Լրահոս
Օրվա լրահոսը

Մագիստրատուրայում օտար լեզուն պարտադիր առարկա չէ

Փետրվար 22,2008 00:00

Իսկ մագիստրոսները կամ բարձր կուրսերի ուսանողները ուզում են այդ առարկան այնպես դասավանդվի, որ հաղթահարեն ասպիրանտուրա ընդունվելու համար օտար լեզվի պարտադիր քննությունը:

Մագիստրատուրայում եւ որոշ բուհերի բակալավրիատի վերջին կուրսերում, որտեղ դեռ չի գործում եռաստիճան կրթական համակարգը, ուսանողները հնարավորություն ունեն սովորելու միայն անգլերեն լեզու: Սակայն, ըստ «բոլոնիական» նորամուծությունների՝ արտասահմանյան ծրագրերով ասպիրանտուրա ընդունվելու համար երիտասարդները պիտի իրենց ցանկացած օտար լեզվից ընդունելության քննություն հանձնեն. օրինակ՝ անգլերենի քննությունն անցկացվում է «Թոյֆլ» ծրագրով, ֆրանսերենինը՝ «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության մշակած ծրագրով, իսկ գերմաներենինը՝ «Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն» ծրագրով: Հաշվի առնելով, որ հնարավորություն ունեն իրենց նախընտրած լեզվով հանձնել ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսված օտար լեզվի քննությունը, ուսանողները, որոնք տիրապետում են գերմաներենին կամ ֆրանսերենին, անիմաստ են համարում ասպիրանտուրայի «նախաշեմին» նոր-նոր անգլերեն սովորել: Իրենց իմացած օտար լեզուն անցնելու դեպքում նրանք կարող էին խորացնել լեզվական գիտելիքները եւ ավելի պատրաստ լինել ասպիրանտուրայի ընդունելության համար հանձնելիք օտար լեզվի քննությանը:

Օրինակ՝ ԵՊՀ մագիստրոս Դիանա Պետրոսյանը նկատեց. «Ավելի ճիշտ կլիներ, որ շարունակեինք գերմաներենի դասընթացը, միեւնույն է, կես կիսամյակում քիչ բան հասցրինք սովորել անգլերենից»: ԵՊՀ մեկ այլ մագիստրոս՝ Կարինե Պետրոսյանն էլ նկատեց. «Լավ կլիներ, որ գոնե մեկ տարի անգլերեն անցնեինք, որ գերմաներենից բացի՝ այդ լեզուն էլ որոշ չափով սովորեինք»: Ուսանողների դժգոհությունը «Առավոտը» փոխանցեց ԵՊՀ ուսումնական վարչության պետ Հրանտ Ժամհարյանին: Նա անհիմն համարեց մագիստրոսների դժգոհությունները եւ նշեց. «Մինչեւ այս տարի մագիստրատուրայում դասավանդվում էին նաեւ մյուս օտար լեզուները: Սակայն ԵՊՀ-ն որոշեց նոր ծրագիր առաջադրել, ըստ որի՝ մագիստրատուրայի ուսումնական պլաններով նախատեսվում է միայն անգլերեն լեզվի ուսուցում, որը կրեդիտ չի տալիս: Նպատակն այն է, որ մագիստրոսը, որը վաղը պիտի գիտությամբ զբաղվի, կարողանա համակարգչից լիարժեք օգտվել: Չէ՞ որ համակարգչային լեզուն հիմնականում անգլերենն է, իսկ առանց համակարգչային իմացությունների՝ գիտնականը լիարժեք չէ: Այս առարկայի ուսուցմամբ չի նախատեսվում մագիստրոսներին պատրաստել «Թոյֆլի» քննությանը: Դրա համար բոլոր լեզուների գծով լրացուցիչ խմբեր կձեւավորվեն բուհում, որոնց մագիստրոսները կմասնակցեն մագիստրատուրայի 2-րդ կուրսում»:

ԵՊԲՀ-ում մագիստրատուրա կներդրվի 2010-ից: Իսկ այժմ բուհի 6-րդ կուրսի ուսանողներին ընդհանրապես օտար լեզու չի դասավանդվում, այն դեպքում, երբ մեկ տարի հետո կլինիկական օրդինատուրա ընդունվել ցանկացողները պիտի օտար լեզվից ընդունելության քննություն հանձնեն: Այս մասին ԵՊԲՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Վլադիմիր Շեկոյանն ասաց. «Բուհում գոյություն ունեցող կարգի համաձայն՝ 6-րդ կուրսի ուսանողները կարող են մասնակցել օտար լեզուների ֆակուլտատիվ պարապմունքներին, որոնք կազմակերպվում են անվճար: Բացի այդ, օտար լեզվի լավ իմացության պահանջը մենք դնում ենք 1-ին կուրսից, քանի որ մեզ պետք են այդպիսի կադրեր: Ուստի՝ վերջին կուրսերում ուսանողներն արդեն ունեն այն բազան, որը նրանց հնարավորություն կտա հաղթահարել կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար պահանջվող օտար լեզվի քննությունը: Հետեւաբար, ամենեւին էլ պարտադիր չէ, որ վերջին կուրսում ուսանողներին օտար լեզու դասավանդվի, քանի որ իրենց առջեւ նպատակ դրած երիտասարդներն այն, ըստ էության, յուրացրել են նախորդ կուրսերում»:

«Առավոտը» հետաքրքրվեց, թե բուհերի մագիստրատուրայում կամ բարձր կուրսերում օտար լեզվի դասավանդման ծրագրերի հետ կապված ի՞նչ մոտեցում ունեն ԿԳՆ-ում: Զրուցեցինք ԿԳՆ բարձրագույն մասնագիտական կրթության քաղաքականության մշակման եւ կազմակերպման բաժնի պետ Մհեր Մելիք-Բախշյանի հետ: Նա նշեց. «Մագիստրատուրան ավելի մասնագիտական կրթություն տալուն է միտված: Հետեւաբար, գուցե պարտադիր էլ չլինի օտար լեզվի դասավանդումը այդ կուրսերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել