Լրահոս
Օրվա լրահոսը

3-ՐԴ ԵՎ 4-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԴԵՌ ԼՌՈՒՄ ԵՆ

Փետրվար 21,2008 00:00

Արթուր Բաղդասարյանի եւ Վահան Հովհաննիսյանի գնահատականները ընտրություններին կհնչե՞ն այսօր

ՀՀ նախագահի թեկնածու Վահան Հովհաննիսյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Ռուստամյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ փետրվարի 14-ի հանդիպման ժամանակ հայտնել էր, որ վստահված անձանց իրենց տված հրահանգն է՝ առաջին հերթին ստուգել տեղամաս մտնողների անձնագրերում կնիքի առկայությունը եւ դուրս գալուց էլ ստուգել, թե արդյոք դրվե՞լ է կնիք: Վկայում եմ՝ փետրվարի 19-ին 6/10 ընտրատեղամասում քվեարկությունից առաջ ինձնից եւ այդ տեղամասում հերթի կանգնած մի քանի տասնյակ մարդկանցից եւ ոչ մի վստահված անձ չի փորձել պարզել՝ գուցե այլ վայրում արդեն իսկ մասնակցե՞լ ենք ընտրության:

Ինչո՞ւ չիրականացվեցին ընտրախախտումների դեմ նախապես հայտարարված այս եւ մի շարք այլ քայլերը: Ինչպե՞ս ստացվեց, որ Վահան Հովհաննիսյանը ստացավ կրկնակի պակաս ձայներ, քան իր հետ կնքված համաձայնագրերն էին: Մասնավորապես այս հարցերը պիտի ուղղեինք ՀՅԴ պատասխանատուներին, եթե երեկ եւս նրանք չշարունակեին պահպանել լռություն: Ավելին՝ փետրվարի 20-ից դադարեց իբրեւ օրաթերթ լույս տեսնել «Երկիր» պաշտոնաթերթը: Թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը սա բացատրեց այսպես՝ «Երկիրն» իբրեւ օրաթերթ պիտի հրապարակվեր միայն քարոզարշավի ընթացքում:

Սպարտակ Սեյրանյանը նաեւ հայտնեց, որ երեկ գումարվել էր ԳՄ նիստ, որի ընթացքում քննվում էին ընտրական հանձնաժողովներում ՀՅԴ ներկայացուցիչներից եւ Վահան Հովհաննիսյանի վստահված անձանցից ստացված հաղորդումները: ԳՄ նիստ կգումարվի նաեւ այսօր, որի ընթացքում գուցե որոշվի հրապարակել ընտրությունների վերաբերյալ ՀՅԴ դիրքորոշումը:

Իբրեւ ընտրություններին տրված գնահատական կարելի է ընկալել այն փաստը, որ ԿԸՀ-ում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանը երեկ ստորագրեց նախնական արդյունքների վերաբերյալ արձանագրությունը՝ հատուկ կարծիքով. «Նկատի ունենալով, որ փետրվարի 19-ին կայացած նախագահի ընտրությունների ժամանակ, իմ ունեցած նախնական տվյալներով, Երեւանի թիվ 7, 8, 13 եւ Արտաշատի թիվ 17 ընտրատարածքների տարբեր տեղամասերում տեղի են ունեցել քվեարկության ընթացակարգի կոպիտ խախտումներ՝ ես արձանագրությունը ստորագրել եմ, ներկայացնելով սույն հատուկ կարծիքը, նպատակ ունենալով մինչեւ արդյունքների վերջնական ամփոփումը ճշգրտել իմ ունեցած տվյալները»:

ՀՅԴ դիրքորոշումը պարզելու հնարավորություն կար երեկ, երբ ՀՅԴ գործիչները Ղարաբաղյան պայքարի 20-ամյակի կապակցությամբ այցելել էին Եռաբլուր: Սակայն Վահան Հովհաննիսյանը չի պատասխանել լրագրողների հարցերին: Իսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է. «Մի բան պարզ է, որ պարտվել ենք. դա հաճույքով չենք ընդունում, բայց գիտակցաբար ենք ընդունում: Մեր կուսակցությունն այն կուսակցությունն է, որ կարող է հաղթահարել, եւ սա մի նոր սկիզբ կդառնա»: Իսկ հարցին, թե շնորհավորելո՞ւ են հաղթած թեկնածուին, Հրանտ Մարգարյանը պատասխանել է. «Դեռ ժամանակ կա դրա համար»:

Իր գնահատականները չի շտապում հրապարակել նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը: Երեկ կեսօրից հետո տարածվեց ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի նախընտրական գրասենյակի հայտարարությունը, որում մասնավորապես ասված էր. «Բազմաթիվ ընտրական տեղամասերում զանգվածային լցոնումները, ընտրակաշառքների համատարած բաժանումը, բաց ու կրկնակի քվեարկությունները ու ՕԵԿ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված գրավոր բողոքները գրանցելուց զանգվածային հրաժարվելը, բազմաթիվ տեղամասերում ձայները հաշվելու ընթացքում կատարված կեղծիքները կասկածի տակ են դնում ընտրությունների ազատությունը, օրինականությունը եւ արդարությունը: Մենք հայտարարում ենք, որ սկսում ենք ընտրությունների արդյունքների վերանայման եւ բողոքարկման գործընթաց՝ պահանջելով անվավեր ճանաչել ավելի քան 100 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, կատարել ձայների վերահաշվարկ ավելի քան 200 ընտրական տեղամասերում, որի արդյունքում էականորեն բարձրանալու են մեր թեկնածուի ձայները, ինչն իր հերթին էական ազդեցություն կունենա ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Դիմում ենք ՀՀ իշխանություններին՝ միջոցներ ձեռնարկել չխոչընդոտելու համար օրենքով սահմանված կարգով քվեարկության արդյունքների վերանայումը: Հայտնում ենք, որ ՀՀ սահմանադրության եւ օրենքների խախտմամբ մինչեւ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը քվեարկության իրական պատկերի վերհանմանը խոչընդոտելու եւ աղավաղելու փորձերը հղի են հասարակական առճակատմամբ»: Հայտարարության մեջ նաեւ նշված է, որ կայանալու է Արթուր Բաղդասարյանի ասուլիսը, որի ընթացքում կտրվեն լրացուցիչ գնահատականներ եւ պարզաբանումներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել