Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական իրավունքից օգտվեցին

Փետրվար 20,2008 00:00

Կալանավորները կողմնորոշված էին

ՀՀ 2008թ. նախագահական ընտրություններին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում գտնվող, ընտրության իրավունք ունեցողների թիվը երեկ կազմում էր 530 մարդ, որից.

«Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 25 մարդ, «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 17 մարդ, «Վարդաշեն» ՔԿՀ-ում՝ 21 մարդ, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ 13 մարդ, «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ 42 մարդ, «Գորիս» ՔԿՀ-ում՝ 23 մարդ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 389 մարդ:

Երեկ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ժ. 8-ից հետո եկել էին մասնակցելու ընտրության: Այդ մասին «Առավոտին» հայտնեց «Նուբարաշենում» տեղակայված 13/42 տեղամասի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Սամվել Կարապետյանը: Նա նաեւ հայտնեց, որ ժ.10.30-ի դրությամբ ընտրել էր 130 կալանավոր: Որեւէ միջադեպ չէր գրանցվել մեր այցելության պահին: Դատապարտյալները անսովոր աշխուժությամբ ներկայանում էին ընտրական հանձնաժողովին: Նշենք, որ հանձնաժողովի մեջ էին «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամները: Հանձնաժողովականներից մեկը նշանակվել էր ՀՀ նախագահի հրամանագրով: Մեկ անդամ հիվանդանոց էր տեղափոխվել եւ, փաստորեն, հանձնաժողովը գործում էր 6 անձով: Ի դեպ, մեկուսարանի պատին փակցված էին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվածների լուսանկարներն ու ծրագրերը: Նկատենք, որ նրանցից որեւէ մեկն այդպես էլ նախընտրական փուլում ցանկություն չէր հայտնել հանդիպել կալանավորների հետ: Չնայած դրան, կալանավորներն ակտիվ էին: Մեր տեղեկություններով, միայն մի կալանավայրում անվավեր էր ճանաչվել 2 քվեաթերթիկ, կալանավորը օձ էր նկարել քվեաթերթիկի վրա:

Ուշագրավ է, որ մեր մեկուսարանի ընտրական տարածքում գտնվելու ժամանակ միայն մի դեպքում կալանավորը դիմեց հանձնաժողովին, քանի որ վստահված անձինք չկային, նաեւ դիտորդներ, ռուսերենի հետ կապված օգնել իրեն հայերեն քվեաթերթիկը վերծանել: Նրան օգնեց հանձնաժողովի նախագահ Սամվել Կարապետյանը, որը, ի դեպ, ԱԺ ընրությունների ժամանակ նույնպես մասնակցել էր ընտրությանը:

Հ. Գ. Երեկ, ժ.14.30-ի դրությամբ ավարտվեցին արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ընտրությունները: Ավելի վաղ էին ավարտվել քիչ կալանավորներ ունեցող ՔԿՀ-ներում ընտրությունները: Մասնակցությունը 100 տոկոսանոց էր: Կալանավորները իսկական անձնագրին փոխարինող կալանավայրում գործող անձնագրում կարեւորում էին սահմանված դրոշմակնիքը: Դա նրանց համար վաղաժամկետ ազատվելու հիմք կարող է դառնալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել