Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԱԿԱՆ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԸ ՔԱՇԵՑ ԻՐ ԿՈՂՄԸ

Փետրվար 22,2008 00:00

\"\"Այսպես է բացատրում Հայկական սոցիոլոգիական ընկերակցության նախագահ Գեւորգ Պողոսյանը, թե ինչու իր հարցմամբ Լեւոն Տեր-Պետրոսյանին տրված 3-4% ձայները վերածվեցին, պաշտոնական տվյալներով, 21,5%-ի:

– Ինչպե՞ս եք բացատրում այն հանգամանքը, որ ընտրություններն արձանագրեցին բոլորովին այլ պատկեր, քան թեկնածուների վարկանիշների վերաբերյալ արձանագրել էր «Գելափի» համակարգմամբ՝ Ձեր կազմակերպության անցկացրած հարցումը:

– Մեր վերջին հարցումը շատ շուտ է անցկացվել՝ ընտրություններից 1 ամիս առաջ: Եվ մենք ասում էինք, որ շատ հնարավոր են որոշակի փոփոխություններ: Բայց ամենակարեւորը, որ հիմնական փոփոխությունը տեղի չունեցավ: Այսինքն՝ մենք նշում էինք, որ հիմնականն այս է՝ առաջին տեղում Սերժ Սարգսյանն է, եւ ձայների շատ մեծ տարբերությամբ, ու բոլոր հնարավորություններն ունի 1-ին փուլով անցնելու եւ ընտրվելու նախագահ: Այն, թե 3-րդ, 4-րդ, 8-րդ եւ չգիտեմ՝ 10-րդ տեղում ովքեր էին լինելու՝ սրանք դետալներ են, որոնք հիմնականում մեծ նշանակություն չունեն:

– Թեեւ հունվարի 13-20-ը ձեր անցկացրած հարցմամբ Սերժ Սարգսյանն առաջին տեղում էր, բայց այնուամենայնիվ՝ 43%-ն էր պատրաստ ձայն տալ նրան, եւ ակնհայտ էր, որ ընտրությունները պիտի անցնեն 2 փուլով:

– Բայց ինչպե՞ս էր ակնհայտ: Եթե երկրորդ դեմքն ունենար 39 %, ինքը՝ 45%, կարելի էր մտածել 2-րդ փուլի մասին: Բայց չէ՞ որ այս մեկ ամսվա ընթացքում բոլոր թեկնածուներն էլ հնարավորություն ունեին ավելացնել իրենց ընտրողների քանակը: Դա էլ տեղի ունեցավ՝ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելացրեց, ե՛ւ Սերժ Սարգսյանը: Ես ասում էի, որ տեսականորեն միշտ էլ հնարավոր է եւ կարող է լինել 2-րդ փուլ՝ նայած ինչպիսին կլինի ընթացքը, բայց նախընտրական արշավի առաջատարը բոլոր հնարավորություններն ունի անցնելու առաջին փուլով:

– Ձեզ համար բացատրություն ունի՞, թե ինչպես արձանագրվեց ձայների նման տեղաշարժ. ասենք՝ Արտաշես Գեղամյանի համար հունվարին 6% վարկանիշ էիք նշել, սակայն նա ստացավ 0,46%: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը հարցումներով 3-4 % էր, բայց այժմ անգամ պաշտոնական տվյալներով՝ նա ստացել է ձայների 21,5%-ը:

– Այս ամենն ուղղակի հետեւանքն է նրա, ինչի մասին ասվել է նաեւ այն ժամանակ: Սա հետեւանք է շատ ակտիվ նախընտրական պայքար վարելու: Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը բավականին ագրեսիվ քաղաքականություն որդեգրեց, եւ իշխանություններին քննադատելով՝ բողոքական ընտրազանգվածի մեծ մասը քաշեց իր կողմը: Միշտ նշել եմ, որ մենք ունենք բավականին մեծ բողոքական ընտրախավ՝ մարդիկ, որոնք դժգոհ են կառավարությունից, պետությունից, վարչապետից, երկրից… եւ իրավունք ունեն դժգոհ լինելու, էլի: Սա այն խումբն է, որն ընդդիմության համար ամենամեծ ռեզերվն է: Հիմա տեսեք՝ այդ 8 ընդդիմադիրները նաեւ իրար հետ մրցակցելով, փաստորեն, բողոքական ընտրախավի ձայներն էին իրենց կողմը քաշում: Եվ եթե, ասենք, Գեղամյանին երկար ժամանակ հաջողվում էր դա անել՝ հիմա այն ակտիվ ու ագրեսիվ քաղաքականությունը, որը որդեգրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը՝ փաստորեն բավականին մեծ քանակությամբ ձայներ հենց իր ընդդիմադիր «թիմակիցներից» հավաքեց իր կողմը:

– Տպավորությունս է, որ թեեւ սոցիոլոգիան գիտություն է, բայց այս առումով ավելի ճիշտ կլինի վստահել հեռուստաընկերություններին: Նրանք ի սկզբանե կարծես գիտեին, թե ով է Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը, եւ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ էին հակաքարոզչություն իրականացնում, մինչդեռ սոցիոլոգներն այդ թեկնածուին տալիս էին շատ ավելի ցածր վարկանիշ:

– Այո: Բայց սոցիոլոգիան «թեեւ» գիտություն չէ, այլ իրոք գիտություն է:

Ինչ վերաբերում է նրան, որ թվերը միշտ չէ, որ համընկնում են՝ ես միշտ նշում էի, թե դրանք նախնական են, քանի որ շատ ակտիվ էր ընթանում նախընտրական արշավը, եւ փոփոխություններ լինելու էին:

Երկրորդը՝ ասեմ, թե ինչումն է ֆենոմենը. բոլոր ԶԼՄ-ները հիմնականում ակտիվ գործում են Երեւանում: Ամբողջ ընդդիմությունը, եւ հատկապես՝ արմատականը, շատ ակտիվ է դարձյալ Երեւանում: Եվ Երեւանում են բոլոր գործընթացները շատ ավելի արագ երեւում ու ցայտուն: Բայց քանի որ սոցիոլոգիական հարցումներ ենք անցկացնում Հայաստանի ողջ տարածքով՝ տեսնում ենք, որ հեռավոր մարզերում ամեն ինչ հանգի՜ստ, հանդա՜րտ է: Այնտեղ բոլորովին ուրիշ պատկեր է: Եվ մենք տալիս ենք ոչ թե Երեւանի կամ Թատերական հրապարակում հավաքվածների, այլ Հայաստանի բնակչության կարծիքը, որն, ինչպես տեսնում եք…

– Չհամապատասխանեց ընտրությունների արդյունքներին:

– Իրոք այդպես է: Հեռավոր գյուղերում մարդկանց առանձնապես վեջն էլ չէ, թե այստեղ ով ում է մեղադրում եւ ինչում:

– 5 կազմակերպություն հայտարարեցին, թե իրենք անցկացրել են exit-poll՝ արձանագրելով 5 տարբեր արդյունք: Ինչպե՞ս է սա հնարավոր, exit-poll-երն է՞լ վարկաբեկվեցին Հայաստանում:

– Ոչ, չվարկաբեկվեցին: Լրագրողներդ եք միշտ սիրում ինչ-որ մեկին վարկաբեկել: Այս 5 exit-poll-երի տվյալները պարտադիր չէ միմյանց համեմատել. դուք համեմատեք արդյունքների հետ եւ հետո տեսեք՝ ով ինչից է տարբեր տվել այդ տվյալները: Exit-poll-երն արվում են, որ նախօրոք տեսնեն, թե ով է հաղթելու: Հիմա ո՞ւմ տվյալներն են համընկել:

– Ոչ մեկինը: Ասենք, «Populus»- համակարգմամբ Ձեր անցկացրած exit-poll-ով՝ Սերժ Սարգսյանը ստացել է 57.1%, իսկ պաշտոնական արդյունքներով՝ նա ստացել է 52,86%:

– «Populus»-ի տվյալներով՝ Սերժ Սարգսյանը հաղթում էր 1-ին փուլում. ի՞նչը չհամընկավ:

– Ձայների քանակը:

– Ձայների քանակը նույնպես կարեւոր է, բայց որակական արդյունքին չեք նայում՝ մենակ, որ 57% է կամ 53%՝ ուրեմն, սխալ է, հա՞, տվյալը: Ամբողջ իմաստն այս է՝ նախ, 1-ին փուլո՞վ, թե՞ 2-րդ: Եվ եթե 1-ին փուլով, ապա՝ ով: Այդ 2 կարեւոր հարցերի ճիշտ պատասխանը տվել է «Populus»-ի exit-poll-ը: Մնացած 4-ը նման բան ասե՞լ են:

– Ոչ:

– Ուրեմն, սա է Ձեր հարցի պատասխանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել