Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԻՎ 27-ՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԷՐ

Փետրվար 23,2008 00:00

\"\"Ակնհայտ էր, որ թիվ 27/30-ում լցոնում էր արվել Սերժ Սարգսյանի օգտին

Երեկ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց պահանջով Կոտայքի մարզի թիվ 27 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (ԸԸՀ)՝ նախագահ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ, սկսել էր վերահաշվարկել այդ ընտրատարածքի թվով 9 տեղամասերի քվեարկության արդյունքները: Երեկ բացվեց Գառնի գյուղի թիվ 27/30 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների փաթեթը, թեեւ Տեր-Պետրոսյանի վստահված անձինք պնդում են, որ այդ գյուղի բոլոր երեք ընտրատեղամասերում էլ՝ 27/28, 27/29 եւ 27/30, ապօրինություններ են եղել, եղել են վստահված անձանց ահաբեկումներ եւ սպառնալիքներ: Ավելին, այդ տեղամասերում ՀՀ առաջին նախագահի վստահված անձանց՝ Խաչիկ Մարտիրոսյանին, Արամ Եսայանին եւ Սաղաթել Գալստյանին, ժամը 20:15-ին գյուղապետ Աշոտը ոստիկանության օժանդակությամբ բռնի ուժով դուրս է հանել ընտրական տեղամասերից: Բոլոր երեքն էլ հայտարարությամբ դիմել էին ոստիկանություն: Խաչիկ Մարտիրոսյանը «Առավոտին» փոխանցեց, որ Գառնիի թիվ 27/30 տեղամասում, որտեղ ինքն էր եղել, հայտնաբերել էր, «որ քվեատուփում կա շուրջ 500 քվեաթերթիկ, այն դեպքում, երբ ըստ ստորագրությունների, որոնք ինքն անձամբ էր հաշվել, եղել է ընդամենը 124: Այսինքն՝ 376 քվեաթերթիկ արդեն լցոնված էր այդ պահին: Ժամը 18:30-ի սահմաններում, երբ այդ պակասող ստորագրությունները դեռ լրացված չէին, որովհետեւ ես խոչընդոտում էի դա անել, ինձ սպառնացին, որ կամ դուրս գամ տեղամասից, կամ՝ լուռ նստեմ: Ես չեմ համաձայնել»,- ասաց Խ. Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները Գառնիի գյուղապետի գլխավորությամբ նրան դուրս են հանել տեղամասից: Նա նաեւ շեշտեց, որ բոլոր երեք տեղամասերում էլ ընդդիմության ներկայացուցիչ «հանձնաժողովականները» աշխատել են Ս. Սարգսյանի օգտին. «Լցոնումների դեմն առնել մենք չենք կարողացել: Ավելին, լցոնումներն արել են ոչ թե «դրսի» մարդիկ, այլ՝ հենց հանձնաժողովի անդամները»:

Այս ընտրատեղամասի վերահաշվարկը ԸԸՀ-ում շատ ուշագրավ էր: Այստեղ քվեարկել էր 988 քաղաքացի: Վերահաշվարկի արդյունքում Լ. Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկած 140 քվեաթերթիկներից երկուսը համարվեց անվավեր: Իսկ ահա Ս. Սարգսյանի օգտին քվեարկել էր 563 հոգի: Իսկ ուշագրավն այն էր, որ Ս. Սարգսյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներում առյուծի բաժին էին կազմում նրա անվան դիմաց ակնհայտորեն նույն ձեռագրով եւ նույն թանաքով արված «պտիչկաները»: Դա չնկատել հնարավոր չէր (տես լուսանկարում):

Ամենախայտառակ ընտրությունները թիվ 27 ԸԸՀ-ում, Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ տիկին Մարիետայի պնդմամբ, եղել են թիվ 27/5 եւ 27/15 ընտրական տեղամասերում: Մասնավորապես, թիվ 27/5-ում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձը՝ Ավետ Ալեքսանյանը, մի պահ դուրս է եկել ծխելու, իսկ երբ վերադարձել է, հանձնաժողովի սեղանին հայտնաբերել է 100 հատ քվեաթերթիկների ելունդներ: Նա դրանց համարները գրանցել է ու պարզել, որ այդ համարով քվեաթերթիկներ տեղամասին տրված չեն եղել: «Այսինքն՝ 100 հատ բերվել եւ լցոնվել է: Լցոնումները երեւում են նաեւ կեղծ ստորագրություններով: Չեն հասցրել լցոնել 29 քվեաթերթիկ: Հաշվարկի ժամանակ 29 քվեաթերթիկ պակասել է՝ ելունդները կան, քվեաթերթիկները՝ ոչ: Հանձնաժողովում պատճառաբանել են, թե ընտրողը, գուցե, քվեաթերթիկը վերցրել է, դատարկ ծրարը գցել է քվեատուփ եւ հեռացել: Բայց արձանագրության մեջ որեւէ նշում չկա դատարկ ծրարներ հայտնաբերելու փաստի մասին»,- պարզաբանեց տիկին Մարիետան: Այդ տեղամասի արդյունքները դեռ չեն վերահաշվարկվել:

Փոխարենը երեկ թիվ 27 ԸԸՀ-ի անդամները վերահաշվարկել են նաեւ Մրգաշեն գյուղի թիվ 27/15 տեղամասի արդյունքները: Հիշեցնենք, որ դա բանակի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի հարազատ գյուղն է, որտեղ խոստացել էին, որ Տեր-Պետրոսյանն անգամ մեկ ձայն չի ստանա: ԸԸՀ-ում վերահաշվարկի ժամանակ այդ տեղամասի արդյունքների արձանագրությունը հասցրել էին համապատասխանեցնել կեղծված արդյունքների հետ: Տիկին Մարիետայի ձեռքի տակ եղած տեղամասային հանձնաժողովի կազմած արձանագրության համաձայն, այստեղ Լ. Տեր-Պետրոսյանը ստացել էր 127, իսկ Ս. Սարգսյանը՝ 551 քվե, մինչդեռ ԿԸՀ-ի արձանագրության մեջ այդ թիվը դարձվել էր համապատասխանաբար՝ 77 եւ 823: Տեր-Պետրոսյանի շտաբը, մեր տեղեկություններով, պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել