Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Փետրվար 23,2008 00:00

Ներքո շարադրյալ նյութերը տպագրվում են «Հայաստանը եվրոպական ինտեգրացիայի ճանապարհին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Արեգ գիտամշակութային երիտասարդական ասոցիացիա» հ/կ-ն ՀՀ պետբյուջեից հ/կ-ներին տրամադրվող դրամաշնորհի շրջանակներում, Հասարակական երկխոսության եւ զարգացումների կենտրոնի եւ «Հայաստանի եվրոպական շարժում» հ/կ-ի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում անցկացված «Եվրոպական ինտեգրացիան ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում» սեմինարին կազմակերպիչները հրավիրել էին ՀՀ նախագահի թեկնածուներ Ա. Բաղդասարյանի, Լ. Տեր-Պետրոսյանի, Ա. Գեղամյանի, Վ. Մանուկյանի, Վ. Հովհաննիսյանի եւ Ս. Սարգսյանի ներկայացուցիչներին, որոնցից միայն վերջին երկուսն են ներկա գտնվել քննարկմանը:

Արա Նռանյան – ԱԺ պատգամավոր.

Վահան Հովհաննիսյանի կողմից ներկայացված նախընտրական ծրագիրը առաջնային խնդիր է դիտում ակտիվ, նախաձեռնողական արտաքին քաղաքականության իրականացումը: Նման մոտեցման կարեւորագույն մաս է կազմում Հայաստանի ակտիվ մասնակցությունը տարածաշրջանային եւ միջազգային, այդ թվում՝ Եվրամիության հետ ինտեգրացիոն գործընթացներին:

Վահան Հովհաննիսյանի առաջնահերթություններից է Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացների խորացումը, ապահովելով երկրի համապատասխանեցումը Եվրամիության չափանիշներին: Այսինքն, առաջնային է դիտվում ոչ թե Եվրամիության անդամ դառնալու պարզ հռչակումը, այլ Միացյալ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալական չափանիշների իրական բավարարումը, եվրոպական արժեքների մուտքը հայ հասարակության կյանք եւ կենցաղ:

Ցավոք, այսօր հաճախ ականատես ենք լինում, թե ինչպես շահարկման կամ քաղաքական դիվիդենդներ քաղելու նպատակով օգտագործվում են հասարակական հնչեղություն ունեցող տարբեր թեմաներ, լինեն դրանք սոցիալական կամ տնտեսական, թե արտաքին քաղաքականության բնագավառում:

Վահան Հովհաննիսյանի, ինչպես նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցության համար մերժելի է Հայաստանի առջեւ կանգնած մարտահրավերների շահարկումը քաղաքական նպատակներով: Յուրաքանչյուր խնդիր պետք է բազմակողմանիորեն ենթարկվի քննարկման եւ վերլուծության, այնուհետեւ տրվի դրա լավագույն եւ օպտիմալ լուծումը:

Նույն մոտեցումը պահանջվում է նաեւ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ եվրոպական ինտեգրման գործընթացի իրականացման գործում:

Արտաքին քաղաքականությունը պահանջում է համալիր լուծումներ: Այդ պատճառով հնարավոր չէ եվրոպական ինտեգրման խնդիրներին անդրադառնալ առանց Թուրքիայի նկատմամբ քաղաքականության հստակեցման, Վրաստանի հետ որակապես նոր հարաբերությունների ձեւավորման, ինչպես նաեւ Արցախյան խնդրի կարգավորման եւ այլ խնդիրների լուծման:

Այս տեսանկյունից Վահան Հովհաննիսյանի համար բոլորովին ընդունելի չէ երկրի այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք Հայաստանի արտաքին քաղաքականությունը վարելու եւ երկրի շահերը հետապնդելու փոխարեն ավելի շատ մտահոգված են հարեւան երկրների եվրոպական ինտեգրման հիմնախնդիրներով:

Վահան Հովհաննիսյանը համոզված է, որ Հայաստանը պետք է բարձրացնի Թուրքիայի թշնամական վերաբերմունքի, հայ-թուրքական սահմանի եւ Հայոց ցեղասպանության համար Թուրքիայի պատասխանատվության հարցերը միջազգային ատյաններում։ Հայաստանի եւ Սփյուռքի համատեղ ջանքերով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում վերջին տարիներին ձեռք բերված արդյունքները հիմք են տալիս այս ուղղությամբ աշխատանք տանել նաեւ թուրք հասարակության հետ: Այսինքն, Թուրքիան պետք է ենթարկվի բարեփոխման եւ բավարարի Եվրամիության պահանջներին՝ մինչեւ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դառնալը:

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին, ապա նկատի ունենալով այդ երկրի հստակ ընդգծված ուղղությունը դեպի Եվրոպա, ինչը համահունչ է Հայաստանի քաղաքական առաջնահերթություններին, կարեւորվում են այդ երկրի հարաբերությունները ինչպես տարածաշրջանում անվտանգության ապահովման եւ կայունության պահպանման, հարավկովկասյան երկրների եվրոպական ինտեգրման գործընթացների խորացման, այնպես էլ երկկողմ փոխշահավետ համագործակցության եւ Ջավախքի հայության իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Հաշվի առնելով Ջավախքի առանձնահատուկ պայմանները եւ նման հարցերում միջազգային փորձը, Հայաստանը պետք է ջանք գործադրի հարեւան Վրաստանի հետ երկկողմ համաձայնագրեր կնքելու՝ Ջավախքի եւ հարակից շրջաններում ավանդաբար ապրող հայությանը տնտեսական, սոցիալական, քաղաքական եւ մշակութային կյանքի բոլոր բնագավառներում աջակցելու համար:

Արտակ Զաքարյան – ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀԿ արտաքին կապերի պատասխանատու,

քաղաքական

գիտությունների

թեկնածու.

ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում արտաքին քաղաքական՝ մասնավորապես եվրոպական ինտեգրման դրույթների մասին:

Արագ փոփոխվող աշխարհը՝ արդի մարտահրավերներին զուգահեռ, Հայաստանի համար բացում է նոր հնարավորությունների պատուհան:

Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ եւ նախաձեռնող՝ ապահովելով Հայաստանի ազդեցիկ մասնակցությունը միջազգային եւ հատկապես տարածաշրջանային գործընթացներին, որի համար անհրաժեշտ է.

* բազմակողմ եւ միջպետական երկկողմ հարաբերությունների ընդլայնում ու խորացում, դրանց ներդաշնակ համադրում, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի այլ երկրների հետ քաղաքական, տնտեսական կապերի զարգացման, ապրանքաշրջանառության աճի, մշակութային համագործակցության խթանման համար,

* միջազգային կառույցներին անդամակցության շարունակում եւ համագործակցության խորացում՝ ինտեգրման գործընթացի հիմքում դնելով մեր երկրի քաղաքական, տնտեսական եւ այլ բնույթի շահերի պաշտպանության առաջնայնությունը,

* տեղեկատվության եւ կապի ժամանակակից տեխնոլոգիաների բացառիկ հնարավորությունների կիրառում՝ միջազգային գործակցության եւ համայն հայության համախմբվածության ու համագործակցության համար, ինչն էլ կբազմապատկի մեր մրցակցային առավելությունները,

* այլ երկրների հետ տնտեսական, ֆինանսական եւ մշակութային համագործակցության կառուցում միջազգայնորեն ընդունված կանոններով,

* քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների համար միջազգային լավագույն փորձի եւ չափորոշիչների ներդնում, ինչը մի կողմից կբարձրացնի նրանց գործունեության արդյունավետությունը, մյուս կողմից կխթանի հարաբերությունները արտասահմանյան գործընկերների հետ, այդ թվում՝ մեխանիզմներ ստեղծելով արտերկրում մեր քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների շահերի պաշտպանության համար:

Մենք պետք է կառուցենք բնականոն հարաբերություններ մեր հարեւան պետությունների հետ: Մենք պատրաստակամ ենք լինելու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցում՝ համարելով, որ դրա հիմքում չեն կարող ընկած լինել ո՛չ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունից հրաժարվելու, ո՛չ ԼՂ հակամարտության հետ կապված եւ ո՛չ էլ այլ նախապայմաններ:

Եվրոպական ինտեգրման համատեքստում կարեւորվում է եվրոպական կառույցների հետ համագործակցության հետեւողական խորացումը:

Ա. Եվրոպական

միություն (ԵՄ)

Եվրոպական կառույցների, առաջին հերթին ԵՄ-ի եւ նրա անդամ երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից է:

ԵՄ-ի հետ բազմակողմ համագործակցության հետագա խորացումը դրական անդրադարձ կունենա Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման եւ իրավական պետության կայացման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:

Եվրոպական միության՝ որպես համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության խոշորագույն ուժային կենտրոններից մեկի հետ հարաբերությունների զարգացումը կարեւորվում է նաեւ առեւտրատնտեսական կապերի առումով, ինչը նշանակալի գործոն է Հայաստանի տնտեսական զարգացման համար:

ԵՄ-ի կողմից հովանավորվող տարածաշրջանային ծրագրերը նպաստավոր պայմաններ են ստեղծում Հարավային Կովկասում հարատեւ կայունության եւ համագործակցության մթնոլորտի հաստատման համար: Հայաստանի ընդգրկումը Եվրոպական հարեւանության քաղաքականություն (ԵՀՔ) ծրագրի մեջ՝ զգալի առաջընթաց է եվրոպական ներգրավման ճանապարհին:

ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների հաստատումը բխում է Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերից:

Բ. Եվրոպայի

խորհուրդ (ԵԽ)

Եվրոպայի խորհրդին անդամակցությունն ամրագրեց Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքում, քաղաքական, իրավական, մարդու իրավունքների ու մշակութային բնագավառներում եվրոպական չափանիշներին հետեւելու երկրի ընտրությունը:

Հայաստանը կարեւորում է Հարավային Կովկասում միջպետական մակարդակով եւ քաղաքացիական հասարակության դերակատարների միջեւ շփումները խթանելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը, ինչը կարեւոր գործոն է տարածաշրջանային համագործակցության խթանման, հակամարտությունների կարգավորման եւ տարածաշրջանային կայունության ապահովման համար:

Գ. Եվրոպայի

անվտանգության եւ

համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ)

Հայաստանի անդամակցությունը ԵԱՀԿ-ին՝ կարեւորվում է Եվրոպայի անվտանգության ու կայունության ապահովման, ժողովրդավարության եւ իրավական պետության չափանիշների տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքների առումով:

ԵԱՀԿ-ն Հայաստանի համար առանձնապես կարեւորվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսակետից՝ կապված այդ նպատակով ձեւավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ:

ԵԱՀԿ-ի գործունեության երեք հիմնական՝ ռազմաքաղաքական, մարդկային եւ տնտեսական-բնապահպանական չափումներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը լրացուցիչ կարեւոր գործոն է երկրի անվտանգության եւ կայունության համար:

Վիկտոր Ենգիբարյան-Հայաստանի

Եվրոպական շարժում

հ/կ նախագահ.

Եվրոպական մերձեցման համատեքստում ՀՀ նախագահի թեկնածուների ծրագրերի համեմատական վերլուծության ընթացքում համադրվել են Արթուր Բաղդասարյանի, Վահան Հովհաննիսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի եւ Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրերը:

Եվրոպական մերձեցման գործոնը այս կամ այն կերպ արտացոլված էր ՀՀ նախագահի թեկնածուներ Արթուր Բաղդասարյանի, Վազգեն Մանուկյանի եւ Վահան Հովհաննիսյանի ծրագրերում: Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում եվրոպական մերձեցմանն առնչվող ուղղակի արտահայտված դրույթներ չկան, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրում կան նույնիսկ իրար հակասող դրույթներ:

Վահան Հովհաննիսյանի ծրագրում խոսք է գնում միայն եվրոպական չափանիշներին համապատասխանեցման մասին, որը ներկայացված է ծրագրի արտաքին քաղաքականության բաժնում, մինչդեռ եվրոպական չափանիշներին համապատասխանեցումը դա եվրոպական մերձեցման միայն մեկ փոքր բաղադրիչն է, որը որեւէ ուղղակի առնչություն չունի երկրի արտաքին քաղաքականության հետ:

Վազգեն Մանուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը իրենց ծրագրերում բավականին իրատեսորեն քննարկում են ԵՄ անդամակցության հեռանկարը մեր պետության համար, իսկ Արթուր Բաղդասարյանի ծրագիրը հատկապես աչքի է ընկնում իր առանձնակի «եվրոպականությամբ», սա թերեւս միակ ծրագիրն է, որտեղ շատ թե քիչ հստակ երեւում են երկրի եվրոպական մերձեցման ճանապարհները:

Կարծում ենք, որ նախընտրական ծրագրերի ստեղծման հիմքում դրված է եղել կոնկրետ դրույթների ընկալելիության աստիճանը հասարակության կողմից, քանի որ ծրագրի նպատակը, ի վերջո, ընտրազանգվածը ընդլայնելն է: Այս պարագայում պետք է եզրակացնել, որ եվրոպական մերձեցման գործընթացը ներքին եւ արտաքին քաղաքական բնագավառներում հասարակության կողմից մեծ հետաքրքրություն չի առաջացնում կամ մեծ պահանջարկ դեռեւս չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել