Ասում է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, որը մասնակցում էր ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի քարոզարշավին:
Այն համաձայնագրում, որը ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանը կնքում էր ընտրողների հետ, առաջին տողը հետեւյալն էր. «Ես՝ Վահան Հովհաննիսյանս, պարտավորվում եմ ապահովել ազատ ընտրություններ»: Թե ինչպես անցան այս մի ընտրությունները՝ վկայում է թեկուզ հետեւյալ փաստը. Կենտրոնի թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկով պարզվեց՝ թեեւ արձանագրվել էր, որ Վահան Հովհաննիսյանի օգտին փետրվարի 19-ին քվեարկել է ընդամենը 3 ընտրող, իրականում նրա օգտին քվեարկածների թիվը 120 էր: Այնուամենայնիվ՝ ՀՅԴ-ն տեր չկանգնեց սեփական քվեներին եւ օրեր շարունակ հապաղեց իր գնահատականը հայտնել կատարված ընտրախախտումների վերաբերյալ (մինչեւ երեկ, երբ Վահան Հովհաննիսյանն անձնական որոշումով հրաժարական տվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից՝ նաեւ հանդարտության եւ զսպվածության կոչ անելով): Սակայն ՀՅԴ-ն քվեարկության օրն էլ չընդվզեց խախտումների դեմ, թեեւ մինչ այդ ՀՅԴ ղեկավարները հպարտանում էին, թե ՀՅԴ-ն ընտրակեղծիքներին դիմագրավելու «բավական մեծ հռչակ ունի»:
Վահան Հովհաննիսյանի հետ համաձայնագիր կնքած քաղաքացիներից մեկից՝ ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանից, որը նաեւ քարոզչություն էր անում նրա օգտին՝ հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում այս փաստերին: «Ես իրավասու չեմ պատասխանել նման հարցերի: Բայց ընդունում եմ, որ ՀՅԴ-ն իրոք հապաղում է հայտնել իր ամբողջական գնահատականը,- ասաց պրն Արշակյանը:- Սակայն ես իմ ընտրության համար չեմ փոշմանել: Ես կատարել եմ խղճիս եւ քաղաքացիական պարտքիս համապատասխան ընտրություն: Միակ բանը, որ կուզենայի ասել՝ հետեւյալն է. ես ափսոսում եմ, որ նման այլանդակ ընտրություններ եղան մեր երկրում: Ես վստահ եմ, որ ինչպես ՀՅԴ-ից են մի տեղամասում կողոպտել 117 քվե՝ կողոպտել են նաեւ յուրայիններին, իրենց դրածո թեկնածուներին: Բոլորին հայտնի է, որ առնվազն 5 հոգով էր խաղում հիմնական թեկնածուն: Եվ այժմ ավելի պարզ է դառնում, թե այդ 5 թեկնածուներն ինչ դերակատարություն ունեին ու շարունակում են ունենալ՝ հիմա էլ օգտագործվում են արհեստականորեն փակելու իսկական բողոքների ճանապարհը:
Այս ամենը, ինչ տեղի է ունենում, իհարկե, այլանդակություն է: Ու շատ վատ է, որ ժամանակին այդպես վարվել են այն ուժերը, որոնց այսօր հարվածում է իրենց իսկ նետած բումերանգը»:
Ընդմիջենք՝ հիշեցնելու համար, որ այս գնահատականները տալիս է մի մարդ, որը բռնությունների է ենթարկվել 1996-ի ընտրություններից հետո: Եվ այժմ Աղասի Արշակյանն ասաց. «Բայց միեւնույն է՝ նույնիսկ հին ռեժիմի օրոք հանիրավի տուժած մարդուս համար է վիրավորական, որ ժողովրդի մի հսկա զանգվածի կարծիքի հետ վարվում են այս մեթոդներով: Ու թեեւ մեկ ուրիշն անթաքույց լավ կզգար՝ տեսնելով, թե ինչ են անում հիմա Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ, ես էլի եմ ասում՝ այն, ինչ արվում է նրա ու նրա համախոհների գլխին՝ պակաս ստորություն չի: Միանգամայն դատապարտելի են բոլո՛ր կեղծարարները եւ իշխանության այն օղակները, որոնք հերթական անգամ ծածկադմփոց են անելու: Այ, ասում են՝ թիվ 9/31 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին ձերբակալել են: Նրան կդատեն այնպես, ինչպես դատեցին Ապարանի Վարդենիս գյուղի նախկին գյուղապետ՝ ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահին, որը նույն դատողների ցուցումով կեղծել էր ԱԺ ընտրությունների արդյունքները: Տվեցին 1 տարի՝ 4 ամիս նստեց ու հիմա ազատության մեջ է: Նույն կերպ կանեն նաեւ այժմ, քանի որ բռնողներն էլ, դատողներն էլ նույն մարդիկ են, ովքեր տվել են կեղծելու հանձնարարականը»:
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը ժամանակին ասում էր, թե լցոնումներն այլեւս վերացված են: Սակայն այս ընտրություններն ապացույց դարձան, որ վատագույն ավանդույթները շարունակվում են: «Լցոնումները, ընտրակաշառքներն աննախադեպ չափերի էին հասել,- ասաց Աղասի Արշակյանը:- Եվ ակնհայտ է, որ Հայաստանում հազիվ լինի 1 մլն 670 հազար կենդանի ընտրող: Պայքարող կողմերը կարող են հենց հիմա վերցնել 2 մլն 320 հազար ընտրողների ցուցակը, բնակավայր առ բնակավայր գնան, ստուգեն ու տեսնեն, որ այդ ցուցակից առնվազն 750 հազար մարդ բացակայում է Հայաստանից: Այսինքն՝ ոչ մի դեպքում հնարավոր չէր ապահովել այսքան ձայն: Ինչքան էլ լցրել են՝ ակնհայտ է, որ նաեւ առնվազն 400-450 հազար մարդ էլ չի գնացել ընտրության այդ 1 մլն 670 հազարից: Այսինքն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը ճիշտ է ասում, որ Հայաստանում 1 մլն 200 հազար մարդ հազիվ թե գնացած լինի ընտրության՝ ամենաբարձր ակտիվության դեպքում»:
Աղասի Արշակյանն այնուամենայնիվ ասաց. «Իմ գլխավոր մտահոգությունն է, որ ներկա զարգացումները չբերեն արյունահեղության, ինչը, ցավոք, տեսնում եմ, երբ մի կողմը չի ուզում զիջել, մյուս կողմն էլ չի ուզում ընդունել իր վայրենի սխալներն ու սրիկայությունները»: