Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՎԱՎԵՐՆԵՐԸ՝ ՀՕԳՈՒՏ ՍԵՐԺԻ

Փետրվար 23,2008 00:00

Թիվ 38/1-ի արձանագրության մեջ անվավեր քվեաթերթիկների թիվը 31 է, իսկ ԿԸՀ ամփոփ արձանագրության մեջ այդ թիվն արդեն դարձել է 11: Արտաշես Գեղամյանի, Արամ Հարությունյանի եւ Արման Մելիքյանի 3-ական քվեներն անհետացել են: Սերժ Սարգսյանն ըստ արձանագրության ստացել էր 496 քվե, իսկ ԿԸՀ-ի կայքէջում՝ 516: Փոփոխության չեն ենթարկվել միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արթուր Բաղդասարյանի ստացած ձայները:

Նույն պատկերին ենք հանդիպում 38-րդ ընտրատարածքի այլ տեղամասերում: Բոլոր դեպքերում սկզբունքը նույնն է՝ ձեռք չի տրված Արթուր Բաղդասարյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ձայներին, անվավեր քվեները պակասեցված են եւ երբեմն 0-ի են հասցված մյուս թեկնածուների ձայները՝ թեկուզ 1 կամ 2 քվեն: Եվ գրեթե բոլոր դեպքերում, ավելացվել են Սերժ Սարգսյանի, երբեմն նաեւ՝ Վահան Հովհաննիսյանի ձայները, մոտավորապես այնքանով, որքանով կորուստ են կրել մյուս տրցակները, եւ հատկապես՝ անվավեր քվեաթերթիկները: Որպես ապացույց ներկայացնենք. 38-րդ ընտրատարածքի թիվ 2, 3, 4, 5, 6, 9, 10, 13, 14, 15, 17, 18, 19, 20, 21, 56, 57, 61 ընտրատեղամասերում արձանագրության մեջ անվավեր քվեաթերթիկները շատ են միջինը 10-20 հատով՝ կայքէջում տեղադրվածի համեմատ: Այս բոլոր ընտրատեղամասերում գրեթե նույնքանով ավելացված են Սերժ Սարգսյանին տրված ձայները:

Մի քանի այլ օրինակ: Թիվ 38/9 ընտրատեղամասում անվավեր 31 քվեաթերթիկները ԿԸՀ-ն ներկայացնում է 0, եւ Սերժ Սարգսյանի 453 ձայնը դարձել է 484: Այս դեպքում ավելացել են նաեւ Վահան Հովհաննիսյանի 64 ձայները՝ դառնալով 78: Թիվ 38/56 ընտրատեղամասում 40 անվավեր քվեաթերթիկը ԿԸՀ-ում դարձել է 20, Սերժ Սարգսյանի 1052 ձայնը դարձել է 1072:

Թիվ 38/61 տեղամասում 18 անվավեր քվեաթերթիկները դարձել են 10, Սերժ Սարգսյանի ձայները համապատասխանաբար ավելացել են 8-ով՝ 540-ից դառնալով 548, բայց, չգիտես ինչու, այս դեպքում 100 ձայնի կորուստ է կրել Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ արձանագրության 664 ձայնը ԿԸՀ-ում վերածվել է 564-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել