Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼՈՎ

Փետրվար 20,2008 00:00

Երեկ ուշ գիշերին այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ թեկնածուի նախընտրական շտաբը

\"\"«Ընտրակաշառքի դեպքերն արձանագրելն արդեն անիմաստ է դառնում, որովհետեւ դրանք համատարած բնույթ են կրում: Մենք ուսումնասիրում եւ արձագանքում ենք առավել բռնության դեպքերին»,- երեկ ժամը 16:00-ին անդրադառնալով Հայաստանի ողջ տարածքից ստացվող ընտրախախտումների փաստերին՝ արձանագրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը: Ըստ նրա, այս ընտրությունների ընթացքը վկայում է տոտալ եւ զանգվածային ընտրախախտումների մասին, որոնք ուղեկցվում են մասնավորապես ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձանց, հանձնաժողովի ընդդիմադիր անդամների ահաբեկումներով, վստահված անձանց առեւանգմամբ, լցոնումներով եւ այլն. «Կարծում եմ, տվյալ պարագայում հասարակության ընդվզումը սպասելի է, որովհետեւ նման դեպքերը չեն կարող չազդել հասարակական տրամադրությունների վրա, իսկ կարծել, թե ընտրությունները Սերժ Սարգսյանի համար ավարտված են մեկ փուլով՝ առնվազն միամտություն Է»:

Երեկ «Առավոտը» ողջ օրվա ընթացքում ահազանգեր էր ստանում Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբներից: Նման առաջին ահազանգը ստացվեց Ավան համայնքից:

\"\"Թիվ 87 դպրոցի բակից, այդ դպրոցում տեղակայված է թիվ 1/4 ընտրատեղամասը, ժամը 13:00-ին 08 001 պետհամարանիշի «Վոլքսվագեն» մակնիշի մեքենայով մի քանի հոգի հարձակվել են Տեր-Պետրոսյանի վստահված անձ Անսեն Խանամիրյանի վրա, նրան դրել են ավտոմեքենան ու տարել Ավանի ճանապարհի վրա գտնվող «Հարսնաքար» օբյեկտ: Առեւանգվել էր նաեւ Տեր-Պետրոսյանի համակիր Գարիկ Ղազարյանը: Ա. Խանամիրյանին դաժան ծեծի էին ենթարկել, նրա ձեռքերին ակնհայտ երեւում էին ձեռնաշղթաների տեղեր: Ծեծի էին ենթարկել նաեւ Գ. Ղազարյանին: «Հարսնաքարում», տուժողների ասելով, իրենց դիմավորել է անձամբ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը՝ իր 25-30 թիկնապահներով, եւ ապա 20-30 հոգով ծեծի են ենթարկել օբյեկտի նկուղային հարկում:

Լ. Տեր-Պետրոսյանի շտաբը երեկ ֆիքսել էր, որ «գազելներով» մարդիկ են բերում 1/11 ընտրատեղամաս՝ քվեարկության: Շտաբին հաջողվել էր «օպերացիայի» կազմակերպիչներից մեկից, որը վարել էր 77 US 777 պետհամարանիշի «Պորշ կայեն» մակնիշի ավտոմեքենայն (տես լուսանկարում), խլել մի քանի էջերից բաղկացած մի ցուցակ, որտեղ նշված էր «հումանիտար» օգնություն, «գազի հաշվիչ», դեղորայք եւ այլ տիպի ծառայություններ ստացած անձանց տվյալներ: Փաստաթղթի հաջորդ էջերում նշված էին 1/11 ընտրատեղամասի ընտրողների անուն-ազգանունները, գումար ստանալու, անձնագրային տվյալների մասին վկայող ստորագրություններ (տես լուսանկարում):

Ավան համայնքում, Թումանյան թաղամասի մանկապարտեզում տեղակայված տեղամաս քվեարկելու համար այցելած Աննա եւ Արթուր Շարբաթյանները հայտնաբերել էին, որ իրենց փոխարեն արդեն քվեարկված է: Ընդ որում՝ Աննա Շարբաթյանի անձնագրային տվյալները ճիշտ չեն եղել: Փաստի վերաբերյալ արձանագրություն կազմելուց հետո հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկներ էր տրամադրել Շարբաթյաններին՝ քվեարկելու համար:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/25 ընտրատեղամասում ընտրակեղծիքները կատարվել են երեք փուլով: Լ. Տեր-Պետրոսյանի վստահված անձ Վահագն Պողոսյանի պատմելով, նախ՝ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ «Լֆիկ Սամո», տղաները, ըստ որոշ ականատեսների՝ նաեւ անձամբ ինքը, 80-100 հոգով մտել են տեղամաս, փակել են տեղամասի դռներն ու քվեաթերթիկները, առանց անձնագրերի ներկայացման, կնքել են տվել եւ լցրել քվեատուփ: Վ. Պողոսյանին հաջողվել էր նրանց ձեռքից խլել այդպիսի մի քվեաթերթիկ: Վստահված անձի հաշվարկներով՝ այդ պահին մոտ 200-300 քվեաթերթիկ է լցոնվել: Ընտրական հանձնաժողովի անդամներից որեւէ մեկը, նաեւ ոստիկանությունը, չի միջամտել: Ի դեպ, այդ փաստը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց նաեւ ՕԵԿ-ի թեկնածուի վստահված անձ Վիկտոր Խոսունցը. «Ի՞նչ արձանագրություն, արձանագրություն կազմելու պրոբլեմ չկա, ստեղ ընտրությունը պրծավ»,- ասաց պարոն Խոսունցը:

Երկրորդ անգամ այս տեղամասում լցոնումներ է արել նախարար Աղվան Վարդանյանի վարորդը՝ ոմն «Կոլոտի» օժանդակությամբ: Այս տեղամասում երրորդ անգամ, նաեւ թիվ 7/18-ում, բացի վստահված անձանց ահաբեկելուց՝ նաեւ քվեարկղն են բացել եւ լցոնել:

Թիվ 7/21-ում սպիտակ գույնի «07» մակնիշի 77 977 SL պետհամարանիշով ավտոմեքենայում մի քանի երիտասարդներ Սերժ Սարգսյանի օգտին արդեն քվեարկած քվեաթերթիկները մեքենայում դրած, գումարները ձեռքներին տալիս էին ընտրողներին եւ ուղարկում քվեարկելու: Այդպիսի մի քանի քվեաթերթիկ հաջողացրել էր խլել Տեր-Պետրոսյանի վստահված անձ Հայրապետյանը (տես լուսանկարում):

Թիվ 7/5 տեղամասում անհայտ անձինք առեւանգել են ՀՅԴ-ի թեկնածուի վստահված անձին: Ըստ դրան ականատես «Ազատականություն եւ ժողովրդավարություն» հ/կ-ի դիտորդ Աշոտ Մկրտչյանի, դաշնակցականին ուղղակի ծեծելով գցել էին բեռնախցիկ։ «Ինչ ասես, որ քվեատուփ չեն գցել, իմ ձեռքից էլ բջջային հեռախոսը խլեցին»,- պատմեց դիտորդը:

Թիվ 7/1, 7/2, 7/3, 7/4-ում արձանագրվել են համատարած լցոնումների եւ կարուսելի դեպքեր:

Տեր-Պետրոսյանի՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 8/21 տեղամասում Սերժ Սարգսյանի օգտին արդեն նշում արած քվեաթերթիկով քվեարկություն արած մեկը գրավոր խոստովանել է, որ իրեն ու իր կնոջը այդ քվեաթերթիկը տվել է ոմն Յուրա:

Այս համայնքում Սերժ Սարգսյանի շտաբի դիմաց երեկ, ժամը 18-ի կողմերը, կայանել էին 82 երթուղային մի քանի «գազելներ»՝ «Լուսաստղ» մակագրությամբ եւ 0494S, 1258S, 1247S պետհամարանիշներով: Վարորդները ի պատասխան «Առավոտի» հարցի, միամտաբար խոստովանեցին, որ մարդ են տանում քվեարկելու Սերժ Սարգսյանի օգտին. «Շոֆեր մարդ ենք, ով փողը տալիս ա՝ նրա համար էլ քշում ենք»: Կա ձայնագրություն:

Թիվ 8/05, 8/06, 8/07 տեղամասերում, որոնք գտնվում էին մեկ դպրոցի տարածքում, արձանագրեցինք մի քանի տասնյակ երիտասարդների կուտակումներ հենց տեղամասի ներսում: Մեզ ասացին, որ դրանք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «տղաներն» են: Մեր հարցին ի պատասխան՝ հանձնաժողովներից մեկի նախագահ Գեւորգ Հարոյանն ասաց, թե ինքը միջամտելու իրավունք չունի, եւ դա իրավապահների գործն է: Հայտարարեց նաեւ, թե ոստիկաններն են պարտավոր այդ հարցը լուծել. «Դիմել եմ, առավոտվանից էլ զգուշացրել եմ: Իրենք ճշտեն՝ ովքեր են»: Ոստիկաններից մեկը մեր հարցին ի պատասխան՝ շատ հասկանալի լեզվով եւ նկատի չունենալով վստահված անձանց՝ ընդամենը ասաց. «Իրենք վստահելի անձինք են», ու հետո միայն ձեւականորեն հրահանգեց թողնել տեղամասը, ինչը, սակայն, չարվեց:

Թիվ 51/22 ընտրատեղամասում Տեր-Պետրոսյանի վստահված անձը՝ Գառնիկ անունով, կնիքը թաց վիճակում բռնել է: Կազմվել է արձանագրություն, որն ուղարկվել է դատախազություն:

7/20 տեղամասում Տեր-Պետրոսյանի վստահված անձ Աղավնի Մելիքբեկյանը իրեն ուղղված սպառնալիք-ահաբեկումներից հետո 17:30-ին ստիպված էր եղել լքել տեղամասը: «Ժամը 15-ի սահմաններում մի 20 հոգով տեղամասից դուրս բերեցին ու ծեծեցին Վազգեն Մանուկյանի վստահված անձին: Ինձ նույնպես ստիպում էին հեռանալ տեղամասից: Ես աթոռից կառչելով՝ հայտարարեցի, որ դուրս չեմ գա ընտրատարածքից: Նրանք ինձ սպառնում էին, թե կտեսնես՝ ինչ է լինելու, հետո կխոսենք, 20-ից հետո: Ժամը 17:00-ի սահմաններում կրկին խլրտում առաջացավ, լիքը լցվեցին տեղամաս: 10 հոգով փակեցին տեսադաշտս, որից հետո մոտ 8 տղաներ եկան, ծոցից տուփերով թղթեր հանեցին ու լցնում էին քվեատուփի մեջ: Ես հայտարարեցի, որ սա ընտրություն չի, այլ խուժանություն, եւ դուրս եկա տեղամասից»:

Արաբկիր համայնքի թիվ 4/26 տեղամասում ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ», ծեծի է ենթարկել Տեր-Պետրոսյանի ներկայացուցիչներ Ռուբիկ Աղինյանին, Աշոտ Կիրակոսյանին, Նիկոլ Աբգարյանին: Շտաբը դիմել է ոստիկանություն:

Ք. Վանաձոր, 8:00։ Վանաձորի Տարոն թաղամասի բոլոր ընտրատեղամասերում բաց, վերահսկելի քվեարկություն անցկացնելու նպատակով քվեախցիկները տեղադրված են եղել օրենքով սահմանված կարգի խախտումով: «Ժառանգություն» կուսակցության տարածքային ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանի ահազանգով Վանաձորի Հելսինկյան ընկերակցության ղեկավար Արթուր Սաքունցը եւ այլոք պարտադրել են հանձնաժողովի անդամներին կատարել օրենքի պահանջը եւ ապահովել գաղտնի քվեարկություն:

Թիվ 2/21, 2/21 տեղամասերում, ժամը 9:30-10:00-ը, Ռազմական ակադեմիայի շտաբի պետը գտնվել է ընտրական տեղամասում վստահված անձի կարգավիճակով: Տեր-Պետրոսյանի վստահված անձի բողոքի ժամանակ նա աննկատ ծլկել է ընտրատեղամասից:

Սրանք երեկ արձանագրված ընտրակեղծիքների եւ օրինախախտումների միայն շատ չնչին հատվածն են:

ՀՀ ԿԸՀ պաշտոնական տվյալների համաձայն, երեկ տեղի ունեցած նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 69,25 տոկոսը:

Թե թեկնածուներից ով որքան քվե է ստացել, երեկ կեսգիշերից անց դեռ դժվար էր միանշանակ ասել: Ընտրությունների նախնական արդյունքները կհրապարակվեն միայն այսօր: Իսկ մինչ այդ երեկ Տեր-Պետրոսյանի թիմը՝ ի դեմս նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի, հայտարարեց, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հաղթել է հենց առաջին փուլով: Ալ. Արզումանյանը այդ առիթով երեկ ուշ գիշերին շնորհավորեց ՀՀ բոլոր քաղաքացիներին. «Ի հեճուկս իշխանության, ավազակապետության՝ մենք հաղթել ենք հանրապետության ողջ տարածքում: Մեր ստացած տվյալները ապացուցում են, որ եղել է շատ բարձր մասնակցություն, եւ ընտրությանը մասնակցածների ճնշող մեծամասնությունը իր ձայնը տվել է մեր թեկնածուին՝ հանրապետության հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել