Լրահոս
Օրվա լրահոսը

Նարնջագույն Երեւան

Փետրվար 23,2008 00:00

Փետրվարի 21-ին ռուսական ինտերնետային «Գուդոկ» թերթը (gudok.ru) անդրադարձել է ՀՀ նախագահական ընտրություններին: «Նարնջագույն Երեւան: Սերժ Սարգսյանին հաջողվեց վերցնել իշխանությունը, մնում է այն պահել» վերնագրով հոդվածում, մասնավորապես, գրված է. «ՀՀ նոր նախագահին դեռ սպասվում է դիմակայել երեկ փողոց դուրս եկած գազազած ընդդիմության ճնշմանը: ՀՀ վարչապետ Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 50%-ը եւ հաղթել է հենց առաջին փուլում: Երկրորդ տեղը գրավել է հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն անցած աշնանը անսպասելիորեն վերադարձավ քաղաքականություն՝ տասը տարվա լռությունից հետո, եւ իր շուրջը միավորեց ավելի քան քսան ընդդիմադիր ուժերի: Մնացած յոթ թեկնածուները հավաքել են ձայների չնչին քանակություն: ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները հայաստանյան ընտրությունները կոչել են արդար եւ ազնիվ, բայց Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն արդյունքների հետ համաձայն չեն: Նրանք որոշել են ուկրաինական «նարնջագույնների» օրինակով պայքարել փողոցային մեթոդներով: «Սերժ Սարգսյանը միշտ եղել է ՌԴ-ի գործընկերը, դրա համար մեզ համար կարեւոր է, որ նա հաղթեց լավ արդյունքներով,-«Գուդոկին» ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխայիլ Ալեքսանդրովը, ու շարունակել,- իսկ ընտրությունները տանուլ տված Լեւոն Տեր-Պետրոսյանի հետեւում կանգնած է Արեւմուտքը: Նա մի քանի անգամ մեկնել է ԱՄՆ՝ բանակցելու եւ ի վերջո «նշանակվել է» միավորված ընդդիմության առաջնորդ: Այսօր, մարդկանց հանելով փողոց, նա, անշուշտ, հույսը դնում է իր հովանավորների աջակցության վրա: Սակայն հիմա այն պահը չէ, որ Տեր-Պետրոսյանի արտասահմանյան գործընկերները կարող են Հայաստանում ակտիվություն ցուցաբերել: Նրանց մոտ պրոբլեմներ են առաջացել՝ Կոսովոյի հետ կապված, եւ նրանց ամբողջ ուշադրությունն այն կողմում է՝ Երեւանի ժամանակը չէ: ՀՀ-ի վրա ուժեղ քաղաքական ճնշում չի լինի, եւ Սերժ Սարգսյանը իշխանությունը կպահի»: Քաղաքագետի կարծիքով՝ հիմնական ինտրիգը այն է, թե որքան դաժան կլինի օրենքով ընտրված իշխանության բախումն ընդդիմության հետ, գործը կհասնի՞ կրակոցների: Տեր-Պետրոսյանի հետեւում կանգնած են շատ գրոհայիններ, որոնք մասնակցել են ղարաբաղյան պատերազմին, եւ պատրաստ են զինված դիմակայությանը: «Բայց Սերժ Սարգսյանն էլ՝ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, պատերազմ տեսած պինդ մարդիկ են: Նրանք հենց այնպես չեն հանձնվի: Մայդանը Երեւանում չի գործի»,- համոզված է Միխայիլ Ալեքսանդրովը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել