Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ ԵՆ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇՏԱԲԻՑ

Փետրվար 20,2008 00:00

ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբում երեկ ամբողջ օրվա ընթացքում խախտումների ահազանգեր էին ստացվում: Ներկայացնում ենք դրանցից առավել ուշագրավները: Արտաշատի թիվ 17/10 տեղամասում, ժամը 15-ի սահմաններում, հանձնաժողովի անդամներն անձամբ են լցոնումներ արել: Ընտրող Կարինե Իվանյանը, ով այդ պահին փորձել էր իր քաղաքացիական պարտքը կատարել, միջամտել է, ինչի արդյունքում ծեծի է ենթարկվել: Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող 7/20 տեղամասում մտել են մոտ 20 երիտասարդներ, ներկայացել որպես ազգային անվտանգության աշխատակիցներ, շրջապատել են քվեատուփը եւ սկսել են քվեաթերթիկներ լցոնել: Վ. Մանուկյանի վստահված անձ Յուրա Զադոյանը փորձել է միջամտել՝ նրան հարվածել են եւ դուրս գցել տեղամասից: 26/03 տեղամասում, ըստ վստահված անձ Գոհար Միքայելյանի, 67 ՏՍ 567 պետհամարանիշի «ՌԱՖ» մակնիշի մեքենայով տեղամաս են բերել 20-30 տարեց մարդկանց, բայց չեն թողել քվեախցիկին մոտենալ: Նրանց փոխարեն քվեարկել են: Տեղամասի բակում, թիվ 1 դպրոցի երկրորդ մասնաշենքի տարածքում, անծանոթ մարդիկ բացահայտ փող են բաժանել: Այս մասին տեղեկացված են նաեւ ԵԱՀԿ դիտորդները: Թեկնածուի վստահված անձեր Յուրա Սերգոյանը եւ Վաղարշակ Բալիշյանը երեկ օրվա երկրորդ կեսին ահազանգել են, որ Աբովյան քաղաքի բոլոր տարածքներում բացահայտ լցոնումներ եւ բռնություններ են կատարվում, եւ վստահված անձինք անկարող գտնվելով դիմակայելու՝ պարզապես լքում են տեղամասերը: Սիսիանի թիվ 37/12 տեղամասում ընտրողներից մի մասը քվեարկել է սեփական գրիչներով, իսկ հանձնաժողովի նախագահն արհամարհել է փաստը: Ըստ Վ. Մանուկյանի` Էրեբունի համայնքի շտաբի պետ եւ վստահված անձ Սերժ Այվազյանի՝ ողջ համայնքի տարածքում 67 ՏՏ 375 պետհամարանիշի կապույտ գույնի «2106» մեքենայով բերվել են մարդկանց խմբեր, որոնք տեղամասից տեղամաս գնալով՝ քվեարկություն են կատարել: Այդ անձինք հրաժարվել են վստահված անձանց ցույց տալ իրենց անձնագրերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել