Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյանը դեբո՞շ է սարքել

Փետրվար 20,2008 00:00

Երեկ, օրվա երկրորդ կեսին, տեղեկություն տարածվեց, որ Երեւանի թիվ 16 դպրոցում տեղակայված 13/02 ընտրատեղամաս է ներխուժել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, որը սկսել է ընտրատեղամասում սպառնալ, գոռալ եւ հայհոյել: Վերջինս Սերժ Սարգսյանի վստահված անձին սպառնացել է, որ ինքը անձամբ է նրա հետ հաշվեհարդար տեսնելու: Ինչպես փոխանցում է 13/02 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը, մինչ ընտրատեղամասից դուրս գալը Արամ Կարապետյանը հայտարարել է, թե ինքը այնպես է անելու, որ Սերժ Սարգսյանին բոլոր սատարողները երկրից փախչեն։

Նույնի կապակցությամբ «Նոր ժամանակներ» կուսակցության լրատվականը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է. «Նոր ժամանակներ» կուսակցության լրատվական ծառայությունն Արամ Կարապետյանի անունից հայտարարում է, որ հիշյալ լրատվամիջոցներին տրամադրված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Մենք, իհարկե, գոհ ենք, որ հատկապես Սերժ Սարգսյանի թիմակիցները մազաչափ անգամ չեն կասկածում ՆԺԿ նախագահի տղամարդկության ու քաջության վրա, սակայն իրենց ստոր աշխատանքային մեթոդներն ու պահվածքն Արամ Կարապետյանին վերագրելը համարում ենք քաղաքական անառակության դրսեւորում: Հայտնում ենք, որ Արամ Կարապետյանը այցելել է մի շարք ընտրատեղամասեր եւ իրեն պահել է շատ կոռեկտ, իսկ նրա բոլոր գործողությունները կրել են օրինական բնույթ, ինչն արձանագրվել է նրա կողմից այցելած բոլոր ընտրատեղամասերում: Հայտնում ենք նաեւ, որ ՆԺԿ նախագահը դիմելու է Գլխավոր դատախազություն, որպեսզի պարզվի, թե ո՞վ է հիշյալ տեղեկատվության մեջ նշված անանուն վստահված անձը, եւ թե ի՞նչ ճանապարհներով է նման ստահոդ տեղեկատվությունը տրամադրվել հիշյալ լրատվամիջոցներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել