Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ ՄԻ ՏԵՂԱՄԱՍՈՒՄ՝ 314 ԳՈՂԱՑՎԱԾ ՔՎԵ

Փետրվար 22,2008 00:00

Երեւանի Կենտրոնի թիվ 9/31 տեղամասում քվեարկության արդյունքների երեկ կատարված վերահաշվարկի ժամանակ աղաղակող խախտումներ են արձանագրվել: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որը վերահաշվարկ է կատարել «Օրինաց երկիր»֊ը ներկայացնող տեղամասային հանձնաժողովի անդամ Հենրիկ Ստեփանյանի պահանջով, հայտնաբերել է, որ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկել է ոչ թե 709 ընտրող, ինչպես պաշտոնապես արձանագրվել է քվեարկությունից հետո, այլ ընդամենը 395 ընտրող:

Լեւոն Տեր֊Պետրոսյանի օգտին, ըստ քվեարկության օրը կազմված արձանագրության, քվեարկել է 376 ընտրող, մինչդեռ վերահաշվարկի արդյունքում պարզվեց, որ իրականում նա ունի 392 քվե:

Արթուր Բաղդասարյանն իրականում ստացել է 184 քվե, մինչդեռ փետրվարի 19-ին արձանագրվել էր, որ նա ունի ընդամենը 134 ձայն:

Հսկայական տարբերություն հայտնաբերվեց Վահան Հովհաննիսյանի դեպքում՝ արձանագրվել էր, որ նրա օգտին քվեարկել է ընդամենը 3 ընտրող, այնինչ իրականում նրա օգտին քվեարկածների թիվը 120 է:

Ըստ պաշտոնական արձանագրության՝ Վազգեն Մանուկյանն ընդհանրապես որեւէ ձայն չի ստացել, այնինչ պարզվել է, որ նրա օգտին այդ տեղամասում քվեարկել է 57 ընտրող:

Գրեթե նույնն է պատկերը Արման Մելիքյանի դեպքում՝ գրվել է 0 ձայն, իսկ վերահաշվարկից հետո պարզվել է, որ նրա օգտին 6 մարդ է քվեարկել:

Տիգրան Կարապետյանի օգտին տված քվեները արձանագրությունում նվազեցվել են ուղիղ 2 անգամ՝ իրականում եղել է 22, իսկ գրվել է 11:

Արտաշես Գեղամյանն իրականում ստացել է 7 ձայն, թեեւ արձանագրությունում գրվել էր 6:

Եվ վերջապես, Արամ Հարությունյանը, որի օգտին, ըստ արձանագրության, որեւէ մեկը չի քվեարկել, իրականում ունեցել է 1 ընտրող:

Թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանը դիմել է դատախազություն:

Հ. Գ. Դատախազությունը երեկ հաղորդեց, որ 9/31 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ձերբակալվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել