Թեպետ միջազգային դիտորդները նախագահական ընտրությունները գնահատում են որպես եվրոպական չափանիշներին համապատասխան, այնուամենայնիվ, արտահայտել են նաեւ որոշ մտահոգություններ: Մեջբերենք այդ «մտահոգություններից» մի հատված. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը համարժեք կերպով չի իրականացրել իրավական դրույթներին լրատվամիջոցների համապատասխանության վերաբերյալ իր լիազորությունները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական դիտորդական առաքելությունը ստացել է երեք անմիջական վկայություն հանրային աշխատողների կողմից, ում նրանց վերադասները կարգադրել են մասնակցել պարոն Սարգսյանի նախընտրական միջոցառումներին: Եվս երկու դեպքում ՏԻՄ աշխատակիցներին ասել էին, որ նրանք կարող են թողնել աշխատանքը, որպեսզի մասնակցեն Ս. Սարգսյանի հանրահավաքներին: Հանրային սեկտորի եւ ՏԻՄ աշխատողները, հատկապես դպրոցների ուսուցիչները մեծ թվով մասնակցել են պրն Սարգսյանի հանրահավաքներին, հաճախ աշխատանքային ժամերին: Մի քանի առանձին դեպքերում լուրջ խնդիրներ են նկատվել այցելած որոշ տեղամասերում, այդ թվում՝ քարոզչություն (32 դեպք), ընտրողների ընտրության վրա ազդելու փորձեր (18 դեպք), ընտրողների ահաբեկում (22 դեպք), մեկ անձի կողմից բազմաթիվ ընտրողներին «օժանդակության» ցուցաբերում, ընտրողի ետուղարկում անհարիր պատճառներով (13 դեպք) եւ նախապես նշում ունեցող քվեաթերթիկով քվեարկություն (4 դեպք): Դիտարկվել է ավտոբուսի մեկ վարորդ 35/28 ընտրատեղամասի տարածքում (Շիրակի մարզ), որի ձեռքում կային բազմաթիվ անձնագրեր, եւս երկու դեպքում դիտորդները տեսել են ձեռքերում անձնագրեր ունեցող անձանց, որոնք հավաքվել էին Երեւանի շուկաներից մեկի մոտ: Դիտորդները հաստատել են քվեների գնման մասին մի շարք հայտարարություններ: Փետրվարի 18-ին Վարդաբլուր գյուղում (թիվ 31 ընտրատարածք) դիտորդները զրուցել են գյուղաբնակների հետ, ովքեր հաստատել են, որ իրենց առաջարկել են 5000 դրամ (11 եվրո)՝ իրենց քվեների դիմաց: Քվեների գնման նմանատիպ տարբերակ է նկատվել նաեւ Բազումում»: