Երեւանի 9/18 ընտրատեղամասում երեկ իր քաղաքացիական պարտքը կատարեց «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը: Այն պահին, երբ պարոն Գեղամյանը քվեաթերթիկը գցեց քվեատուփի մեջ, ինչ-որ մեկը ծափահարեց: Լրագրողները հետաքրքրվեցին՝ քանի՞ անգամ է «Արտաշես Գեղամյան» անունը հայտնվել քվեաթերթիկների վրա. «Դժվարը առաջին հինգ անգամն է, դա ասում է պատմությունը, եթե հիշեք, ժամանակին լորդ Բիկոնս Ֆիլդը, նույն ինքը՝ Դիզրաելին, 5-րդ անգամից դարձավ ներկայացուցիչների պալատի անդամ, իմը 3-րդ անգամն է, երկու փորձ դեռ ունեմ, որ Դիզրաելին հասնեմ»:
Իսկ ի՞նչ զգացողություն ունեցավ նախագահի թեկնածուն, երբ ինքն իր անվան դիմաց «թռչնիկ» նկարեց, մեր այս հարցին ի պատասխան՝ պարոն Գեղամյանն ասաց. «Ճիշտ այն զգացողությունը, որ այսօր դեմքիս է դրոշմված»: Մեր տպավորությամբ, ԱՄ նախագահի դեմքին «ինքնագոհություն» էր դրոշմված:
Արտաշես Գեղամյանը կարծում է, որ ընտրությունները կավարտվեն մեկ փուլով. «Որովհետեւ ընտրության վերջին օրերին ակնհայտ դարձավ, որ նախագահի 8 թեկնածուները, բացառությամբ առաջին նախագահի՝ համախմբվել են, գիտակցել են այն մեծ վտանգը, որը ծառացել էր հայոց պետականության գլխին»:
Մենք հիշեցրինք, որ այսօր, ժամը 15-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանը իր համակիրներին հրավիրել է Մատենադարանի տարածք, եւ ուզեցինք ճշտել պարոն Գեղամյանի կարծիքը՝ որքանով լարված կլինեն հետընտրական զարգացումները: ԱՄ նախագահն ասաց. «Իմ կարծիքով, այդ հանրահավաքին պարոն Սերժ Սարգսյանը շամպայն կուղարկի, քանի որ ինքը խոստացել էր, որ բոլորի նախագահն է դառնալու, այդ թվում նաեւ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի երկրպագուների»: Մեր ճշտող հարցին՝ ուզում է ասել, որ Սերժ Սարգսյա՞նն է հաղթելու, պարոն Գեղամյանը հակադարձեց. «Ես ասացի այն, ինչ ասացի, դուք արեք այն եզրակացությունները, որը կանեք»:
Ինչպես եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախընտրական շտաբը որեւէ արտառոց դեպք կամ իրավախախտում այդպես էլ չարձանագրեց: