւոնն ասում է՝ ԲՀԿ-ից էսինչները դուրս եկան եւ միացան իրենց, թող ցույց տան՝ տեսնենք ովքեր են միացել: Նման բան իրականում գոյություն չունի, իրենց ձեռնտու է մարդկանց շեղել, խաբել:
Տիգրան Ստեփանյան (ԲՀԿ).
– Ձեր անունը եւս կար Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմն անցածների ցուցակում:
– Միայն մեր անունը չեն տվել, շատ մարդկանց անուններ են հայտարարում, որը իրականությանը չի համապատասխանում: Մենք հերքել ենք, նման բան չի եղել, մենք միշտ էլ Սերժ Սարգսյանի կողքին ենք եղել:
Թիվ 16 ընտրատարածքի պատասխանատուն ես եմ, նաեւ՝ Սերժ Սարգսյանի շտաբի պետն էի, եւ ես նորից եմ ասում, մեզ մոտ ոչ մի բողոք-դիմում չի եղել, ընտրությունն անցել է մաքուր եւ ընտրվել է Սերժ Սարգսյանը: Մենք ապացուցել ենք՝ մենք ով ենք, մենք ճամբարից ճամբար գնացող չենք: