Որքան էլ ընտրակեղծիքների դեմ պայքարելու նոր միջոցներ են ձեռնարկվում, կեղծարարներն ավելի ու ավելի հնարամիտ են դառնում:
Այս նախագահական ընտրությունները խախտումների եւ ընտրակեղծիքների առումով Հայաստանում անցկացված նախորդ բոլոր ընտրություններից գրեթե ոչնչով չտարբերվեցին: Նորից եղան քվեաթերթիկների լցոնումներ, «կարուսել», լրացուցիչ ընտրացուցակներ եւ այլն: Ընտրությունից ընտրություն կեղծարարները նորանոր մեխանիզմներ են մշակում՝ իրենց գործի տակից պատվով դուրս գալու համար:
Մինչ նախագահական ընտրությունները թվում էր, թե ընտրողի անձնագրի վրա կնիք դնելու վերջին նորամուծությունը այլեւս հնարավորություն չի տա կրկնակի քվեարկել, սակայն, ինչպես պարզ դարձավ փետրվարի 19-ին, այդ «խոչընդոտը» մեր երկրում նույնպես արագ հաղթահարվեց: Խոսքը անձնագրերում թափանցիկ կպչուն թղթեր փակցնելու հնարքի մասին է: Ըստ լուրերի, շատ ընտրողների անձնագրերում հենց նման թուղթ է փակցված եղել, ինչի շնորհիվ էլ նրանք կարողացել են մի քանի անգամ քվեարկել. միայն անձնագրի վրայից պոկել են կնքված թուղթը եւ մաքուր անձնագրով նորից գնացել ընտրության: Սա հիշեցնում էր ճիշտ նույն խորամանկությունը, որը հայերը հնարեցին՝ ջրաչափերը Հայաստան ներմուծելուց հետո. չնայած ջրաչափը բոլորովին անծանոթ սարք էր մեզ համար, բայց դրանք օգտագործելուց ընդամենը մեկ շաբաթ անց արդեն հայերը բազմաթիվ ճանապարհներ գտան՝ սարքի իրական ցուցմունքը կեղծելու եւ սպառած ջրի դիմաց քիչ վճարելու համար: Օրինակ, մագնիս տեղադրեցին, փոշեկուլով սլաքը հետ տվեցին, ասեղով ապակին ծակեցին ու սլաքը կանգնեցրին, նույնիսկ թաց կտորով սարքը փաթաթելով՝ ստիպեցին իտալացիներին զղջալ, որ այդքան ներդրումներ են կատարել ու ջրաչափը Հայաստան բերել:
Այս ամենն աչքի առաջ ունենալով՝ արդեն հստակ կարելի է ասել, որ ընտրությունները կեղծելու դեմ ինչ նորամուծություն էլ որ անեն մեր երկրում, դարձյալ դրա «հակաթույնը» կգտնվի: Ի վերջո, բացի նոր մեթոդներից, Հայաստանում վաղուց ձեւավորվել են ընտրությունները կեղծելու «հին ու բարի» ավանդույթներ ու մեխանիզմներ:
Այս ընտրություններին, բացի լցոնումներից, ուրիշի անվան տակ քվեարկելուց, մեռածներին կենդանացնելուց, լայնորեն կիրառվել է ընտրակեղծիքների հետեւյալ մեխանիզմը. նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին սատարող ընտրական հանձնաժողովի անդամներն այլ թեկնածուների օգտին քվեարկողների թերթիկների վրա գրիչով մի կետ կամ նշան են արել՝ այդ թերթիկն անվավեր համարելու համար: Եթե նախապես ընտրողը նկատել է, որ իր քվեաթերթիկի վրա անտեղի «նկարչություն» է արված՝ հանձնաժողովի նախագահն արձանագրություն է կազմել ու փոխել թերթիկը, իսկ եթե ոչ՝ թերթիկները հաշվելիս արդեն դրանք համարվել են անվավեր:
Նշենք, որ անկախ կիրառված ընտրակեղծիքներից, ի վերջո, ցանկալի ցուցանիշներ արձանագրելու վաղուց փորձված մի մեթոդ էլ կա: Պարզապես, ընտրություններից հետո փակում են ընտրատեղամասը ու առանց քվեատուփը բացելու, քվեները հաշվելու՝ նախընտրած թեկնածուի հաշվին կլորիկ ձայն են արձանագրում: Մեր տեղեկություններով՝ այդ մեթոդը կիրառվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում: Այնտեղ 4 ընտրատեղամասերից 2-ում ամսի 19-ի ժամը 20.30-ին արդեն ընտրությունների արդյունքները հայտնի էին, մինչդեռ ընտրություններն ավարտվել էին ընդամենը կես ժամ առաջ: Արդյունքում՝ Ս. Սարգսյանը «ստացել» է Ճամբարակի ակտիվ ընտրողների 90 տոկոսի քվեները, իսկ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին հաշվառվել են ծիծաղելի թվով ձայներ: