Որ կարողացավ կանխել հնի վերադարձը
«Ես սրտանց շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Հույս ունեմ, որ նա կդառնա ոչ միայն բոլորի, այլ նաեւ յուրաքանչյուրի նախագահը եւ կառաջնորդվի ազգային համաձայնությամբ, մանավանդ որ՝ բազում արտաքին եւ ներքին մարտահրավերներ կան, ԼՂՀ հարցը լուծված չէ»,- երեկ նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Նրա կարծիքով՝ «Այս ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը բավականին իմաստուն է: Կարող է վճռական պահին կատարել այնպիսի ընտրություն, որը գոնե կես քայլ ետ չլինի: Իմ ընտրողները, մարդիկ՝ ովքեր հենց ինձ էին հավատում, երբ մենք սկսեցինք ցուցադրել տեսաերիզը՝ որ թույլ չենք տա նախկինների վերադարձը, նրանք ունեին քաղաքական մակարդակ եւ հասկացան, թե ինչ նկատի ունի Արամ Հարությունյանը, ինչու է հարվածներ ստանալով ասում այն, ինչը չէր կարող չասել: Մենք չէինք կարող թույլ տալ, որ մեր ժողովուրդը կատարեր ընտրություն, որն ի վնաս Հայաստանի էր: Ես համոզված եմ, որ, բնականաբար, շատ ձայներ կորցրի, բայց դրանից վատ չեմ զգում»: Պարոն Հարությունյանը հայտարարեց նաեւ, որ «ժողովուրդը ձայն չտվեց անցյալին, ձայն տվեց կայուն ներկային եւ ապագայի հույսին: Այս ընտրությունում թվաբանությունը չպիտի որոշեր»: Նա նաեւ ժողովրդին կոչ է անում զերծ մնալ երկիրը «ցնցումների եւ ապակայունացումների» ճանապարհով տանելուց, որովհետեւ համոզված է, որ դա ոչ ոքի լավ բանի չի բերելու: Նա համոզված է, որ այս ընտրությամբ «շահել ենք բոլորս». «Սերժ Սարգսյանի հաղթանակը ես համարում եմ իմ եւ իմ ընտրողների հաղթանակը»:
«Առավոտի» հարցին՝ անվերապահորեն ընդունելով ընտրությունների արդյունքները՝ դուք գտնում եք, որ կեղծիքներ եւ բռնություններ չե՞ն եղել, Ա. Հարությունյանը պատասխանեց, որ իր շտաբում խախտումների, բռնությունների եւ կաշառքների մասին ահազանգեր չեն եղել, միաժամանակ էլ ասաց, որ «երկուստեք խախտումներ են եղել»: Այն շտաբներում, որտեղ կոնկրետ փաստերի առիթով արձանագրություններ կան՝ նա բողոքներն ուղարկեց իրավապահ մարմիններին: Մեր հաջորդ հարցին՝ ինչո՞ւ եք ուրախ, որ մոտավորապես չորս հազար ձայն եք հավաքել եւ չեք կարողանալու կյանքի կոչել ձեր նախընտրական ծրագիրը, թեկնածուն ասաց. «Կոչը, որ ես անում եմ Սերժ Սարգսյանին՝ մոռանալ ով է ձայն տվել իրեն, ով՝ ինչ է ասել իր մասին, համակցել ծրագրերը, պատասխանում է հարցին: Ենթադրենք ես հավաքեի 10 տոկոս եւ ընտրվեր հինը՝ ես շատ վատ կզգայի: Ինձ համար սա գաղափարական պայքար էր, ցավոք՝ դա չստացվեց, որովհետեւ կար հնի վերադարձի վտանգ, մենք նույնպես զգալով այդ վտանգը՝ մերժեցինք հինը եւ թույլ չտվեցինք»: Եթե քաղաքական զարգացումները գնան այն հունով, որ Հայաստանում հնարավոր լինի իշխանափոխություն անել՝ Արամ Հարությունյանը կանգնելու է Սերժ Սարգսյանի կողքին: