Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՐԱԿԸ ՎԵՐՑՐԵՑ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼՈՎ ԵՐԿԻՐԸ»

Փետրվար 22,2008 00:00

\"\"Այդպես է «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը մեկնաբանում իր կեցվածքը անցած նախագահական ընտրություններում:

– Ձեր կարծիքով, ՀՀ նախագահի ընտրություններն անցան ազատ ու թափանցի՞կ, դրանք համապատասխանո՞ւմ էին միջազգային չափանիշներին:

– 2008 թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրությունները մեկ անգամ եւս փաստեցին, որ մեր երկիրը դեռեւս ամբողջությամբ չի թոթափել հայաստանյան ընտրությունները բնորոշող այն մերժելի բարքերը, որոնք հիմնադրվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանավարության տարիներին: Հատկապես նկատի ունեմ 1995թ. խորհրդարանական, 1996թ. նախագահական խայտառակ ընտրությունները, երբ համաժողովրդական ընդվզումն ընդդեմ տերպետրոսյանական վարչախմբի կողմից կեղծված ընտրությունների ճնշվեց ինքնաձիգներից արձակված կրակահերթերով, Երեւանի կենտրոնը պաշարած տանկերով: Ասել, որ ժողովրդավարությանը խորթ այդ դրսեւորումները 2008 թ. նախագահական ընտրությունների ժամանակ ամբողջությամբ հաղթահարվել են, կարծում եմ, դեռ վաղ է: Այնպես որ, ես համամիտ եմ միջազգային դիտորդների այն եզրակացությանը, որ «փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները Հայաստանում անցկացվեցին մեծապես համապատասխան երկրի միջազգային պարտավորություններին, չնայած հետագա բարելավումը անհրաժեշտ է՝ կապված դեռեւս առկա մարտահրավերների հետ»:

– Ձեր կուսակցությունը, Ձեր տվյալներով, բազմահազարանոց կուսակցություն է, սակայն դուք ստացաք ձայների 0,46 տոկոսը:

– Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր կուսակցության բազմահազարանոց բանակին, տասնյակ հազարավոր իմ համակիրներին, ովքեր այս ընտրություններին անսացին իմ հորդորները եւ գիտակցելով երկրի առջեւ ծառացած վերահաս վտանգները՝ պայմանավորված Լեւոն Տեր-Պետրոսյանի հնարավոր վերադարձով իշխանություն, մերժեցին վերջինիս եւ քվեարկեցին հանուն Հայոց պետականության պահպանման: Եվ ես հպարտ եմ, որ անձիս համար այդ թվացյալ կորուստների գնով նաեւ մենք կարողացանք կանխել մեր պետության գլխին կախված արհավիրքը:

– Ի՞նչ զգացողություն ունեք ընտրություններից հետո:

– Զգացողությունը, կրկնեմ, այնպիսին է, որ «Ազգային միաբանություն» կուսակցությունը, վերցնելով «կրակն» իր վրա, մեր երկիրը փրկեց վտանգավոր զարգացումներից, անգամ իսկ պետականության կորստի հեռանկարից:

– Ընտրության օրը կանխատեսեցիք, որ լինելու է մեկ փուլ, որ հաղթելու է Սերժ Սարգսյանը:

– Եթե ավելի ուշադիր վերհիշեիք փետրվարի 19-ին ժամը, 11.14-ին արտահայտած իմ խոսքերը, ապա ձեր հարցը պետք է այլ ձեւակերպում ունենար: Այդ օրը ես իմ գոհունակությունն էի հայտնել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի 8 թեկնածուներն էլ մերժեցին ու դատապարտեցին Տեր-Պետրոսյանի, մեղմ ասած, անխոհեմ վարքագիծը՝ պիտակավորելու, շանտաժի ենթարկելու, նշավակելու բոլոր նրանց, ովքեր չմիավորվեցին իրեն: Նման համերաշխություն նախագահի թեկնածուների միջեւ Երրորդ հանրապետության պատմության ընթացքում ես չեմ մտաբերում:

Ինչ վերաբերում է առաջին փուլում Սերժ Սարգսյանի հաղթելու՝ իմ կանխատեսմանը, նշեմ, որ դա ինքնին հասկանալի դարձավ, երբ ժողովուրդը լսելով Լեւոնի վերջին ելույթները, գիտակցեց, թե Տեր-Պետրոսյանի վերադարձը իր հետ ինչ կորուստներ կբերի երկրին: Ավելին, մարդիկ մտովի պատկերացրին, թե ցանկացած հայ ընտանիքի ինչ է սպառնալու, եթե «հանդգնի» չմոռանալ արհավիրքի, ժողովրդի զանգվածային կողոպուտի, հարստահարման, անօրինականությունների, զինակոչային տարիք ունեցող երիտասարդության փողոցային որսերի, գիշերային թաղումների, քաղաքական սպանությունների՝ տերպետրոսյանական վարչախումբը բնութագրող տարիները, ապա, կրկնեմ, նրանց սպառնալու է անխուսափելի վրեժխնդրությունը:

– «Ազգային միաբանության» շարքերը հնարավո՞ր է նոսրանան ձեր հավաքած քվեների պատճառով:

– Ճիշտ հակառակը, մեր շարքերն էլ ավելի կստվարանան: Չէ՞ որ այս ընտրությունների ընթացքում ցանկացած հայ մարդ հնարավորություն ունեցավ իր համար պարզելու մեր տեսակը. կուսակցություն, որն առաջնորդվում է մեր երկրում մնայուն արժեքների հաստատմամբ, թեկուզեւ թվացյալ կորուստներ կրելով: Մեր բովանդակային գործունեությանը, որն ուղղված է Ազգային Միաբանության (խոսքը կուսակցության մասին չէ) հաստատմանը այլընտրանք չկա: Ես հավատով եմ լցված մեր, կուսակցության առավել քան պահանջված լինելու մեջ եւ համոզված եմ, որ «Ազգային միաբանություն» կուսակցությանը նորացվող Հայաստանում սպասվում է մեծ ապագա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել