Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը չեն կարող քանդել

Փետրվար 21,2008 00:00

ՀՀԿ նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ իրականացրել են նորմալ ընտրություններ:

– Ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք է անցկացնում, քանի որ չի ընդունում ընտրության նախնական արդյունքները, ինչպե՞ս եք գնահատում բողոքի ակցիան, չե՞ք վախենում կամ անհանգստանում:

– Ասեմ, որ ընդդիմությունն իրավունք ունի օրենքի սահմաններում իր ակցիաները կազմակերպել, իսկ մենք ոչ վախենում ենք, ոչ անհանգստանում: Ամենակարեւորն այն է, որ մենք կարողացանք իրականացնել նորմալ ընտրություններ, եւ հետո՝ մենք նման բան սպասում էինք, որովհետեւ ընտրություններից դեռ շատ առաջ ե՛ւ Տեր-Պետրոսյանը, ե՛ւ նրա նախընտրական շտաբի բազմաթիվ անդամներ հայտարարել են, որ եթե իրենք չհաղթեն, ընտրությունները կեղծված են լինելու, ավելին, հենց ընտրության օրը, քվեարկելուց անմիջապես հետո Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իրեն ձայն է տալու ընտրողների 99%-ը, եւ մենք շատ զարմացանք նրա համեստությամբ, որովհետեւ չասաց՝ 100%-ն է իրեն ձայն տալու: Հիշեցնեմ, որ նրա շտաբի պետ Ալիկ Արզումանյանն իր հերթին ընտրության օրը, ժամը 20.05-ին հայտարարեց, որ իրենք արդեն ունեն ընտրությունների արդյունքները: Կարծում եմ, դա աբսուրդ է, հավանաբար պարոն Արզումանյանը 2008-ի ընտրությունները շփոթեց 1996-ի ընտրությունների հետ, երբ իրենք նախապես տվյալները գրում էին եւ հետո կարդում, թե ժողովուրդն ինչպես է քվեարկել: Կարծում եմ, ավելի ճիշտ կլիներ, եթե մեր ընդդիմադիր գործընկերները հանդես գան պետականամետ դիրքերից եւ շնորհավորեն հաղթող թեկնածուին: Եթե իրենք իրենց ժողովրդավար են հայտարարում, ուրեմն պետք է իմանան, որ ժողովրդավար երկրներում ընդունված է, որ պարտվողը սեղմում է հաղթողի ձեռքը եւ շնորհավորում: Կցանկանայի, որ մեր ընդդիմադիր գործընկերները հայհոյելու, անհեթեթ հայտարարություններ անելու փոխարեն իրենց պահեն քաղաքակիրթ եւ ժողովրդավարական արժեքներին համարժեք:

– Մամուլում տեղեկություններ կան ծավալուն ընտրախախտումների մասին, ինչպե՞ս եք ապացուցելու, որ դրանք չեք իրականացրել:

– Ապացուցողը Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը չէ, ապացուցողը պետք է լինի ԿԸՀ-ն, եթե կան քրեական խնդիրներ, պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Մեր ընդդիմադիր գործընկերները պետք է գիտակցեն, որ անցել են բիրտ ուժի քաղաքականության ժամանակները, Հայաստանն իրավական երկիր է, գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, եթե իրավական հարթությունում կա խնդիր, դրանով պետք է զբաղվեն իրավապահները: Այն, որ թեկնածուներից մեկի նախընտրական շտաբի կողմից իրականացվեցին համատարած սադրանքներ՝ փաստ է, իսկ այն, որ եղել են խախտումներ, մենք չենք ասում, որ ընտրությունները եղել են իդեալական, որեւէ երկրում դրանք իդեալական չեն լինում, պարզապես ասում ենք, որ այս ընտրությունները համապատասխանել են միջազգային չափանիշներին, եւ դիտորդները դա հաստատեցին: Իսկ առկա խախտումները չեն ազդել ընտրությունների ընթացքի եւ ելքի վրա:

– Դուք տեղյա՞կ եք, որ քաղաքի կենտրոնական մասերում զորք է կանգնած, ջրցան մեքենաներ, ավտոբուսներով զինվորներ եւ այլն, ինչո՞ւ:

– Հանրապետությունն ունի Սահմանադրություն, Սահմանադրությամբ երաշխավորված են ինչպես մարդու ազատությունները, այնպես էլ հասարակական կարգի պահպանությունը, եւ պետք է կարողանանք զանազանել ազատությունն անկարգությունից: Իրավապահ մարմինները պետք է պատրաստ լինեն պաշտպանել հասարակական կարգը: Այն պետությունը, որը չի կարողանում իրականացնել հասարակական կարգի պաշտպանությունը, խոցելի, թույլ պետություն է, եւ ես ուրախ եմ, որ մեր երկիրը ոչ միայն դրսից, այլեւ ներսից չեն կարող կազմաքանդել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել