Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇՓՈԹԵ՞Լ ԷԻՆ ԿԱՄԵՐԱՅԻՆԸ՝ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆԻ ՀԵՏ

Փետրվար 22,2008 00:00

\"\"Ոմանց համոզմամբ՝ այո, ԻԻՀ մշակույթի կենտրոնի հավաստմամբ՝ ոչ

2007թ. աշնանը Երեւանի պետական կամերային երաժշտական թատրոնը բեմադրեց իրանցի դասական Բահրամ Բեյզայիի «Ով սպանեց արքային» դրաման: Քանի որ այս ստեղծագործությունը կարծես գրված է բոլոր ժամանակների համար եւ համամարդկային է, բեմադրող ռեժիսոր Սամվել Միքայելյանը որոշ կերպարներ առանց անունների է թողել: Իսկ ասելիքը հետեւյալն է՝ այն թագավորը, որ լքում է զորքը պատերազմի դաշտում ու փախչում, այն տիրակալը, որի բարոյական նկարագիրը խաթարված է կամ վատն է, ու նա ժողովրդին քաղցած է պահում, ի վերջո, դատապարտված է մահվան:

Մեր տեղեկություններով, այս բեմադրությունը պետք է ներկայացվեր 2008թ. ԻԻՀ-ում՝ փետրվարի 6-12-ը կայանալիք միջազգային թատերական փառատոնում:

«Առավոտը» կապվեց «Ով սպանեց արքային» դրամայի բեմադրող ռեժիսոր Սամվել Միքայելյանի հետ՝ տեղեկանալու, թե ինչ հաջողություններ է ունեցել բեմադրությունը փառատոնում: Մեր զրուցակիցն ասաց, որ փետրվարի 20-ին ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնը հրավիրել է հիշյալ ներկայացման ստեղծագործական խմբին, հայտնել իր գոհունակությունը ներկայացման առիթով. «Իսկ կենտրոնի ղեկավարը հայտնեց, որ Իրանում կայացած փառատոնին մեկնել է ոչ թե մեր, այլ Արա Երնջակյանի ղեկավարած կամերային թատրոնը»: «Առավոտի» կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ գուցե Իրանի դեսպանատունը շփոթե՞լ է Կամերային երաժշտական թատրոնը Կամերային թատրոնի հետ, մանավանդ որ, ըստ մեր տեղեկությունների, բեմադրությունն իրականացվել է դեսպանատան աջակցությամբ, պարոն Միքայելյանը ընդամենը ժպտաց, իսկ դեսպանատան ֆինանսական աջակցության մասին ոչինչ չհայտնեց:

ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանատան մշակութային կենտրոնից մեզ հայտնեցին, որ «Ով սպանեց արքային» դրամայի իրականացման համար դեսպանատունը մասնակի համագործակցություն է ունեցել թատրոնի հետ: Ինչ վերաբերում է երկու թատրոնները շփոթելուն, այս մասին էլ ասացին, որ ԻԻՀ-ից թատերական միջազգային փառատոնին մասնակցության հրավերը կոնկրետ Կամերային թատրոնի «Ի զեն» ներկայացման համար է եղել:

Երեւանի կամերային թատրոնից էլ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ հաջողություն է ունեցել «Ի զենը» Իրանում: Մեզ տեղեկացրին, որ «Ի զենի» ստեղծագործական խումբը, փառատոնը դեռ չավարտված, վերադարձել է Հայաստան, իսկ արդյունքներն այսօր կստանան ինտերնետով:

Վերադառնալով Ս. Միքայելյանի հետ զրույցին, նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ այլեւս Կամերային երաժշտական թատրոնի խաղացանկում չկա ռեժիսորի «Ճակատագիրը» հաջողված բեմադրությունը: Փաստենք, որ ժամանակին հանրապետության եւ մարզային թատրոններում տարբեր բեմադրություններ իրականացրած ռեժիսորը Կամերային երաժշտական թատրոնի հիմնադրման օրվանից (1997թ.) այստեղ իրականացրել է ընդամենը երկու ներկայացում: Պարոն Միքայելյանը հայտնեց, որ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի «Ճակատագիր» ֆոլկ-օպերան, որն ինքը բեմադրեց 2000թ., ընդամենը մեկ անգամ է ներկայացվել՝ Բալյանի հոբելյանի առիթով: Սա այն դեպքում, երբ ֆոլկ-օպերայի բոլոր ծախսերը հոգացել էր ինքը՝ կոմպոզիտորը. «Թատրոնի նախկին ղեկավար Արմեն Մելիքսեթյանը ժամանակին պատճառաբանեց, որ Բալյանի հոբելյանն արդեն անցել է»: Մեր զրուցակիցը հայտնեց նաեւ, որ 2007թ. դեկտեմբերի 31-ից թատրոնի տնօրեն Դավիթ Հակոբյանը չի թարմացրել իր պայմանագիրը, պատճառաբանելով, որ թատրոնին հարկավոր չեն հաստիքով ռեժիսորներ: Այստեղ տեղին է պատկերացնել, թե ժամանակին ինչ կլիներ հայ թատերարվեստի վիճակը, եթե Մայր թատրոնի տնօրենը գրչի մեկ հարվածով աշխատանքից ազատեր մեծանուն Վարդան Աճեմյանին: Չարաբաստիկ ՊՈԱԿ-ի մասին օրենքը թույլ է տալիս պետական թատրոնների տնօրեններին միանձնյա որոշումներ կայացնել:

Հավելենք, որ Ս. Միքայելյանը ձեռնամուխ է եղել Վ. Բալյանի «Նազարի հարսնացուն» օպերետի բեմադրական աշխատանքներին եւս եւ մտադիր է այն իրականացնել արդեն տարիներ շարունակ օպերետի երես չտեսած Պարոնյանի անվան պետական օպերետային թատրոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել