Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվար 20,2008 00:00

ԾԵԾԵԼ ԵՆ, ԼՑՈՆԵԼ ՈՒ ԲՌՆԱՑԵԼ

\"\"Մալաթիայի ընտրատեղամասերում ընդդիմադիր թեկնածուների վստահված անձինք ահուսարսափից «պոստերը լքել էին»:

Երեկվա նախագահական ընտրություններում խիստ լարված մթնոլորտ էր հատկապես Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընտրատեղամասերում: Ընտրակեղծիքներն ու ծեծուջարդն այնտեղ սկսվել էին դեռեւս վաղ առավոտից: Տասնյակ վստահված անձինք ենթարկվել են դաժան ծեծի: Համայնքի 8/21 ընտրատեղամասում ժամը 11-ն անց 10-ի դրությամբ մեծ կռիվ էր բռնկվել ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի վստահված անձ Պարգեւ Մնացականյանի եւ հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պետրոսյանի միջեւ: Պ. Մնացականյանը նկատել էր, թե ինչպես է մի տղամարդ՝ Սաշիկ Մկրտումյանը, փորձում մեկից ավելի քվեաթերթիկ լցնել տուփի մեջ: Նա, ըստ Պ. Մնացականյանի, հանձնաժողովի անդամներին չի մոտեցել եւ չի գրանցվել: Երբ Պ. Մնացականյանը հանձնաժողովի նախագահին խնդրել է այդ մասին արձանագրություն կազմել, նա փոխանակ միջոցներ ձեռնարկելու՝ սկսել է հայհոյել Պ. Մնացականյանին: Րոպեներ անց ընտրատեղամաս են ներխուժել Սերժ Սարգսյանի տասնյակ թիմակիցներ եւ Պարգեւ Մնացականյանին դաժան ծեծի ենթարկել: Մեր ներկայության պահին շտապօգնության աշխատակիցները ծեծից ուշաթափված Պարգեւին հանում էին տեղամասից՝ նրան «Մալաթիա» բուժկենտրոնում օգնություն ցույց տալու համար:

Չնայած մենք ինքներս էլ դեպքին ականատես եղանք, սակայն «Առավոտի» հետ զրույցում ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հրաչիկ Պետրոսյանը կատարվածն այսպես պարզաբանեց. «Պարզապես երկու հակառակ կողմերի միջեւ սովորական, մի քիչ թեժ խոսակցություն է եղել ու վերջ»: Այդ թեժ խոսակցության արդյունքում Պ. Մնացականյանին բժիշկները հազիվ էին քարշ տալիս: Դեպքի ահազանգից հետո ընտրատեղամաս այցելեցին ոստիկանության աշխատակիցները: Նրանց Հրաչիկ Պետրոսյանը դեպքը յուրովի ներկայացրեց՝ պատմելով, թե իբր անհայտ անձինք մտել են տեղամաս ու Պարգեւին, իրեն եւ եւս մի քանի հոգու ծեծել, այսինքն՝ ինքը եւս տուժող է:

Ավելի ուշ լցոնումներ կատարած Սաշիկ Մկրտումյանի հետ զրույցում պարզեցինք, որ նա հաշվառված է Լոռու մարզի Թումանյան քաղաքում եւ այդ ընտրատեղամասում ընդհանրապես գտնվելու իրավունք չուներ: Նրա պատմելով՝ «Ինձ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկված թերթիկները անծանոթ մեկը տվել է ու խնդրել լցնել տուփի մեջ, ես էլ արել եմ»:

Նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի վստահված անձ Արայիկ Գեւորգյանի խոսքերով՝ «Այս ընտրատեղամասում բոլորը սերժական են, նույնիսկ դաշնակցականները Սերժին են սատարում, դրա համար էլ այսպիսի իրավիճակ է: Իրենք վեճ են սարքում, որ ամեն ինչ Լեւոնի վրա բարդեն»:

Նույն՝ 8/21 տեղամասում մեր ներկայության պահին ընտրողներից մեկը՝ Դավիթ Ավետիսյանը, քվեարկելուց հետո քվեաթերթիկը բաց վիճակում ցույց տվեց հանձնաժողովի նախագահին: Վերջինս էլ բարձրաձայնելով, թե իբր «տղան կույր է, չի տեսել, սխալ է քվեարկել, ուզեցել է Սերժի օգտին քվեարկել, սխալ տեղ է նշում արել», քարտուղարին խնդրեց թերթիկը փոխել: Ավելի ուշ Դ. Ավետիսյանի հետ զրույցում պարզեցինք, որ նա կույր չէր:

Բազմաթիվ խախտումներ արձանագրվեցին նաեւ Մալաթիա-Սեբաստիայի 7/17, 7/20, 8/27, 7/22, 7/12 ընտրատեղամասերում: 7/20 տեղամասում, Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Գոռ Սամվելյանի տեղեկացմամբ, ժամը 17-ի սահմաններում մոտ 20 երիտասարդներ «ջիփերով» կայանել են տեղամասի մոտ, մտել տեղամաս ու բազմաթիվ քվեաթերթիկներ լցոնել: Երբ Արման Մելիքյանի վստահված անձ Թորգոմ Ստեփանյանը փորձել է միջամտել՝ նրան այնպես են ծեծել, որ կիսամեռ վիճակում տեղամասից հանել են: Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մարգարյանը «Առավոտին» վստահեցրեց, որ «նման բան չի եղել»:

7/12 ընտրատեղամասում նույնպես լցոնման դեպքեր են եղել: Այս անգամ փորձել են կանխել թեկնածուներ Վազգեն Մանուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի վստահված անձինք: Լցոնողը Ա. Բաղդասարյանի վստահված անձ Հերմինե Հակոբյանին քաշքշել է, պատռել է վերարկուն ու փախել: «Առավոտի» հետ զրույցում հանձնաժողովի նախագահը, նրա տեղակալը, քարտուղարը վստահեցրին, որ իրենք այդ պահին «մի 10 րոպեով տեղամասից դուրս եկած են եղել»:

ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել