Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԸՆՏՐԵԼ ԵՆ ՀԱՆՈՒՆ ԿՆԻՔԻ

Փետրվար 21,2008 00:00

\"\"Հայաստանի նախագահական ընտրությունները աչքի ընկան ոչ միայն բազմաթիվ ընտրախախտումներով ու վայրագություններով, այլ նաեւ` զավեշտալի ու անհավանական միջադեպերով:

Ընտրությունների օրը տասնյակ ընտրատեղամասերում մարդիկ գալիս էին քվեարկության՝ անգամ չիմանալով, թե նախագահի քանի թեկնածու կա, ովքեր են նրանք ու ինչ ծրագրեր ունեն: Իսկ շատերին էլ հետաքրքրում էր ոչ թե այն, թե ով կդառնա մեր պետության նախագահը, այլ միայն այն, որ քվեարկության մասնակցության կնիքը անպայման լինի իրենց անձնագրերում, քանի որ նրանց տեղեկացրել էին, որ եթե ընտրությանը չմասնակցեն՝ «Փարոսից» օգնություն չեն ստանա կամ հետագայում լուրջ խնդիրներ կունենան արտասահման մեկնելու եւ աշխատանքի ընդունվելու հարցերում: Օրինակ, Արաբկիր համայնքի 4/02 ընտրատեղամասում քվեարկության եկած Թամարա Սարգսյանը մեզ պատմեց, որ ամուսինը Մոսկվայում է, ինքն էլ ժամանակ առ ժամանակ մեկնում է այնտեղ, այսպես ասած՝ «գծերը ստուգելու»: Տիկին Թամարան ընտրությանը մասնակցելու ցանկություն չի ունեցել, բայց երբ իրենց շենքի բակում տեղակայված հանրապետականների շտաբից տեղեկացրել են՝ «Եթե անձնագրիդ մեջ քվեարկության մասնակցի կնիք չլինի՝ չես կարող ամուսնուդ մոտ մեկնել, օդանավակայանից հետ կուղարկեն», վերջինս շտապել է որքան հնարավոր է շուտ ձեռք բերել «կնիքը»:

Ընտրակաշառքներն այնքան ակնհայտ էին բաժանվում, որ դա արդեն մասսայական խոսակցության թեմա էր դարձել: Ընտրողները չէին վախենում ընտրատեղամասերում՝ հանձնաժողովների նախագահի ու վստահված անձանց ներկայությամբ խոսել կաշառքների մասին: Էրեբունի համայնքի մանկապարտեզներից մեկի շենքում տեղակայված թիվ 13/ 28 ընտրատեղամասում Ռուբեն պապը, հանձնաժողովի անդամից ստանալով ծրարը, շատ զգուշորեն բացեց այն ու բարձրաձայն ասաց. «էս ինչի՞ ա ծրարը դատարկ, բա ասում էին մեջը բան ա լինելու»: Մեր այն հարցին, թե Ռուբեն պապին ի՞նչ էին խոստացել, նա պատասխանեց. «Դե, ասել էին, որ ծրարի մեջ ակնոց ա լինելու»: Նկատենք, որ Ռուբեն պապի ակնկալիքներն իսկապես անհիմն չէին, քանի որ նախընտրական օրերին մայրաքաղաքի մի քանի համայնքերում՝ Էրեբունիում, Մալաթիա-Սեբաստիայում բնակիչներին օպտիկական ակնոցներ են բաժանել՝ Սերժ Սարգսյանին ընտրելու դիմաց: Ուշագրավ է, որ այդ օպտիկական ակնոցները բաժանում էին անխտիր բոլորին՝ անկախ նրանից՝ մարդիկ տեսողական խնդիրներ ունեի՞ն, թե՝ ոչ, կարճատե՞ս են, թե՝ հեռատես:

Գտնվելով տասնյակ ընտրատեղամասերում՝ պարզեցինք, որ ընտրական հանձնաժողովների նախագահները շատ հաճախ բոլորովին անտեղյակ էին «Ընտրական օրենսգրքի» կանոններին ու բացի այն, որ չգիտեին, թե իրենց գործառույթը որն է, տեղյակ չէին նաեւ, որ, ըստ օրենքի, լրագրողներն անարգել կարող են հետեւել քվեարկության ընթացքին եւ լուսանկարել: Երբ ընտրատարածքի քվեարկության ընթացքը լուսաբանելու համար գտնվում էինք Նոր Արեշ թաղամասի թիվ 13/ 16 ընտրատեղամասում, այստեղ հանձնաժողովի նախագահ Վասիլի Աֆյանը մեզ արգելեց լուսանկարել, պատճառաբանելով՝ «Ի՞նչ իրավունքով եք առանց իմ թույլտվության ինձ նկարում: Դուք խցկվում եք իմ անձնական կյանքի մեջ»:

Արաբկիրի ընտրատեղամասերից մեկում էլ քվեարկության եկած Կարեն Հայրապետյանը հանձնաժողովի անդամներից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարող է ծանոթանալ թեկնածուների ծրագրերին, որպեսզի կողմնորոշվի՝ ում ընտրել: Նա ընտրատեղամասում մի 10 րոպե ծրագրերը հերթով կարդալուց հետո նոր միայն մտավ քվեախուց՝ համոզված լինելով, որ իր նախընտրած թեկնածուին գտել է: Զարմանալի է, թե մարդն ինչպե՞ս կարող էր 10 րոպեում կարդալ Արտաշես Գեղամյանի մեծածավալ «Արարման ծրագիրը» կամ «մարսել» Արման Մելիքյանի խոհափիլիսոփայական մտքերը՝ կյանքի եւ մարդկային հոգեբանության մասին:

Ընտրությունների օրը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները, հանրապետականների եւ ոստիկանների ճնշումներին չենթարկվելու համար, մի խորամանկ քայլի էին դիմել. ընտրատեղամասից տեղամաս ազատ գնալ-գալու համար իրենց ավտոմեքենաներին ՀՀԿ-ի «Առաջ, Հայաստան» կարգախոսով դրոշակներն էին փակցրել, ինչը ոստիկանների շրջանում էլ էր շփոթություն առաջացրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել