Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ՉԿԱ

Փետրվար 22,2008 00:00

Երեկ Ազատության հրապարակում հավաքվածները հայտարարեցին նստացույց եւ պերմանենտ հանրահավաքներ անցկացնելու մասին:

Երեկ ՀՀ առաջին նախագահն ու նրան աջակցող ուժերը դարձյալ Ազատության հրապարակում էին, եւ հրապարակն էլի լեփ-լեցուն էր: Ի դեպ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները հանրահավաքի կազմակերպիչներից պահանջել էին ցրվել՝ հայտարարելով, թե հանրահավաքն արտոնված չէ եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով: Ի պատասխան՝ ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը պարզաբանել էր, որ դա ոչ թե հանրահավաք է, այլ՝ նստացույց, որի համար թույլտվություն պետք չէ: Փետրվարի 19-ի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընտրակեղծիքներին եւ օրինախախտումներին անդրադարձան նաեւ Տեր-Պետրոսյանի վստահված անձինք եւ պատմեցին, թե ինչպես են իշխանությունները կրիմինալի եւ հայրենի ոստիկանության փոխհամաձայնեցված գործողությունների շնորհիվ ահաբեկումների, ֆիզիկական բռնությունների եւ հոգեբանական ճնշումների միջոցով ընտրատեղամասերում ե՛ւ քվեարկության, ե՛ւ դրա արդյունքների հաշվարկման ընթացքում մեկուսացրել իրենց: Հանրահավաքի մասնակիցները Նիկոլ Փաշինյանի կոչով ծափահարություններով ողջունեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանին եւ Արմեն Մարտիրոսյանին, որոնք փետրվարի 19-ին Էրեբունի համայնքի ընտրատեղամասերում բռնությունների էին ենթարկվել հենց ոստիկանների կողմից՝ ընտրությունների օրինականությունը պաշտպանելու եւ կեղծիքները կանխելու համար: «Նրանք իրենց պատգամավորական մանդատները իսկապես ծառայեցնում են իրենց ժողովրդին: Նույնը վերաբերում է նաեւ ՀՀ ԿԸՀ-ում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանին»,- հայտարարեց Ն. Փաշինյանը: Խոսեց նաեւ ինքը՝ Զ. Թադեւոսյանը. «Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել ձեր կողքին, պաշտպանել ձեր ձայնը: Ես ուզում եմ այս հարթակից հայտնել, որ փետրվարի 19-ի ընտրությունները կազմակերպված հանցագործություն էին ժողովրդավարության դեմ: Ձեր ձայնը կեղծվել է: Կեղծվել է անամոթաբար, բիրտ եւ ամենաայլանդակ ձեւերով: Ես դրա ականատեսն եմ եւ դրա մասին պատասխանատվությամբ հայտարարում եմ: Ճիշտ է, այսօր վերահաշվարկ իրականացվում է, սակայն դա իրականացվում է առաջին հերթին Արտաշես Գեղամյանի, Արամ Հարությունյանի, Տիգրան Կարապետյանի կողմից ներկայացված վերահաշվարկի դիմումների հիման վրա, որը նպատակ ունի բոյկոտել վերահաշվարկ պահանջող այն թեկնածուների դիմումները, որոնց ձայները իրականում կեղծվել են: Հետեւաբար՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության անդամները բոլորը լքել են ընտրատարածքները: Ես այս հարթակից հայտարարում եմ, որ ազգի դավաճանները նորից խանգարում են, որ մեր իրական ձայները տեղ հասնեն»: Զ. Թադեւոսյանը նաեւ շեշտեց, թե իրենց ձեռքի տակ կան կեղծիքներն ապացուցող բազմաթիվ փաստեր, օրինակ այս. «Ես այսօր ինձ հետ բերել եմ մի մեծ տոպրակ, որտեղ կան մոտ 1000 կնքված ծրարներ, որոնք ես գտել եմ աղբանոցում, որոնք պիտի լցվեին քվեատուփերի մեջ»: ԿԸՀ ներկայացուցիչը նաեւ հայտարարեց. «Լ. Տեր-Պետրոսյանը առաջին փուլում հաղթել է»:

Հանրահավաքի մասնակիցները նախորդ օրվա նման պահանջում էին կտրուկ քայլերի գնալ, բայց Ն. Փաշինյանը հիշեցրեց Մատենադարանում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ «լինել հանգիստ, հավասարակշռված, առանց զայրանալու եւ հաղթողի ինքնավստահությամբ»: «Մեր պայքարը ունի երկու հարթություն՝ իրավական եւ բարոյական: Այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի գործընթացները դուրս գան իրավական հունից, որովհետեւ եթե մարդկանց ծեծում, առեւանգում, բռնությունների են ենթարկում, ապօրինի զրկում են ազատությունից, եւ իշխանությունը, ոստիկանությունը որեւէ քայլ չի ձեռնարկում՝ այդ դեպքում ի՞նչ պետք է անեն մարդիկ: Մարդիկ պետք է դիմեն ինքնապաշտպանության (հավաքվածները միաբերան ողջունեցին՝ «այո՜»)»:

Ն. Փաշինյանը կոչով դիմեց ընտրական հանձնաժողովներին՝ «պահպանել իրավական բոլոր պրոցեդուրաները, կատարել պահանջված բոլոր վերահաշվարկումները, ընթացք տալ կազմված բոլոր արձանագրություններին, որոշում կայացնել ընտրություններն անվավեր ճանաչելու մասին»: Կոչ-պահանջ ուղղվեց նաեւ ՀՀ գլխավոր դատախազությանն ու ոստիկանությանը՝ «պատժել ընտրակեղծարարներին, առաջին հերթին բոլոր նրանց, ում անունները հայտնի են, հենց այսօր՝ 24 ժամվա ընթացքում, ձերբակալել բոլոր բռնարարքների հեղինակներին»: Ն. Փաշինյանը շեշտեց, որ իրենց այս պահանջները օրինական են, «եթե պետությունը ցույց կտա, որ ինքը ի վիճակի չէ պատժել հանցագործներին, ուրեմն ժողովուրդն ինքը պետք է գտնի կամք՝ պատժելու այդ հանցագործներին»: Ասվեց նաեւ, որ սկսված պերմանենտ հանրահավաքներով ընդդիմությունն ու ժողովուրդը սպասում են այդ պահանջների կատարմանը: Ելույթ ունեցավ նաեւ Միքայել Հայրապետյանը եւ կոչ արեց ուսանողությանը դասադուլ սկսել՝ ի պաշտպանություն իրենց իրավունքների եւ ազատությունների: Այս կոչը հրապարակ եկած երիտասարդները պաշտպանեցին: Լ. Տեր-Պետրոսյանն էլ մոտեցավ խոսափողին եւ ասաց, որ թեեւ այդ կոչը Մ. Հայրապետյանի անձնական նախաձեռնությունն է, այդուհանդերձ, ինքը պաշտպանում է այդ գաղափարը: Հրապարակը սկսեց վանկարկել՝ «դա՛- սա՛-դո՛ւլ»:

«Մատենադարանցիների» անունից հայ մտավորականությանն ուղղված կոչ արեց Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուխչյանը. «Մենք կոչ ենք անում ողջ մտավորականությանը՝ հայ ժողովրդի համար այս ճակատագրական պահին ոչ միայն միանալ համաժողովրդական շարժմանը, այլեւ տեր կանգնել իր արժանապատվությանը, մեր եւ մեր սերունդների ապագային»:

Երեկվա հանրահավաքին ներկաների համար ամենաոգեւորիչ պահը, սակայն, ՀՀ առաջին նախագահի ելույթն էր: Նա, համաձայն իր խոստմանը, երեկ անակնկալ մատուցեց: Դա այն հայտարարությունն էր, որը ՀՀ առաջին նախագահը լիազորված էր անելու ՀՀ պաշտպանության փոխնախարարներ, գեներալ-լեյտենանտներ Մանվել Գրիգորյանի եւ Գագիկ Մելքոնյանի անունից: Լ. Տեր-Պետրոսյանն ասաց, որ նրանք կանգնած են ժողովրդի եւ նրա վստահությանը արժանացած թեկնածուի կողքին, որ նրանք թույլ չեն տալու բանակի գործադրումը սեփական ժողովրդի դեմ եւ հանդիսանում են նրա անվտանգության երաշխավորը: Հրապարակն ուղղակի ցնծում էր: «Ես վստահ եմ, որ բանակի ողջ հրամանատարությունը կմիանա նրանց»,- հույս հայտնեց Տեր-Պետրոսյանը, որի անձնական օրինակով ներկաները երկար ժամանակ վանկարկեցին՝ «Մանվել» եւ «Գագիկ» անունները:

Երեկ, ուշ երեկոյան, նստացույցի նախաձեռնողներն արդեն վրաններ էին խփել հրապարակում՝ գիշերն այնտեղ անցկացնելու հաստատակամությամբ: Ն. Փաշինյանը դիմելով ոստիկանությանը՝ ասաց, որ եթե Տեր-Պետրոսյանի շտաբի մոտ բողոքի ցույց անող 4 հոգուն 4 խումբ ոստիկան էր հսկում, ապա ինքը պահանջում է, որ ոստիկանությունը ապահովի նաեւ իրենց անվտանգությունը: Հանրահավաքը այսօր կշարունակվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել