Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆԳ ՀԱԶԱՐ ԴՐԱՄ՝ ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՔԹԻ ՏԱ՞Կ

Փետրվար 20,2008 00:00

\"\"Երեկ վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո Գյումրիի գրեթե բոլոր ընտրատեղամասերի դիմաց, իրավապահ մարմինների «դիտորդությամբ» 5000 դրամ էին բաժանում:

Կաշառատվությունը կատարվում էր միկրոավտոբուսների կամ ավտոբուսների մեջ, որոնցով ցուցակագրված բնակիչներին զանգվածաբար տեղափոխում էին ընտրատեղամասեր՝ ներսում մեծ հերթեր առաջացնելով: Երեկ մենք առիթ ունեցանք լինելու Գյումրիի ամենախայտառակ թաղամասերից մեկի՝ Անիի խուլ անկյուններում, օրինակ՝ թիվ 11 դպրոցի դիմաց, ուր այդ գործը ստանձնել էին Գյումրի-Երեւան գիծը սպասարկող «Տրանս-ակնթարթ» ընկերության 0817, 0777, 0834, 0816, 0832, 0814, 0849 պետհամարանիշի միկրոավտոբուսները, որոնց լուսանկարել ենք: Մեր այն հարցին, թե ինչո՞ւ են ընտրատեղամասի հարեւանությամբ ապրող բնակիչներին միկրոավտոբուսներով բերում, զավեշտալի պատասխան էինք լսում. «Փողոցները սղլիկ են, բա մարդկանց մասին մենք չմտածենք, ո՞վ մտածի»: Տեղեկացնենք, որ «Տրանս ակնթարթը» պատկանում է Ազգային ժողովի նորաթուխ, իբրեւ թե «անկախ» պատգամավոր Մարտուն Գրիգորյանին, ով, ըստ Գյումրիում տարածված խոսակցությունների, Սերժ Սարգսյանին նման ծառայություն է մատուցում առաջիկայում քաղաքապետի պաշտոնը ստանձնելու նպատակով: Ըստ որոշ աղբյուրների՝ նա Վարդան Ղուկասյանին «գահընկեց» անելու համար պարտավորվում է 20 հազար ձայն ապահովել: Ի դեպ, պատգամավորի «մանկլավիկները» փորձում էին խոչընդոտել ինչպես մեր օրաթերթի, այնպես էլ «Ազատություն» ռ/կ-ի աշխատանքները վերոհիշյալ տարածքում, գողական բառապաշարով՝ հաշիվ պահանջելով լուսանկարահանումների համար: Բանն այն է, որ այս տարածքում իրավապահների դերը ստանձնել էին լրագրողները, որոնք խանգարում էին ոչ միայն կաշառատուներին, այլեւ կաշառված բնակիչներին, նրանք դժգոհում էին, թե «չեք թողնում հայ ժողովրդի վրա արեւ ընկնի»: Սցենարը նույնն էր գրեթե ամբողջ քաղաքում, տարբերությունը մեքենաների ֆիրմաների ու պետհամարանիշների մեջ էր: Ընտրազանգված ապահովելու գործին բացահայտորեն ընդգրկված էին նաեւ «ՀայՌուսգազարդի» պաշտոնյաները, որոնք պարբերաբար հայտնվում էին՝ հանձնարարականը հսկելու համար: «Օրինաց երկիր» կուսակցության Անի թաղամասի շտաբի պետ Լյուսի Մելիքյանը բողոքեց. «Անի թաղամասում համատարած գումարներ են բաժանում, նույնիսկ ոստիկանությանը տեղեկացրինք, բայց նրանք միայն մեքենային հրահանգեցին հեռանալ այստեղից, ոչ թե բռնեցին: Ես ամեն վայրկյան ահազանգեր եմ ստանում ընտրակաշառքների բաժանման մասին, դրանք բաժանվում են 26, 27 մանկապարտեզների, 11, 41 դպրոցների, արվեստի քոլեջի մոտ: Ստացվում է՝ ժողովուրդը՝ հեչ: Ես շատ ջղայնացած եմ»:

34/37 ընտրատեղամասում գործ անող «մալադյոժի» մասին բողոք ներկայացրեց նաեւ Վահան Հովհաննիսյանի վստահված անձ Կոստանյան Ռիտան, ըստ որի՝ նույն մարդիկ խմբով հաճախակի են ընտրատեղամաս մտնում՝ նորանոր «կլիենտների» ուղեկցելով: 35/30 ընտրատեղամասում՝ Գյումրիի ֆրանսիական թիվ 10 դպրոցում, ՕԵԿ վստահված անձ Տոնոյան Գյուլնարան կռվի էր մտել հանձնաժողովի նախագահ Անահիտ Բաղդասարյանի հետ, քանի որ նույն անձին թույլատրել էին երկու անգամ քվեարկել: «Բոլորս էլ գիտենք, թե ինչ կկատարվի, բայց դրսի կատարվածը ինձ բնավ չի հետաքրքրե, նույն մարդը մի անգամ քվեարկեց դուրս եկավ, երկրորդ անգամ ակնոցներով ներս մտավ, վերցրի անձնագիրը՝ տեսա, որ առաջին անգամ այն չեն կնքել: Եթե արդար էր՝ էդ մարդը թող էդ արագությամբ չփախներ»,- զայրացել էր ՕԵԿ-ի վստահված անձը:

Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում ընտրախախտումների մասին պարբերաբար ասուլիս էին տալիս ընդդիմադիր թեկնածուների շտաբների պատասխանատուները: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի խոսքերով՝ այսպիսի վայրենի ընտրակաշառքների բաժանում հայրենի ոստիկանների աչքի առջեւ Գյումրին երբեք չէր տեսել: «Ես այս պահին մտածում եմ, որ Գյումրիում ոստիկաններ չկան, չկա մի տեղամաս, որտեղ մի քանի մեքենա՝ տարբեր համարանիշներով, մարդ չսպասարկեն, փաստերը նկարահանված են, բայց էն վիճակին են հասել, որ իրավապահների ֆունկցիան կատարում են լրագրողները, իսկ իրենք դիտորդներ են դարձել: Հարգարժան երկրի նախագահ՝ սա՞ է ձեր ասած փայլուն ընտրությունները»,- հարցնում էր Հովհաննես Մարգարյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչ Աշոտ Զարգարյանն էլ հավաստիացրեց, որ վերջին տասը տարում Հայաստանում այսպիսի խայտառակ ընտրություններ չեն եղել, ահազանգերը ՀՀՇ-ի գրասենյակ այնքան շատ են, որ խմբերը չեն հասցնում մի տեղից գնալ մյուս տեղ՝ ընտրակաշառքների փաստն արձանագրելու համար: «Բանը հասել է նրան, որ ոստիկանությունը հրաժարվում է կատարված հանցագործության մասին հայտարարություն ընդունել, էսօր մեր վստահված անձը փորձել է ներքին գործերի բաժնում հայտարարություն տալ կոնկրետ փաստի մասին, որ այսինչ տեղը այսինչ գույնի այսինչ մակնիշի առանց պետհամարանիշի մեքենայից ընտրակաշառք է բաժանվում, եւ ՆԳ բաժինը հրաժարվում է հայտարարությունն ընդունելուց՝ ասելով՝ մեր գործը չի, դիմեք ճանապարհային ոստիկանությանը: Կան տեղեր, որտեղ առավոտյան տեղամասերը բացելուց կնիքները եղել են թաց վիճակում, կան տեղամասեր, որտեղ մեր ներկայությամբ իրականացվում էր բաց քվեարկություն»,-ասաց Աշոտ Զարգարյանը: Վազգեն Մանուկյանի շտաբի պատասխանատու Վահան Թումասյանն էլ հավելեց. «Գյումրիում կարծես մրցավազքի են ելել կեղծարարները: Շիրակի մյուս մասերից էլ ենք ահազանգեր լսում, բայց Գյումրիում կատարված «լկտիությունը» եզակի է: Աչքովս եմ տեսել, թե ինչպես ընտրակաշառք վերցնողները զինվորականների պես երկու շարքով գնում էին, մի ոչ մարդանման տարր նրանց տանում էր, մնում էր հրահանգեր՝ աջ-ձախ»: «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ Հայաստանի պատմության մեջ ընտրակաշառքների բաժանման նման մասշտաբներ չեն եղել: Լսեցինք Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հնչող որոշ ահազանգեր. մարդիկ տեղեկացնում էին, որ բացահայտ ընտրակաշառք էին բաժանում Գյումրիի թիվ 32 դպրոցի տարածքում, փողը վերջանալուց հետո մարդկանց սպասեցնել են տվել, ապա բեռնավորված վերադարձել: Մեկ այլ ահազանգով տեղեկացնում էին, որ Գյումրիի 28 դպրոցի բակում չորս միկրոավտոբուս՝ 45 OS 622, 05 SO 667, 0 4Rl 288, 45 SO 970, ամբողջ օրը բնակիչներ են սպասարկել:

Երեկ ականատես եղանք մի զավեշտալի պատմության. 11 դպրոցի հարեւանությամբ, բնակիչներին միկրոավտոբուսները լցնելով, «նիսյայով» քվեարկել էին տվել Սերժ Սարգսյանի օգտին, սակայն փողը հրաժարվել էին տալուց: Բնակիչները համառորեն նստել էին միկրոավտոբուսների մեջ՝ կռիվ տալով ու փողը պահանջելով: Սակայն շատերը խաբված մնացին:

Գյումրիի Անի թաղամասում քվեարկության էին բերել նաեւ կողքի գյուղերից, օրինակ՝ 07 SO 716 պետհամարանիշի Գյումրի-Աշոցք –Սեպասար միկրոավտոբուսը «սխալմամբ» իր երթուղուց շեղվել ու մտել էր Անի թաղամաս: ՀՀՇ-ականների վստահեցնելով՝ նմանատիպ միջադեպ է արձանագրվել նաեւ Մարալիկում, ուր Գյումրիից մարզի գլխավոր դատական բժիշկը՝ Վազիկը, մի մեծ ընտրազանգված է տեղափոխել Մարալիկ, որն էլ առիթ է դարձել մեծ ծեծկռտուքի: Արդյունքում Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Մարալիկի շտաբի պատասխանատու Հարություն Ուռությանին Ախուրյանի բանտախուց են նետել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել