Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչումների եւ չճանաչումների շքերթ

Փետրվար 21,2008 00:00

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը նախօրեին հայտարարել է Վաշինգտոնի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման մասին: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Պրիշտինան, ինչպես եւ սպասվում էր, հայտարարեց իր անկախությունը Սերբիայից: Ըստ ԱՄՆ նախագահի, որն այցով գտնվում է Տանզանիայում, «Կոսովոյի բնակիչները դարձան անկախ եւ այժմ պետք է առաջ շարժվել Ահտիսաարիի պլանին համապատասխան»: Բուշը հավելել է, թե Միացյալ Նահանգները «կհետեւի, թե ինչպես կսկսեն զարգանալ իրադարձությունները Կոսովոյի շուրջ»:

Մեծ Բրիտանիան եւս ճանաչել է Կոսովոյի անկախությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Նովոստի» գործակալությունը, Բրյուսելում հայտարարել է Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Միլիբանդը: «Եվրամիությունում նախագահող Սլովենիան կարծում է, որ ԵՄ կազմում ընդգրկված 27 պետություններից շատերը կճանաչեն Կոսովոյի անկախությունը»: Երեկ այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Սլովենիայի արտգործնախարար Դմիտրի Ռուպելը: Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը», սպասվում է, որ մոտ օրերս Ֆրանսիան եւս պաշտոնապես կճանաչի Կոսովոյի անկախությունը: Երեկ հայտնի դարձավ, որ Կոսովոյի անկախությունը ճանաչել է նաեւ Գերմանիան:

Պաշտոնական Անկարան նույնպես հայտարարել է, որ ճանաչում է Կոսովոյի անկախությունը: Այդ մասին տեղեկացնում է DPA լրատվական գործակալությունը: «Թուրքիան հարգում է կոսովարների պատմական որոշումը, մենք նրանց հաջողություն ենք մաղթում»,- ասել է Թուրքիայի արդարադատության նախարար Մեհմեթ Ալի Շահինը եւ հավելել. «Թուրքիայի Հանրապետությունը որոշել է ճանաչել Կոսովոյի Հանրապետությունը եւ այդ որոշումը փոխանցել է աշխարհին»: DPA-ի հաղորդագրության համաձայն, ակնկալվում էր, որ Թուրքիան՝ իբրեւ մահմեդական երկիր, անմիջապես կճանաչի Կոսովոյի անկախությունը, սակայն Անկարան դրա հռչակումից հետո սպասել է 48 ժամ՝ պաշտոնական որոշումը հրապարակելու համար: Հասկանալիորեն, հակառակ դիրքորոշումն ունի Ադրբեջանը: «Կոսովոյի անկախության հռչակումը հակասում է միջազգային իրավունքին եւ չի ճանաչվի Ադրբեջանի կողմից»: Այս մասին Ադրբեջանի ԱԳՆ-ում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Խազար Իբրահիմը: Ըստ նրա, Կոսովոյի ինքնահռչակումը չի կարող նախադեպ լինել մյուս ինքնահռչակ կազմավորումների ճանաչման համար: Նույն կարծիքին է նաեւ Վրաստանը, որը եւս չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Այդ մասին հայտարարել են երկրի խորհրդարանի եւ կառավարության պաշտոնական ներկայացուցիչները:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա այս երկրի խորհրդարանի զույգ պալատները դատապարտել են Կոսովոյի անկախության հռչակումը՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ տարածքային ամբողջականության սկզբունքի խախտում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել