«Առավոտին» այս տարի տված առաջին հարցազրույցում հիշեցրեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը եւ 2008 թվականին խոստացավ նաեւ այլ անակնկալներ:
– Պարոն Խաչատրյան, օգոստոսին կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին վեց ամսից էլ պակաս ժամանակ է մնում: Ինչպե՞ս են ընթանում գործերը մեր ազգային հավաքականներում:
– Ամեն բան ընթանում է բնականոն հունով: Անցած ծանր մրցաշրջանի ավարտից հետո ծանրորդները հանգստացել, վերականգնողական պրոցեդուրաներ են անցել ու տարեսկզբից սկսել են նախապատրաստվել 2008-ի կարեւորագույն մրցումներին, որոնց մեջ, անխոս, գլխավորը Պեկինի օլիմպիական խաղերն են: Բայց տարվա անդրանիկ պատասխանատու մեկնարկը ապրիլի 11-ին Իտալիայի Լիգնանո քաղաքում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությունն է, որտեղ մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք լուծելու: Դրանք իր առջեւ դրել է ծանրամարտի ֆեդերացիան: Խոսքն առաջին հերթին վերաբերում է մեր աղջիկներին: Նրանք պիտի ջանան օլիմպիական եւս երկու ուղեգիր նվաճել, ինչն իրագործելի առաջադրանք է: Բացի այն, որ աղջիկների հավաքականը (տղաներինը նույնպես) պայքարելու է թիմային հաշվարկով մրցանակային տեղ գրավելու համար, դրան զուգահեռ Լիգնանոյում նրանցից պահանջվելու է հաղթել այն երկրների ազգային հավաքականներին, որոնք օլիմպիական ուղեգրեր չունեն: Այդ պայքարում հիմնական մրցակիցը լինելու է Թուրքիան: Մյուսները շատ հեռու են: Եվ, ընդհանրապես, երկու հավաքականներն էլ նպատակ ունեն կրկնել նախորդ երկու տարիների ձեռքբերումները եւ, ինչու չէ՝ հնարավորության դեպքում նաեւ գերազանցել: Թե որքանո՞վ կհաջողվի Իտալիայում երեք ոսկե, նույնքան արծաթե, իսկ ընդհանուր առմամբ՝ 18 մեդալ նվաճել, եւ մեդալների քանակով Եվրոպայում թիմային հաղթող դառնալ, ինչպես 2007 թվականին էր, ճիշտ է, վաղ է ասել, բայց մի բան հաստատ է. ծանրորդները մարզասերներին հուսախաբ չեն անի:
– Իսկ օլիմպիական խաղերից ի՞նչ սպասելիքներ ունենք:
– Եվրոպայի առաջնության արդյունքներով 90 տոկոսով կկազմավորվեն տղաների եւ աղջիկների հավաքականները, որոնք արդեն հատուկ ծրագրով կնախապատրաստվեն օլիմպիական խաղերին: Մենք մեր խոստումը չենք մոռացել եւ անելու ենք հնարավոր ամեն բան՝ Պեկինում Հայաստանի պետական դրոշը ծածանելու եւ, Աստված տա, նաեւ օրհներգը հնչեցնելու համար:
– Ձեզ համար որքան էլ արդեն ձանձրալի լինի, չենք կարող չանդրադառնալ դոպինգի խնդրին:
– Այդ չարիքի դեմ ամբողջ աշխարհն է պայքարում ու այդ պայքարն օր օրի ավելի է խստանում: Դա մեզ ու Հայաստանի նման երկրների համար ձեռնտու է: Կարծում եմ, արդեն բոլորն են համոզվել, որ այն օրվանից, ինչ ստանձնել եմ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պարտականությունը, արգելված խթանիչների օգտագործման խնդիրը մեզանում վերացվել է: Երեւի չեք մոռացել, որ միայն անցած տարի աշխարհի, Եվրոպայի առաջնությունների միջեւ ընկած ժամանակահատվածներում, մեր ծանրորդների մարզումների եւ ուսումնամարզական հավաքներում գտնվելու ընթացքում շուրջ հարյուր անակնկալ դոպինգ-ստուգում է անցկացվել թե մեր, թե միջազգային կազմակերպությունների կողմից: Ու ամեն անգամ ծանրորդները «մաքուր» են եղել: Մենք շեշտը դնում ենք բարձր կալորիականությամբ բնական սննդի, սպիտակուցների վրա եւ ապացուցում, որ ուժեղագույնների հետ պայքարում հաղթել հնարավոր է նաեւ առանց դոպինգ օգտագործելու:
– Օլիմպիական խաղերում հաջողությունների հասնելը մեծապես կախված է նաեւ տեղում մրցավարներ ունենալուց:
– Մենք ներկայացրել ենք ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, վաստակավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի թեկնածությունը, որը աշխարհի, Եվրոպայի առաջնություններ սպասարկելու մեծ փորձ ունի: Պատասխանը խոստացել են տալ մոտավորապես մարտի 10-ին: Ասեմ, որ IWF-ն աշխարհի տարբեր երկրներից ստացել է 268 դիմում, որոնցից ընտրելու է միայն 24 հոգու:
– Լիգնանոյում կայանալիք Եվրոպայի առաջնության օրերին տեղի են ունենալու մարզաձեւի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահի եւ ղեկավար մարմինների նոր ընտրություններ: Հայաստանը որեւէ հավակնություն չունի՞:
– Համապատասխան դիմում ներկայացվել է: Հնարավոր է, որ Հայաստանը EWF-ի ղեկավար մարմիններում մեկ կամ երկու տեղ ունենա:
– 2008 թվականին էլ ի՞նչ պատասխանատու մրցումներ ունեք:
– Հունիսի 16-ին Կոլումբիայում մեկնարկելու է աշխարհի երիտասարդական առաջնությունը, հուլիսին Ֆրանսիայում կմասնակցենք Եվրոպայի պատանեկան առաջնությանը, իսկ տարին կեզրափակենք սեպտեմբերին Ալբանիայում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությունով: Եվ այս բոլոր մրցումներում հայաստանցի մարզասերներին նոր հաճելի անակնկալներ ենք ուզում մատուցել: