Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՆՔ ՁԵՐ ԵՏԵՎԻՑ ԳԱԼՈՒ ԵՆՔ»

Փետրվար 21,2008 00:00

\"\"Երեկ Մատենադարանի մոտ հրավիրված հանրահավաքում իրենց առաջնորդելու կոչով դիմելով Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ հայտարարեց Սասուն Միքայելյանը:

ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան աջակցող ուժերը ընտրություններից հետո առաջին հանրահավաքն անցկացրին Մատենադարանի մոտ: Ու թեեւ այն նշանակված էր ժամը 15:00-ին, սակայն երեկ Մատենադարանի մոտ արդեն ժամը 11:00-ին մի քանի հարյուր մարդ էր հավաքվել, որոնց հոսքը գնալով ավելանում էր եւ հանրահավաքի մեկնարկի ժամանակ հասավ ավելի քան 200 հազարի: Հանրահավաքը, ըստ էության, սկսվեց նշված ժամանակին, թեեւ մինչ այդ էլ հավաքվածները եռագույն դրոշներն ու Տեր-Պետրոսյանի դիմանկարով պաստառները ձեռքներին պարում էին ու վանկարկում՝ «Լեւո՛ն» եւ «Հաղթանա՛կ» բառերը: Նիկոլ Փաշինյանը, որին այս անգամ եւս վստահվել էր վարել հանրահավաքը, դիմելով հավաքվածներին՝ ասաց. «Երեկ մեր ժողովուրդն ընտրեց իր նախագահին: Եվ այդ նախագահի անունն է…,- հավաքվածներն իրենք շարունակեցին՝ «Լեւո՛ն»,- այո՛, Լեւոն Տեր-Պետրոսյան»: Նա կոչ արեց ողջունել ընտրությունների օրը ընտրատեղամասերում եղած Տեր-Պետրոսյանի բոլոր այն վստահված անձանց, որոնք նրա ձեւակերպմամբ՝ «պայքարում էին ընդդեմ սերժաքոչարյանական կրիմինալ բաշիբոզուկների, հանուն Հայաստանի Հանրապետության ազատության». «Մենք պետք է ապացուցենք, որ նրանց պայքարը իմաստ ուներ, որ հաղթական էր»:

Ն. Փաշինյանը ներկայացրեց Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի հայտարարությունը, որում փաստագրված էին նախագահական ընտրությունների քվեարկության եւ արդյունքների նախնական ամփոփման ժամանակ տեղ գտած «համատարած եւ լկտի ապօրինությունները», ՀՀ քաղաքացիների նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական բռնությունները, վստահված անձանց առեւանգումները, զինվորականների եւ գյուղական շրջաններում տեղի ունեցած բաց եւ իշխանության կողմից վերահսկելի քվեարկությունները: Շտաբը նաեւ կասկածի տակ է առել քվեարկության մասնակիցների պաշտոնապես ներկայացված տվյալները՝ դրանք համարելով «ակնհայտ ուռճացված»: «Հաշվի առնելով համատարած կեղծիքներն ու բռնությունները, որոնք ամբողջովին աղավաղել են ժողովրդի կամքի արտահայտումը, ՀՀ առաջին նախագահի նախընտրական շտաբը չի ճանաչում 2008թ. նախագահական ընտրությունների ԿԸՀ հրապարակած արդյունքները եւ պահանջում է անցկացնել նոր ընտրություններ»,- ասված է շտաբի հայտարարության մեջ: Փաշինյանը շեշտեց, որ համաժողովրդական շարժումը շարունակվելու է՝ նշելով նաեւ, որ իշխանությունները մտմտում են երկրորդ փուլ անցկացնելու մասին. «Մենք չենք ընդունելու նման զարգացումը եւ պահանջում ենք անվավեր ճանաչել ողջ քվեարկությունը»: Սրան հաջորդեց հավաքվածների «Սերժիկ, հեռացիր» պահանջը: «Սերժ Սարգսյանն իր ծոծրակը կտեսնի, նախագահի կարգավիճակը չի տեսնի»,- նկատեց Փաշինյանը:

Խոսեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Էն մարդիկ, ովքեր «Առաջ, Հայաստան» էին ասում, ովքեր պետությունից էին խոսում, էդ մարդիկ երեկ ցույց տվեցին իրենց ամբողջական դեմքը եւ ապացուցեցին այն ամենը, ինչը մենք այս քարոզարշավի ընթացքում մեր հանրահավաքներում փորձում էինք հիմնավորել,- ասաց Ա. Սարգսյանը՝ հավելելով,- մի երկրում, որտեղ կրիմինալը գործում է ոստիկանության հովանավորությամբ, պետություն չէ, բանտ էլ չի: Այստեղ կրիմինալն ու ոստիկանությունն իրար են օգնում»:

ԱԺ պատգամավոր, «Ոգու փորձություն» հ/կ հիմնադիր անդամ Սասուն Միքայելյանն էլ, որին ներկաները ողջունեցին «Սասուն, Սասուն» վանկարկումներով, իր խոսքը սկսեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի այն մտքով, թե՝ «այս երկրի սահմանները գծված են արյամբ եւ ամրապնդվել են քրտինքով»: «Մենք ազատագրեցինք Արցախը, որ լծվենք քրտնաջան աշխատանքի եւ ապրենք անկախ, ազատ Հայաստանում: Բայց այսօր ձեւավորվել է մի կառույց, որն իրեն օրենքից դուրս է համարում: Բայց այսօր ուզում եմ հիշել Սպարապետի մի այլ խոսք՝ «հաղթանակած ժողովրդին նման ապրելակերպը վայել չէ»,- Ս. Միքայելյանի այս մեջբերումից հետո հավաքվածները երկար վանկարկում էին Սպարապետի անունը՝ «Վազգեն»:

Ս. Միքայելյանն ասաց, թե ինքը կորցրել է իր առաջնորդին՝ ի դեմս Սպարապետի, եւ այսօր կանգնած է իր առաջնորդի առաջնորդի՝ Լ. Տեր-Պետրոսյանի կողքին: Վերջինիս նա կոչ արեց. «Պարոն Տեր-Պետրոսյան, խնդրում ենք ձեզ առաջնորդել հավատի, հույսի, մեր ապագայի համար: Այսօրվա պայքարը պետք է ունենա միմիայն հաղթանակ»: Նա հավաքվածներին նաեւ խնդրեց՝ «ինչ-որ կասի պարոն Տեր-Պետրոսյանը, մեկ մարդու նման կատարող լինենք: Մենք գնալու ենք հույսով եւ հավատով, մեր թափած արյան գնով ունենալ այն երկիրը, որը ուզում էին տեսնել մեր զոհված 7000 տղաները: Փառք ու պատիվ մեր ժողովրդին, որ չի կոտրվել: Պարոն Տեր-Պետրոսյան, բերեք մեր պատիվն ու ազատությունը: Մենք ձեր ետեւից գալու ենք»:

«Բազմաթիվ ընտրություններ կեղծած վարչախումբը հերթական անգամ վիրավորում է ժողովրդի արժանապատվությունը»,- փաստեց նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Արձանագրելով, որ գործող վարչախումբը փետրվարի 19-ին էլ ընտրակեղծիքների համար օգտագործել է քրեական տարրերին, «ընդ որում՝ ոստիկանության թողտվությամբ», նա հայտարարեց. «Նա, ով ապավինում է քրեական տարրերին, թող դառնա կրիմինալի նախագահ, իսկ ժողովուրդը երեկ ընտրել է Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Հանրահավաքը եզրափակեց ՀՀ առաջին նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը, ով կրկնեց գործող իշխանություններին դեռ անցյալ սեպտեմբերի 21-ին տված իր «ախտորոշումը»՝ վերից վար կոռումպացված մի համակարգ, որը գործում է ոչ թե օրենքներով, այլ գողական աշխարհի կանոններով. «Դրա լավագույն ապացույցը երեկվա ընտրություններն էին»: Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ընտրություններին մասնակցած 8 թեկնածուները հավասարապես պատասխանատու են այն խայտառակության համար, որը տեղի ունեցավ ընտրությունների օրը: Նա անդրադարձավ նաեւ գործող իշխանության հենարանը հանդիսացող մականունավորներին՝ նշելով նրանց անուն առ անուն, եւ հավելեց, որ Սերժ Սարգսյանի հաղթանակը լինելու էր քրեական աշխարհի եւ նրա շուրջը համախմբված մականունավորների հաղթանակը: «Բայց ես վստահ եմ, 100 %-ով վստահ եմ, որ Հայաստանը առաջ է տանելու այս ժողովուրդը»,- վստահեցրեց առաջին նախագահը՝ շեշտելով, որ «չնայած իշխանությունների եւ քրեական աշխարհի գործադրած բոլոր ջանքերին՝ ընտրակաշառքներին, քվեարկության ընթացքում բռնություններին, լցոնումներին, փետրվարի 19-ին ժ. 20.00-ին ժողովրդի թեկնածուն արդեն հաղթել է»:

Նա հավաքվածներին հավաստիացրեց նաեւ, որ ինքն ու իր աջակիցներն այսօր էլ ունեն հաղթելու հստակ ծրագիր՝ լիակատար հաղթանակ տանելու համար. «Եվ թող չմտածեն, որ մեզ կարող են հանել հավասարակշռությունից: Ոչ: Մենք գնալու ենք շատ զուսպ, հանդարտ, վստահ, առանց կասկածելու մեր վերջնական հաղթանակին: Այս անգամ չենք ընկրկելու եւ հասնելու ենք նրան, որ այսօր, վաղը, մյուս օրը տոնելու ենք 1998թ., 2003թ. եւ 2008թ. հաղթանակները միանգամից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել