Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ»

Փետրվար 21,2008 00:00

\"\"Գտնում են «Ժառանգության» պատգամավորները

ԵԱՀԿ դիտորդները երեկ ներկայացրին իրենց նախնական գնահատականները, ըստ որոնց՝ Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները համապատասխանում են ժողովրդավարության եվրոպական չափանիշներին. «Մենք արձանագրում ենք որոշակի առաջընթաց իրավական դաշտում եւ արձանագրում ենք նաեւ իրագործման խնդիրներ, հատկապես քվեարկության արդյունքների հաշվարկի ժամանակ, որը որոշ դեպքերում վնասում է մարդկանց վստահությունը, բայց, իհարկե, վերջնական ընտրություն կայացնողը հայ ժողովուրդն է, հետեւաբար, ժողովրդի վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ էական է իսկական ժողովրդավարություն ապահովելու համար, եւ, իմ կարծիքով, դեռ շատ-շատ անելիքներ կան»,- երեկ հայտարարեց դիտորդական առաքելության ղեկավար Ջոն Պրեսկորտը: Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են նշված խախտումներն ազդել ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների վրա, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի փոխնախագահ Անն-Մարի Լիզինն ասաց. «Մենք երբեք չենք գնահատում ընտրությունների արդյունքները, մենք գնահատում ենք գործընթացն ու եզրակացություններ ենք անում մեր դիտորդների զեկույցների հիման վրա»:

Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավար Մարիա Իս-Լերբեգենը հայտարարեց, որ իրենք շատ են հետաքրքրված, որ Հայաստանում կայանա ժողովրդավարությունը. «Նախորդ ընտրությունների համեմատ՝ կարող ենք զգալի առաջընթաց արձանագրել նախապատրաստական եւ ընթացակարգային տեսակետից, համենայնդեպս, կային որոշ բացթողումներ, որոնք պետք է շատ բարեխղճորեն գնահատվեն: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ խորացմանը, մասնավորապես՝ հարեւանության քաղաքականության շրջանակներում»: Տիկին Լերբեգենը ասաց, որ «քվեարկությունը համապատասխանում էր միջազգային չափանիշներին, բայց մենք տեսանք, որ ձայների հաշվարկի ժամանակ կային որոշ բարդություններ, բավականին լարվածություն կար նաեւ ընտրությունների մթնոլորտի տեսակետից»: Տիկինն ասաց նաեւ. «Չկա ժողովրդավարություն, եթե չկա ընդդիմություն, ակտիվ, կենդանի ընդդիմություն, եւ մեզ համար զարմանալի է, որ Հայաստանում ակտիվ ընտրարշավ տեղի ունեցավ: Կրկնեմ, որ Հայաստանը մոտ է Եվրամիությանը, եւ մենք ցանկացանք ընդգծել մեր հետաքրքրությունը ՀՀ նկատմամբ: Հայաստանը պետք է ընդունի մարտահրավերը եւ պետք է կարողանա դիմագրավել բոլոր խնդիրներին, եւ եվրոպական հարեւանության քաղաքականությունը պետք է լինի հիանալի հիմքերի վրա, բոլոր հարեւանների հետ, եւ մենք պետք է ամեն ինչ անեն, որ Հայաստանի սահմանները բացվեն իր հարեւանների հետ, կոնֆլիկտը Ադրբեջանի հետ լուծվի եւ Թուրքիայի հետ ճանապարհը բացվի»: Տիկինը զգուշացրեց, որ «ժողովրդավարությունն այնպիսի բան չէ, որ կարելի է դեղատոմսով տեղափոխել այս կամ այն երկիր, սա մի բան է, որ պետք է կառուցվի»:

«Ընտրությունը մեկօրյա միջոցառում չէ, եւ այսօրվա մեր հայտարարությունը նախնական է: Մենք, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդները կմնանք Հայաստանում, կդիտարկենք, թե ինչպես կլուծվեն ընտրական վեճերը: Հնարավոր է՝ մենք մեկ այլ միջանկյալ զեկույց եւս կհրապարակենք»,- ասաց առաքելության անդամ Գերդ Արենսը: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդներն ուշադիր հետեւելու են ընտրախախտումների կապակցությամբ հարուցված քրեական գործերի հետաքննությանը, ինչպես նաեւ՝ նախագահի թեկնածուների եւ նրանց շտաբների ներկայացրած բողոքների քննարկմանը:

Մամուլի ասուլիսին ներկա էին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները: Նրանք խիստ դժգոհ էին դիտորդների գնահատականներից: Ստեփան Սաֆարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ դիտորդներն ասելիք չունեին, եւ դրա համար ասուլիսը վերածվեց բաժակաճառերի, այն դեպքում, երբ պետք է հստակ պատասխանեին՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում փետրվարի 19-ին՝ կարելի՞ է կոչել ընտրություն. «Ցավում եմ, որ հերթական անգամ ականատես ենք լինում սուբյեկտիվ դրսեւորման եւ, ցավոք, չկարողացա հնչեցնել իմ հարցը, թե վերջերս նույն միջազգային դիտորդական առաքելության կողմից Պետդումայի ընտրություններն արժանացան խստագույն գնահատականի, համենայնդեպս՝ դրանց ժամանակ պատգամավորի չէին ծեծել, վստահված անձերի չէին առեւանգել, լրագրողների չէին ծեծել: Կարծում եմ, սա զուտ աշխարհաքաղաքական, գուցե նաեւ՝ այլ պատճառներ ունեցող սուբյեկտիվ գնահատական էր»: Զարուհի Փոստանջյանը մեր հարցին պատասխանելով՝ ասաց. «Այս մարդիկ մեր իշխանության նման են գործում, քանի որ նման զանգվածային խախտումների վերաբերյալ գրում են, որ կան թերություններ, որոնք կարելի է բարելավել, ուրեմն այս մարդիկ որոշակի շահագրգռվածություն եւ դիտավորություն ունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել