Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՐՈՏԻԿԱՅԻ» ՎԵՐՋԸ ԵԿԵԼ Է

Փետրվար 23,2008 00:00

Վստահեցնում են հանրահավաքի մասնակիցները

\"\"Ազատության հրապարակում վրաններում եւ վառարանների կողքին ողջ գիշերն անցկացրած բազմահազար մարդկանց երեկ միացան հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող նոր ուժեր: Մասնավորապես, կեսօրին հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցելու իր որոշման մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ շարժմանը միացել է նաեւ ԱԺ 7 պատգամավոր՝ ՀՀԿ անդամ Մանվել Ղազարյանը («Վեդի Ալկոյի» սեփականատեր), Հրանտ Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Արմեն Մխիթարյանը, «Բարգավաճ Հայաստանից»՝ Կարո Կարապետյանը, Տիգրան Ստեփանյանը եւ Ռուստամ Գասպարյանը:

\"\"«Ես առայժմ դատախազ եմ եւ ձեզ բռնությունների կոչ չեմ անում, բայց ասում եմ՝ չընկրկե՛ք որեւէ ուժի առաջ: Մեր երկրում չկա ոչ մի գեներալ ու ոչ մի զինվորական, որ կարողանա ձեռք բարձրացնել հայ ժողովրդի վրա»,- հանրահավաքի ժամանակ հայտարարեց Գ. Ջհանգիրյանը՝ ժողովրդին կոչ անելով այսուհետեւ Լ. Տեր-Պետրոսյանին կոչել ոչ թե հանրապետության առաջին, այլ երրորդ նախագահ:

Գ. Ջհանգիրյանն անդրադարձավ նաեւ «Հոկտեմբերի 27»-ի դեպքերին. «Ես ինքս ինձ հետ ազնիվ չէի լինի, եթե «27»-ը չքննարկեի ձեզ հետ: Ես միանշանակ միանում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի տված քաղաքական գնահատականներին, «27»-ից անջատված մասով Քրեական գործի վարույթը կարճվեց եւ կարճվեց քրեական դատավարության օրենսգրքի կոպիտ խախտումներով, եւ այդ անջատված մասով քննությունն արգելվում է»:

Այն պահին, երբ Գ. Ջհանգիրյանը հայտարարում էր Լ. Տեր-Պետրոսյանին իր աջակցության մասին եւ հրապարակում պարում էր առաջին նախագահի ու հանրահավաքի մասնակիցների հետ, ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ գլխավոր դատախազը միջնորդել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանին Գ. Ջհանգիրյանին ազատել զբաղեցրած պաշտոնից եւ հեռացնել դատախազության համակարգից, քանի որ օրենքն արգելում է դատախազներին զբաղվել քաղաքականությամբ:

Երեկ հանրահավաքին մասնակցում էր նաեւ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա, դիմելով վարչապետ Սերժ Սարգսյանին, նրան կոչ արեց ժողովրդից ներողություն խնդրել ու միանալ քվեարկության արդյունքների վերանայման շարժմանը. «Արդյոք հնարավո՞ր է ժողովրդի վստահության քվեն ձեռք բերել լցոնումների եւ բռնությունների միջոցով: Սա՞ է այն հաղթանակը, որին ինքը արժանի է»:

«Երկրապահ կամավորականների միության» փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանն էլ հայտարարեց, որ բոլոր երկրապահներն ու մահապարտները, ֆիդայիներն ու ազատամարտիկները մեկ միասնական դրոշի տակ միացել են Լ. Տեր-Պետրոսյանի շարժմանը: Մ. Մալխասյանը անդրադարձավ նաեւ նախընտրական շրջանում, իր իսկ խոսքերով՝ «իշխանությունների խոսափող դարձած» Արտաշես Գեղամյանին, վերջինիս ամոթանք տվեց ու մեղադրեց նախընտրական շրջանում իր ստոր պահվածքի համար:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հանրահավաքը խաղաղ միջոցառում է, եւ իրենք հավաքվել են միայն իրենց բողոքն արտահայտելու՝ ընդդեմ իշխանական «բեսպրեդելի». «Մենք պահանջում ենք, որ պատժվեն բոլորը՝ Մխչանի մկան լակոտները, Նեմեց Ռուբոն ու իր սափրագլուխները, Խուճուճ Էդոն, Թոխմախի Մհերն ու նրա լակոտները, Լֆիկ Սամոն ու ճիվաղ, ծծած մոմպաս Հարութ Փամբուկչյանը»:

Բազմահազար ուսանողները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնացին գլխավոր դատախազության շենքի մոտ՝ պահանջելու, որ պատասխանատվության ենթարկվեն բոլոր ընտրակեղծարարները:

ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանն էլ անդրադարձավ Հանրային առաջին հեռուստաալիքի ու իր իսկ խոսքերով՝ «Հոկտեմբերի 27»-ի «կասկածյալ» Ալիկ Հարությունյանի վարքագծին. «Ինչո՞ւ պետք է մեր միջոցներով Հ1 պահենք, բայց մեր հանրահավաքները «Եվրոնյուզով» նայենք»: Մնացած 2 տասնյակից ավելի հեռուստաընկերություններին եւս Գ. Հարությունյանը որակեց որպես ստրկամիտ, որոնք սնվում են օլիգարխների կեղտոտ փողերով:

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ժողովրդին կոչ արեց 1998-ի եւ 2003-ի նախագահական ընտրությունների նման մեկ անգամ եւս չսխալվել. «Երրորդ անգամ սխալվել չկա: Անցել են քաղաքական էյֆորիայի եւ էրոտիկայի պահերը»:

Նիկոլ Փաշինյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ նախորդ գիշեր Ազատության հրապարակում գիշերած մարդկանց թիվն անցել է 20 հազարից: Նրա խոսքերով՝ «Այսօր հրապարակում գիշերողների եւ վրանների թիվը պետք է կրկնապատկվի: Երեկոյան մենք շուրջպար բռնելով՝ գրոհով վերցնելու ենք իշխանությունը: Այլեւս չենք կարող հանդուրժել քոչարյանասերժական կլանը»:

Նշենք նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի համաժողովրդական շարժմանը միացել էին ԵՊՀ-ի, «Ճարտարագիտական համալսարանի» եւ այլ բուհերի բազմահազար ուսանողներ, որոնցից շատերը նախորդ օրը գիշերել էին Ազատության հրապարակում՝ վրանների մեջ կամ խարույկների շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել