Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի մամուլի ծառայությունը, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, պարզաբանում է. «Նիկոլ Փաշինյանի հոգեկան անհավասարակշիռ վիճակի արդյունք ենք գնահատում նրա վերջին հայտարարությունները ընտրությունների ընթացքի վերաբերյալ: Սեփական հուսահատությունը քողարկելու նպատակով Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը շարունակում է ապատեղեկատվության, հերյուրանքների եւ սպառնալիքների վրա հիմնված իրենց հետեւողական գործելաոճը: Պետության եւ պետականության հիմքերը չեն կարող սասանել ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Արամ Մուսինյանը եւ ո՛չ էլ 1+1 բանաձեւի տակ ընկնող Լեւոն Տեր-Պետրոսյանի չափից ավելի մոլեռանդ հետեւորդները: Վստահ ենք, որ անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրազանգվածում գերակշռում են սթափ գիտակցությամբ, պետության նկատմամբ հարգանք ունեցող օրինապաշտ մարդիկ, որոնք իրենց քաղաքական նախընտրությունը տարբերում են որոշ մարդկանց չբավարարված քաղաքական ակնկալիքներից: Կոչ ենք անում ՀՀ համապատասխան լիազոր մարմիններին ուշադրություն դարձնել Տեր-Պետրոսյանի շտաբի տարածած վերջին հայտարարությունում տեղ գտած ակնարկներին, որոնք վերաբերում են քաղաքացիական անհնազանդություն հրահրելուն: Ինչ վերաբերում է էքզիթ-փոլերի տվյալներին, մենք ինքներս ունենք ընթացիկ համապատասխան տեղեկատվություն, որի մանրամասները, ելնելով օրենքի պահանջներից, դեռ հրապարակել չենք կարող: Այդ տվյալները, սակայն, վկայում են Լեւոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ պարտության մասին: Անդրադառնալով «Ժառանգության» կողմից ստեղծված նախագահական ընտրությունների հասարակական վերահսկողության կենտրոնի ահազանգերին, արձանագրենք, որ տվյալ կենտրոնի տեղեկությունները չեն կարող համարվել անկողմնակալ լրահոս, հաշվի առնելով, թե որ թեկնածուին է սատարում «Ժառանգությունը»: