Այդպես է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեկնաբանում իր կեցվածքը անցած նախագահական ընտրություններում (շարունակություն):
Երեկ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մամուլին էր ուղարկել հետեւյալ բովանդակությամբ նամակ. «Հարգելի ընթերցող, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արտաշես Գեղամյանի հարցազրույցի ամբողջական տեքստը, որ նա տվել էր ԼՏՊ-ին սպասարկող թերթերից մեկին (խոսքը «Առավոտի» մասին է.- խմբ.): Ուշագրավն այն է, որ ժողովրդավարության մասին անընդհատ քարոզողները իրենց ամենօրյա գործունեության մեջ առաջնորդվում են երկակի ստանդարտներով: Այն, ինչ պարունակում է քննադատություն Լեւոնի հասցեին՝ բնավ տեղ չի գտնում ՀՀՇ-ական մամուլում: Հարց է ծագում, այդ դեպքում նրանք ինչո՞վ են տարբերվում իշխանության հսկողության ներքո գործող «պատասխանատու» լրատվամիջոցներից»: Չմտնելով պարոն Գեղամյանի հետ բանավեճի մեջ, տպագրում ենք նրա ուղարկած տեքստի երեկ չհրապարակված մասը՝ եզրակացությունը թողնելով ընթերցողներին:
– Եթե Սերժ Սարգսյանը Ձեզ հրավիրի գործադիրում կամ մեկ այլ պետական աշխատանքի, կընդունե՞ք հրավերը:
– Ես ձեր այդ հարցին անուղղակիորեն արդեն իսկ պատասխանել եմ:
– Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ տեղի են ունենում բազմամարդ հանրահավաքներ, հնարավո՞ր է Դուք ձեր կուսակցությամբ միանաք ընդդիմադիրներին:
– Եթե ընդդիմադիր ասելով նկատի ունեք մեր ժողովրդին, ովքեր երկրում ակնկալում են փոփոխություններ, ապա ես եւ իմ գործընկերները մշտապես միաբանված ենք եղել մեր քաղաքացիների հետ եւ երբեք այլ խնդիրներ չենք դրել մեր առաջ: Պարզապես, բարեփոխումներ իրականացնելու առաջին նախապայմանն է, որ երկիրը, պետությունը պահպանենք: Մինչդեռ նախորդ իշխանություններն ինչքան էլ բարեհունչ կարգախոսներով քողարկեն սեփական ճառերը, նրանց իրական նպատակները հայտնի են: Վերջիններիս կողմից խնդիր է դրված ամեն գնով հանրապետությունում ապակայունացնել իրավիճակը: Այդ նպատակին հասնելու համար լայնորեն կիրառվում են արդեն իսկ առանձին երկրներում փորձարկում անցած տարբեր գույների ու երանգների հեղափոխական գործառույթներ. ժողովրդի մի հատվածի միանգամայն արդարացի բողոքն ուղղորդել երկիրը, կրկնում եմ, երկիրը «կազմաքանդելու» հուն: Այդ սցենարի պատվիրատուները շատ շուտով հայտնի կդառնան մեր ժողովրդի ամենալայն զանգվածներին: Ամբողջացնելով ձեր տված հարցի պատասխանը, ասեմ, որ ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքում ԼՏՊ-ն, թերեւս, կարողացավ հաղթահարել «սեւ շենքի» մշտաբնակ ուրվականը լինելու սեփական բարդույթը: Սակայն, եթե նա շարունակի այսօր ծավալած պառակտիչ, երկրի ապագային ոչ մի լավ բան չխոստացող իր գործողությունները, ապա չեմ կարծում, որ այս անգամ էլ նա կներվի թե՛ ժողովրդի, թե՛ իշխանությունների, թե՛ պատմության կողմից:
– Դուք կանխատեսում էիք, որ ընտրությունների հաջորդ օրը Մատենադարանի մոտ հավաքվածներին Սերժ Սարգսյանը շամպայն կուղարկի, սակայն, ինչպես տեսաք, քաղաքի փողոցներում զինվորներ են եւ ոստիկաններ: Սպասո՞ւմ էիք նման զարգացումների:
– Կարծում եմ, պարոն Ս. Սարգսյանը սպասում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ պաշտոնական որոշման կայացմանը, թերեւս, միգուցե դա էր պատճառը, որ շամպայն չուղարկեց: Եվ դա ինքնին հասկանալի է: Ինչ վերաբերում է Երեւանի փողոցներում զինվորականների եւ ոստիկանների ներկայությանը, ապա դա էլ, գտնում եմ, պայմանավորված է նրանով, որ իշխանությունները այս պարագայում հարգալից վերաբերմունք են դրսեւորել առաջին նախագահի հրապարակավ հնչեցրած խնդրանքին: Հիշո՞ւմ եք, պարոն Տեր-Պետրոսյանը Արտաշատում կայացած հանրահավաքի ժամանակ հուսահատված աջուձախ նայելով բղավում էր՝ «Ոստիկանություն, որտե՞ղ է ոստիկանությունը»: Այնպես որ, իշխանությունները միշտ չէ, որ անտեսում են նրա կողմից իրենց հասցեին ուղղված քննադատությունը: Սպասո՞ւմ էի, արդյոք, ես նման զարգացումների, ձեր տված այս հարցին էլ պատասխանեմ. ոչ միայն սպասում էի, այլեւ ամիսներ առաջ կանխատեսել եւ պաշտոնապես հայտարարել էի: Ավելին, նման անցանկալի զարգացումներն անվտանգ հուն տեղափոխելն էլ եղել էր իմ կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու դրդապատճառներից մեկը:
– Ընդունված է, որ հաղթող թեկնածուին նրա մրցակիցները շնորհավորում են, Դուք պատրաստվո՞ւմ եք սեղմել Սերժ Սարգսյանի ձեռքը:
– Այս գործում ձեր անհանգստությունն ինքնին հասկանալի է, հարցի ենթատեքստն էլ պարզ է: Հավանաբար, մտածում եք. Ֆրանսիայի պրեզիդենտը՝ Նիկոլա Սարկոզին, Ռուսաստանի Դաշնության նախագահը՝ Վլադիմիր Պուտինը, Վրաստանի նախագահը՝ Միխայիլ Սահակաշվիլին, Ամենայն հայոց կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ն, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. կաթողիկոսը շնորհավորեցին, իսկ ՀՀ նախագահի թեկնածուներն ինչո՞ւ են հապաղում շնորհավորել Սերժ Սարգսյանին: Կարծում եմ, ձեր հարցն առաջին հերթին պետք է ուղղվի ընտրության արդյունքում երկրորդ տեղը զբաղեցնողին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Նա իր այդ քայլով կփարատի արդեն իսկ համոզմունքի վերածվող այն կարծիքը, որ քաղաքական հրապարակ է վերադարձել ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի, այլ առաջնորդվելով իրեն ավելի քան 10 տարի մոռացության մատնած ժողովրդի նկատմամբ վրեժխնդրությամբ: Ինչ վերաբերում է իմ շնորհավորանքին, ապա ձեր թերթի միջոցով ես, Հանուն Ազգային Միաբանության շնորհավորում եմ պարոն Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ սեղմում նրա ձեռքը: