Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՕՄ-Ի ԿԱՆԱՅՔ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՀՀԿ ՈՒ ՀՀՇ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Փետրվար 17,2008 00:00

\"\"Եվ խաղաղության երթի ժամանակ քարոզեցին Վահան Հովհաննիսյանին

Երեկ «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց հասարակական բարեսիրական կազմակերպությունը երթ էր կազմակերպել, որին մասնակցում էին կանանց շուրջ 17 հասարակական կազմակերպություններ: «Ոչ ընտրակաշառքին», «Ոչ գետնաքարշ իշխանատենչությանը», «Ոչ ընտրակեղծիքին», «Կանգ առեք, եղբայրներ», «Պարկեշտություն, խաղաղություն, կայունություն» կարգախոսներով եւ ազգային արժեքներին հղումներով ճառի ներքո կանանց բանակը ԵՊՃՀ-ի մոտից շարժվեց դեպի Լեւոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբներ եւ երթն ավարտեց ՀՅԴ գերագույն մարմնի գրասենյակի մոտ: Երթի մասնակիցները ուղերձ էին պատրաստել, որն էլ հանձնեցին թեկնածուների շտաբների աշխատակիցներին: Չնայած ակցիայի մասնակիցների մեծամասնությունը «վահանական» էր, սակայն կային նաեւ այնպիսիները, որոնք պատահական էին հայտնվել երթում: Նրանցից ոմանք այնքան բարկացած էին, որ չցանկացան «Առավոտի» հետ երկար զրուցել, սակայն նրանցից մեկը հանձն առավ բացատրելու, թե որն է խնդիրը: «Մենք գիտեինք, թե Պոլիտեխնիկում Վահան Հովհաննիսյանի հետ հանդիպում է լինելու, մեզ զանգել, այդպես էին ասել: Հիմա հասկանում ենք, որ պիտի քարոզարշավի մասնակցենք: Ախր անկուսակցական մարդիկ ենք: Այնքան է կյանքը վատացել, որ նույնիսկ մոռացել ենք, թե ինչ մասնագիտություն ունենք: Ժամանակին մաթեմատիկ-ծրագրավորող էի, իսկ հիմա՞… Այնքան ջղայնացած եւ վրդովված եմ, որ ուզում եմ տուն գնալ»,- առանց ներկայանալու ասաց մեր զրուցակիցը:

Այս դժգոհությունը «Առավոտը» փոխանցեց ՀՕՄ-ի ծրագրերի կոորդինատոր Աննա Մնացականյանին: «Բոլորը տեղեկացված են եղել երթի մասին: Իսկ եթե բանից անտեղյակ մարդիկ կան, ես ոչինչ չեմ կարող ասել: Երթին մասնակցում են մեր կազմակերպության անդամները Լոռիից, Արմավիրից, Շիրակից,- պարզաբանեց նա եւ հավելեց,- լուրջ գրգիռներ կան, որ ստիպել են մեզ հավաքվել, դա ատելությունն ու չարությունն է: Քանի որ ՀՕՄ-ը կանանց միություն է, իսկ կանայք ավելի խաղաղության են ձգտում, որոշել ենք հանդուրժողականության ու խաղաղության ուղերձ հղել հատկապես տղամարդկանց»: Ա. Մնացականյանից հետաքրքրվեցինք, թե խաղաղությունը, արդարությունը եւ այն արժեքները, որ իրենք դավանում են, ճիշտ չէ՞ր այլ կուսակցությունների կանանց միությունների հետ համատեղ քարոզել: Ա. Մնացականյանը պատասխանեց. «Երթի իմաստը ոչ թե Վահան Հովհաննիսյանի քարոզարշավն է, այլ խախաղության կոչը: Բոլոր կուսակցություններին էլ ուղերձ հղել ենք, գիտեին երթի մասին: Բայց քանի որ հիմա մեծ է մրցակցությունը, կարող է մտածել են՝ ինչո՞ւ մասնակցեն: Գուցե այլ կուսակցությունների կանանց միություններին փառասիրությո՞ւնը թույլ չի տվել մասնակցել մեր նախաձեռնած երթին»:

Չնայած երթի կազմակերպիչները հավաստիացրին, որ այն քաղաքական ենթատեքստ չունի, սակայն մասնակիցները խանդավառությամբ իրականացնում էին Լ. Տեր-Պետրոսյանի հակաքարոզչությունը: Ոմանք ասում էին, թե նա ժամանակին մարդկանց մեջ սպանել է հավատը, խորտակել շատերի երազանքները: Դաշնակցական Զարուհի Խաչատրյանն էլ «Առավոտին» ասաց. «Կարեւորը Լեւոնը չլինի երկրի նախագահ, որ մեր ժողովուրդը նորից հետ գնալու ճանապարհ չունենա, եւ երիտասարդները նորմալ պայմաններում ապրեն: Այդ տարիներին երեխաները արատներով էին ծնվում, այդ պատճառով էլ մեր ազգը հիվանդ է, ուստի մենք Վահանին ենք սատարում»: Մի մասնակից էլ ներկայացավ որպես դաշնակցական ընկերուհի եւ երկրի ներկայիս իրավիճակի մասին կարծիք հայտնեց. «Սա խուլիգանություն է, մարդկանց հրում են դեպի քաղաքացիական պատերազմ»: Մասիսի տարածաշրջանի զոհված ազատամարտիկների ընտանիքների միության նախագահ Անիկ Պետրոսյանն էլ երթը ուշացած համարեց. «Այս երթը պիտի կազմակերպեինք այն ժամանակ, երբ 6 տարեկան երեխաներին դասից կտրեցին, երբ 1 պարկ ալյուրի գինը դարձավ 12 հազար դրամ, երբ մայրը չէր կարողանում կերակրել իր երեխային: Այսօր արդեն շատ ենք ուշացել»: Չնայած բոլոր մասնակիցները քայլում էին, ՀՕՄ ատենապետ Ալվարդ Պետրոսյանը մեքենայով էր մասնակցում երթին: Սա շատերի դժգոհության առիթ դարձավ, խոսում էին, որ խտրականությունը հենց այդպիսի բաներից է սկսվում: «Առավոտը» զրուցեց նաեւ Ա. Պետրոսյանի հետ: Նա հայտնեց. «Մեքենայից չեմ իջնում, քանի որ ձախ կողմում 6 կոտրվածք ունեմ, որից 2-ը ոտքիս վրա է: Նոր չեն, իհարկե, բայց դեռ ցավում են»: Նրանից նաեւ հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչո՞ւ են ընտրել ՀՀՇ-ի եւ ՀՀԿ-ի թեկնածուների շտաբները: Տիկին Պետրոսյանը պատասխանեց. «Դրանք գաղափարախոսություն ունեցող ամենալուրջ ուժերն են եւ սպասվելիք ներքին լարումը այդ քաղաքական ուժերի հետ է կապված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել