Մեծ աշխարհից հեռու՝ Ջավախքի մեր Գոման անտեղյակ եւ անդղյակ գյուղի համար Գագարինը նույնպես առաջին անգամ թռավ տիեզերք: Այդ ժամանակ ես դեռ փոքր էի, բայց իմ ընկերների հետ հավաքվում էինք գյուղամիջում՝ զրուցող մեծերի շուրջ, որ լսենք նրանց, հասկանանք՝ դա վատ է, թե լավ, եւ չլինի՞ հանկարծ այնպես պատահի, որ, տիեզերքը նվաճելու ցանկության հետեւանքով Երեւան տանող ճանապարհը փակվի, ուր մենք ուզում էինք գնալ՝ կրթություն ստանալու: Բանավեճերի մանրամասները հիմա չեմ հիշում, բայց մի բան մեկընդմիշտ տպավորվեց իմ մեջ, երբ Մկոնուն Շահենը, ոչ այն է կատակով, ոչ այն է բանավեճը եզրափակելով, ասաց զարմանալի մի բան. Էս մարդ արարածը էնքան պիտի ամեն ինչ խառնի իրար, որ Աստված կնիկ երեխեն առնի ու փախնի երկնքից…Հետո արդեն, ինչպես ամեն գարնանամուտին, սկսվեց ցանքսի եւ բերքի հավերժական զրույցը, եւ մեղավորները դարձյալ Օվեսն ու Թեւանն էին, որոնք իրենց արտերից եռակի բերք էին ստանում, քան մնացած գյուղացիները: Եվ ապրիլյան տաք, շնկշնկացող իրիկնամուտին իրեն մեղադրող հավաքվածներին Օվեսը՝ լայն ժպիտը դեմքին, բարի հորդորողի կերպով, ասում էր. Ինչո՞ւ եք նեղանում, որ շատ բերք ենք ստանում, փտած ցորեն ու փտած կարտոլ մի ցանեք. ինչ ցանեք, այն եք ստանալու… Հիմա, այսքան տարիներ անց, վերհիշելով գյուղի մեր կյանքը՝ ես դարձյալ հայտնաբերում եմ. ի՞նչ հետաքրքիր է, ամեն ընտանիք, ամեն մի գյուղ ինքնին պետություն է եւ նույն խնդիրներն ունի, ինչպես Հանրապետության նախագահը կամ նախագահի թեկնածուն, ով ճակատագրական օրը հավաքում է այն սերմնացուի բերքը, ինչ ինքն է ցանել: Եվ հիմա, երբ արդեն ընտրել ենք մեր երկրի նախագահին, եւ ըստ էության նախընտրական տագնապներն արդեն ետեւում են, ու երկրի վրա խաղաղություն է իջել, չընտրվածների դժգոհությունը շարունակում է հրահրել ու բորբոքել մի այլ ընտրություն, որի արդյունքում նոյապաստան մեր երկիրը կարող են լքել աստվածաստեղծ մեր ու մանուկ, ինչպես որ դա մի անգամ արդեն եղել է… Այնինչ, այնքան բարձր ու ասպետական է ընդունել սեփական պարտությունը եւ շնորհավորել հաղթողին, որովհետեւ վաղը նորից օր է բացվելու…