Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք կարող հաշվի չառնել»

Փետրվար 21,2008 00:00

Վազգեն Մանուկյանի կողմնակիցներն ասում են, որ իրենց առաջարկած այլընտրանքը չընկալվեց ժողովրդի կողմից:

«Գործընթացները կանխատեսելի էին: Ընտրարշավին մասնակցող միավորների վարքագիծն ինձ հայտնի էր, ինչի մասին ես բազմիցս եմ խոսել»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ընտրական գործընթացների մասին կարծիք հայտնեց Վազգեն Մանուկյանին սատարող ուժերի խորհրդի անդամ, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Հետընտրական զարգացումները մեր զրուցակիցը ավելի նմանեցնում է 1996 թվականի նախագահական ընտրությունների զարգացումներին՝ որոշակի վերապահումներով, որոնց մասին առայժմ ձեռնպահ է մնում խոսել: «Ավելի ճիշտ կլինի, որ ժողովրդի հաղթանակից հետո մենք խոսենք այն նրբությունների մասին, որոնք այսօր ոչ ոք չի նկատում կամ սխալ են ընկալում»,- ասում է նա: Մեր զրուցակիցը նաեւ արձանագրում է. «Ինձ համար քաղաքականության հիմնական սուբյեկտը միշտ էլ եղել է ժողովուրդը: Ժողովուրդն իրավունք ունի լուծումներ առաջարկել. մենք առաջարկում ենք տարբերակներ: Մեզ համար պարզ դարձավ, որ այս իրավիճակում մեր առաջարկած լուրջ այլընտրանքը, որը մենք համարում ենք այլընտրանք չունեցող կառուցողական գործընթացի սկիզբ՝ չընկալվեց ժողովրդի կողմից՝ տարբեր պատճառներով: Նաեւ ակնհայտ է, որ այսօր ընտրողների առնվազն կեսը, նույնիսկ պաշտոնական տվյալներով, համաձայն չէ ընտրությունների առաջին փուլով ավարտվելու հետ»: Այն, որ երեկ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատարող ուժերի հրավիրած հանրահավաքում պահանջ է հնչեցվել չեղյալ հայտարարել այս ընտրությունները եւ նոր ընտրություններ նշանակել՝ Հրանտ Խաչատրյանը համարում է քաղաքական զարգացումների տրամաբանական ընթացք: Սակայն ասում է, որ ամեն դեպքում «պետք է լինել ուշադիր, քաղաքականությունը տարբերել ընտրություններից: Կա խնդիր, որը մենք պետք է լուծենք՝ լինել ժողովրդի հետ, նույնիսկ այն դեպքում, եթե ժողովուրդը սխալ ընտրություն է կատարել: Բայց լինել ժողովրդի հետ այնպես, որ բոլորս չգնանք այդ սխալ ճանապարհով: Դա բավականին բարդ խնդիր է յուրաքանչյուր ճանաչված հրապարակային գործչի համար. ես հիմա այդ մասին եմ մտածում…»:

«Առավոտի» առաջարկին՝ ակնարկներից անցնել ավելի հանրամատչելի արտահայտվելուն, պարոն Խաչատրյանն ասաց. «Ես ոչինչ չեմ ակնարկում: Վազգեն Մանուկյանի շտաբի դիտարկումներով, եղել են բազմաթիվ ընտրախախտումներ: Ընդ որում, կիրառվել է խախտումների ողջ զինանոցը՝ ընդհուպ մինչեւ բռնություններ, եւ դրանք հովանավորվել են իշխանության օղակների կողմից: Համենայնդեպս, տեղական ոստիկաններն են հովանավորել, հանձնաժողովների նախագահներն են կազմակերպել, ավելին՝ հրաժարվել են խախտումների վերաբերյալ դիմումների ընդունումից: Մարդիկ նորից բորբոքված են եւ փորձում են ընդվզել ընտրախախտումների դեմ, հնչում են մինչեւ վերջ պայքարելու կոչեր, ընդ որում՝ բավականին անկեղծ: Մենք չենք կարող դա հաշվի չառնել եւ դրա վրա չկառուցել մեր հետագա գործընթացները»:

Ի դեպ, երեկ Վազգեն Մանուկյանի շտաբում ցնցված էին ընտրությունների օրը կատարված բռնություններից եւ խախտումներից: Շտաբի պատասխանատուները, սակայն, մասնավոր զրույցներում նաեւ արձանագրում էին, որ ժողովուրդը չհասկացավ իրենց եւ իրենց առաջարկած այլընտրանքը: Միաժամանակ, արձանագրում էին, որ չեն կարող եւ չպետք է անմասն մնան հետագա քաղաքական զարգացումներից: Բարձրաձայնել սեփական կարծիքները, սակայն, առայժմ ձեռնպահ էին մնում՝ սպասելով կոլեգիալ որոշման: Ընտրական գործընթացների կամ հետագա վարքագծի մասին որեւէ կարծիք բարձրաձայնելուց երեկ զերծ մնաց նաեւ Վազգեն Մանուկյանը: Երեկոյան, ժամը 18-ի սահմաններում, նախատեսված էր Վազգեն Մանուկյանին սատարող ուժերի խորհրդի նիստ: Նիստում ի մի էր բերվելու գործընթացին վերաբերող տեղեկատվությունը, որի հիման վրա էլ արդեն, հավանաբար, այսօր Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբը հանդես կգա հայտարարությամբ:

Հ. Գ. Ընտրությունների վերաբերյալ կարծիքներ բարձրաձայնելուց երեկ ձեռնպահ մնացին նաեւ նախագահի թեկնածուներ Արման Մելիքյանը եւ Արամ Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել